Հայկական արվեստի տարածումը` Artistic-ի գլխավոր նպատակ

Հայկական արվեստի տարածումը` Artistic-ի գլխավոր նպատակ

653

Artistic-ը ներկայացնում է ձեռագործ աշխատանքներ, որոնք պատմում են հայկական արվեստի ու մշակույթի մասին: Էսքիզների միջոցով՝ հագուստի, շարֆերի և այլ աքսեսուարների վրա ստեղծվում են փոքրիկ պատմություններ, որոնցից յուրաքանչյուրը նոր շնչով է ներկայացնում հայ մշակույթը: Artistic-ի հիմնադիր Լիլիա Ղալեչյանի հետ փորձել ենք բացահայտել Artistic-ի փոքրիկ աշխարհը:

Գաղափարի ծնունդը

Արվեստի հետ առնչություն ունեցող ամեն ինչ ինձ գրավել է: Նկարել միշտ եմ սիրել, սակայն լրջորեն սկսել եմ զբաղվել տասնվեց տարեկանից: Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց առավել հմտանալ կիրառական արվեստում։ Հետո որոշեցի աշխատանքներս ներկայացնել հանրությանը։ Ստացվեց այնպես, որ հաճելին մեկտեղվեց օգտակարի հետ, և ստեղծվեց Artistic-ը: Հատկապես ուրախալի է, որ հնարավորություն ունեմ սիրելի աշխատանքի շնորհիվ գումար վաստակել։

Անվան պատմությունը

Անվանումն ընտրել ենք շատ պատահական: Քույրիկիս հետ բազմաթիվ տարբերակներ էինք մտածում, ծրագրեր մշակում: Երկար քննարկումներից հետո հաղթեց Artistic անունը: Այն ինձ համար շատ յուրահատուկ ու նշանակալից է:

Անվանումն ամենալավն է բնութագրում այն, ինչ ես փորձում եմ ստեղծել:

Առաջին աշխատանքը

Առաջին աշխատանքս եղել է «Խորոտիկ» գրվածքով գունավոր պատկերը, որն ինձ համար շատ-շատ կարևոր է: Ե´վ դիզայնը, և´ միտքն ամբողջությամբ հեղինակային են: Սա այն գործն է, որն ասես բացել է իմ երազանքի ճանապարհն ու ազդարարել սկիզբը։ Հենց «Խորոտիկ»-ով Artistic-ին սկսեցին ճանաչել ու սիրել (ժպտում է,- հեղինակ):

Ոգեշնչման աղբյուրը

Ամեն ինչից կարելի է ոգեշնչվել՝ համալսարանից, մարդկանցից, եղանակից, երաժշտությունից, գրքերից, քաղաքներից: Նույնիսկ ամենաաննշան թվացող դետալներն ու երևույթները, որ շատ հաճախ կարծում ենք՝ անկարևոր են, զարգացնում են ստեղծագործական միտքն ու օգնում ստանալ այն, ինչին ձգտում ենք: Շատ կարևոր է նաև, թե որ տեսանկյունից ես նայում որևէ իրադարձության կամ երևույթի։ Հարկավոր է գեղեցիկը արագ նկատել ու ստացած էմոցիաները փոխանցել մարդկանց։

Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի գույները

Բոլոր ժամանակների իմ ամենասիրելի նկարիչը Մինասն է: Նրա կտավները ես, կարծես, ամբողջությամբ զգամ: Նկարչի գույները շատ հոգեհարազատ են ինձ: Հնարավոր է` այլ աշխարհահռչակ արվեստագետների գործերն ինձ այնքան սրտամոտ չլինեն, որքան՝ Մինասինը: Իր գունապնակից կառանձնացնեմ կարմիր գույնը: Նա կարմիրի բոլոր երանգները հրաշալի կերպով է օգտագործում կտավներում:

Սարյանի ոճն եմ սիրում, այն ոճը, որով ցույց է տալիս ու պատմում է Հայաստանի մասին: Գրեթե միշտ պայծառ գույներով, ուրախ ու տաք տեսարաններով: Հետևելով իմ սիրելի արվեստագետների սկզբունքներին` ես նույնպես ձգտում եմ օգտագործել վառ ու տաք գույներ և Հայաստանը ներկայացնել միմիայն իրեն արժանի երանգներով:

Հայկական զարդանախշերը

Հայկական զարդանախշերն աննկարագրելի խորն ու հետաքրքիր են: Ամեն մի սիմվոլ ունի իր յուրահատուկ նշանակությունը, որը գալիս է դարերի խորքից: Դրանք ուսումնասիրելը, կիրառելը շատ ողջունելի են: Հատկապես սիրում եմ, երբ այդ զարդանախշերը կիրառվում են շարֆերի կամ այլ աքսեսուարների վրա:

Հայկական զարդանախշերը պատմում են՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և որքան հարուստ մշակույթ ու պատմություն ունենք։

Artistic-ի նպատակը

Այժմ կարող եմ ասել, որ Artistic-ի առաջնային ու գլխավոր նպատակը հայկական արվեստի տարածումն է` բոլոր հնարավոր տարբերակներով:

Հագուստի վրա դետալները շատ ավելի տեսանելի ու գրավիչ են: Հենց այդ պատճառով էլ ընտրել եմ այս տարբերակը: Հնարավոր է՝ սա առիթ լինի նաև ավելի խորը ուսումնասիրելու հայկական արվեստն ու հայ նկարիչներին: Artistic-ը նաև նպատակ ունի իրական դարձնել մարդկանց գաղափարները։ Առհասարակ նկարչությունը հնարավորություն է ընձեռում տեսանելի դարձնել մեր բոլոր պատկերացումները, և այս ճանապարհն ինձ համար ամենահաճելին ու պարտավորեցնողն է։

Անի Հարությունյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ Artistic-ի արխիվից

Կիսվել