Մասնագիտությունը անձ կերտող մի բան է

Մասնագիտությունը անձ կերտող մի բան է

453

Ես Մարի Ամիրխանյանն եմ՝ հոգեբան, «Ինքնորոշում» հաղորդաշարի հեղինակ-վարողը։ 

Երբ մենք նոր ենք մեր ուղին սկսում, մենք դեռ միանշանակ չենք պատկերացնում, թե ինչ է մեզ սպասվում ավելի ուշ՝ արդեն մեր  փորձի ընթացքում, ինչը շատ կարևոր է։ Դեռ շատ վաղ եմ  նախագծեր սկսել, առաջին կրթական նախագիծս կոչվում էր «Խաղում ենք հոգեբանություն», որի  նպատակն էր հոգեբանությունը ներկայացնել որպես գործիք, ոչ թե վերացական փիլիսոփայությանը մոտ ինչ-որ մի բան։ 

Նպատակս էր ստեղծել հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան կիսել ընդհանուր հետաքրքրություններ, և առհասարակ ինչ-որ օգտակար բան կլինի դրա մեջ բացի ուրախությունից, հանգստից ու ժամանցից, որը ավելի գերակշռող է մեդիայում։ Հաղորդաշարի պատմությունը գալիս է դեռ 2018 թվականից։ Ի սկզբանե նպատակն էր հենց մասնագիտական կողմնորոշման շուրջ ինչ-որ բան անել, որովհետև թեման ինձ բավականին հետաքրքիր էր դեռ ուսանողական տարիների։ Ուզում էի մասնագիտական կողմնորոշման շուրջ արդի մի նախագիծ ստեղծվի, որ մասնագիտության մեջ ճանապարհը նոր սկսող ուսանողներին, կամ ավագ դպրոցների աշակերտներին ուղղորդի այնպես, որ ցույց տրվի հենց փորձառու մասնագետների անցած ճանապարհը և օգնի մասնագիտությունը ներսից տեսնել։ 

Երբ 2019 թվականին  Լոֆթում նմանատիպ նախագիծ սկսեցի, այնտեղ Ալեքս Միրզոյանի հետ էի աշխատում։ Մտածում էինք, թե ինչ նախագիծ կարելի է սկսել, որ լինի պահանջված։ Այդ ժամանակ  հենց առաջ քաշեցի գաղափարը, որը ինձ հետ էր դեռ ուսանողական տարիներից, և որի իրականացման աշխատանքներում ինձ շատ օգնեց հենց Ալեքսը։ 

Երբ իմացա, որ  «Բուն»-ը 2022 թվականի հոկտեմբերից պատրաստվում է հեռարձակվել, գնացի իմ առաջարկով, որը և ընդունվեց։ Երբ սկսեցինք «Ինքնորոշում»-ը, արդեն որոշակի հիմք ունեինք հենց Լոֆթի շրջանից։ Հարց է, թե ինչո՞ւ հենց այս անունը ընտրվեց նախագծի համար։ Նախագծի անվանում ընտրելն առհասարակ դժվար է, բայց շատ լավ հիշում եմ, երբ մի առավոտ արթնացա, ու այդ բառը եկավ մտքիս՝ ինքնորոշում․ մասանգիտության ընտրությունը անձի կողմնորոշումն է, որոշումն է, ինքնորոշումը։ 

Մինչև նախագիծը սկսելը տարբեր կերպ հարցումներ ենք անցկացրել սոցցանցերում, ըստ որի հասկացել ենք, թե որ մասնագիտություններից արժե խոսել։ Այդպես ես հասկանում էի, թե որ մասնագիտությունն է այսօր պահանջված։ Հարցումների արդյունքներով ընտրել ենք ամենաշատ հետաքրքրություն առաջացնողները: 

Իմ հյուրերին ընտրում եմ տարբեր հարցումների միջոցով ընկերների, ծանոթների շրջանում, ինչը Հայաստանում բավականին հեշտ է։ Ասելիք ունեցող մասնագետները, որոնք նաև նրբորեն զգում են ոլորտը, այդքան էլ շատ չեն, և պետք է շատ մարդկանց հարցնել, ու հաստատ կգտնես նրանց։

Ըստ իս, որպիսի հաղորդումը յուրահատուկ դառնա, որևէ հատուկ բան անել պետք չէ, պարզապես պետք է լավ գաղափար, որը օգուտ կբերի։ Սրանք արդեն իսկ նյութը կդարձնեն պահանջված։ Քանի որ, այն օգուտ է բերում, իր բնույթով եզակի է, իսկ մասնագետները պրոֆեսիոնալ են․ ավել բան պետք չէ։ 

«Ինքնորոշում» հաղորդումը իր բնույթով ամբողջությամբ ուսուցանող է։ Մենք չունենք նպատակ, որ ինչ-որ մարդ ընտրի ինչ-որ մասնագիտություն։ Մեր նպատակն է ինչ-որ մասնագիտություն ներկայացնել և՛ դժվար տեսանկյունից, և՛ վատ ու լավ կողմերից։ 

Նպատակն է, որ մասնագիտությունը օբյեկտիվ ներկայացվի։ Ամենաբարդը լավ մասնագետ գտնելն ու նրա հետ նկարահանումների օրն ու ժամը հարմարեցնելն է։ 

Հաղորդման հիմնական ասելիքն այն է, որ մասնագիտական կողմնորոշումն անկախ սեռից ու տարիքից մեր կարևորագույն խնդիրն է մեր։ Մեր ընտրած մասնագիտության հետ մենք անցկացնում ենք ավելի շատ ժամանակ, քան մեր ընտանիքի, ընկերների ու հոբբիների հետ։ Կարելի է ասել, որ մենք մասնագիտություն ընտրելիս դիմակ ենք ընտրում, և ասելիքս հաղորդման մեջ այն է, որ մարդ հնարավորինս ճիշտ ընտրություն պիտի  կատարի, որովհետև սա անձ կերտող մի բան է։

Տաթև Ալիխանյան

4-րդ կուրս

Կիսվել