Մեծն Շանսոնյեն

Մեծն Շանսոնյեն

564

Նա մի մասունք է՝ մնացած հայի ամենացավոտ էջերից… Շահնուրից՝ Շառլ։ Տարիներ անց Շառլ դե Գոլը նրան պիտի ասեր՝ «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»։ Եվ իսկապես… անուն, որ չի մոռացվում, և  չի փոխարինվում։

Լավագույն օրինակ, որ իրական տաղանդը երբեք աննկատ չի մնում։ Նա ոչնչից կերտել է ինքն իրեն։ Ի հեճյուկս «տգեղ» ու «անտաղանդ» պիտակների՝ այս փոքրամարմին մեծությունը անցել է դժոխային դեբյուտ։

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են և ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»,- գրում է հենց ինքը՝ Ազնավուրը։

Հանրությունը սուլոցներով էր ճանապարհում նրան, լրագրողները՝ ծաղրում արտաքինը, բայց նա նորից ու նորից բեմ էր բարձրանում, մինչև ստիպեց աշխարհին լսել իրեն։ Երբ ոչ ոք չկար, որ հավատար իրեն, հենց այս չարախոսները մղեցին նրան՝ դառնալու այն մարդը, ում այժմ գիտի ամեն ոք։

«Հայոց սոխակը փարիզում», «լեգենդ», «յուրահատուկ, կախարդական, անմահ», «վերջին հսկան»… Ահա թե ինչպես է բնորոշում աշխարհը մեծն մաեստրոյին։

Շանսոնյեն առաջիններից էր, որ դիմեց քթի պլաստիկ վիրահատության։ Ոչ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ իր փոխարեն դա արեցին։ Դիմողը Էդիթ Պիաֆն էր։ Նրանք շատ մտերիմ էին։

«Շա՛ռլ, ահավոր քիթ ունես, հա, հա, բանի պետք չէ. այն չափազանց երկար է, անհրաժեշտ է շտապ ինչ-որ բան ձեռնարկել». և ձեռնարկեց։ Միայն վիրահատությունից ժամեր առաջ Պիաֆը նայեց Շառլին ու ասաց. «Գիտե՞ս, մյուս կողմից էլ մտածում եմ՝ կարծես այնքան էլ վատը չէ քիթդ»։ Բայց արդեն ուշ էր։

Այս անսահման բարությամբ ու ազնվությամբ օժտված մարդու փայլն ու կոկիկությունը, խոհամտությունն ու ծանրակշռությունը հիացմունքի առարկա են եղել միշտ։ Բեմից՝ գրեթե միշտ սևով, բայց ոչ սևի միջից։ Մի անգամ, երբ հարցրին նրան, թե ինչու է սև հագուստ կրում, կատակեց՝ «Այդպես քիչ է երևում, որ շորերս այնքան էլ մաքուր չեն»։

Ֆիլմ, գրիչ, նոտաներ… Միևնույն է, բեմի նժարն ավելի ծանր է։ Նա շուրջ հազար երգի հեղինակ է։ Մի առիթով Սեմ Յունիորը, ով վարպետորեն նմանակում էր մի շարք մեծությունների ձայնն ու արտիստիզմը, հրաժարվել է նմանակել Ազնավուրի կատարումը՝ մեկնաբանելով, որ Ազնավուրի երգերը նրա արտաքին կերպարն են։ Եթե փորձի նմանակել Ազնավուրին, հանդիսատեսն իրեն չի հավատա։ Ազնավուրը ծիծաղ չի ընդունում։

Շանսոնյեն միշտ ձգտում էր դեպի իր հանդիսատեսը, սիրում խոսել հանդիսատեսի լեզվով։ Սա էր պատճառը, որ նա յոթ լեզվով էր երգում։

Բեմը՝ իրենը, ինքը՝ բեմինը։ Այստեղ չկան սահմաններ. ինքն է իր անբռնազբոս զգացմունքներով, մերկ էությամբ ու հախուռն հույզերով։ Ու թեև չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին անվանում, միևնույն է, նա եղել է ու միշտ կմնա այդպիսին:

Անի Վարպետյան

2-րդ կուրս

Կիսվել