ԿԱՄԱՐԻՍԻ ԽԱՉՔԱՐԸ ՈՐՊԵՍ ՍԻՐՈ ԱՊԱՑՈՒՅՑ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ

ԿԱՄԱՐԻՍԻ ԽԱՉՔԱՐԸ ՈՐՊԵՍ ՍԻՐՈ ԱՊԱՑՈՒՅՑ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ

2704

Կոտայքի մարզի Կամարիս համայնքում հաճախ չես տեսնի մարդաշատություն: Մարդիկ աշխատում են, զբաղվում առօրյա գործերով: Բայց 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան քառօրյա պատերազմը խաթարեց նաև Կամարիսի խաղաղ կյանքը: Պատերազմում հերոսաբար զոհվեց  Կամարիս գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը: Մեկ տարի անց 2017 թվականի հունիսի 11-ին Ազատի հայրենի գյուղում բացվեց նրա անունը կրող հուշարձան-խաչքարը: Այն բացվեց այն ճանապարհի կողքին, որով ընդամենը 2 տարի առաջ Ազատը ամեն օր դպրոց էր գնում:

«Ազերինների նենգ ցանկությունները միշտ էլ փշրվում են մեր 18-20 տարեկան երիտասարդների ոտքերի տակ: Այդպես եղավ նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ,- բացման խոսքով հանդես եկավ Կամարիս համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամայիս Ենոքյանը,- Մեր տղերքը զենքը ձեռքներին կռվեցին մինչև վերջ, կռվեցին և զոհվեցին, կռվեցին և անմահացան: Այդ երիտասարդներից մեկն էլ Ազատ Սիմոնյանն էր: Հենց այդ հերոսների հիշատակին է նվիրված այս հուշարձան-խաչքարը»:

Հուշարձանը կառուցվել է վարպետ Ժորա Եղիազարյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, կառուցման աշխատանքներին օժանդակել է Կամարիսի ողջ համայնքը՝ համայքապետ Գոռ Հակոբյանի ղեկավարությամբ:

Հուշարձան-խաչքարի բացմանը ներկա էին Ազգային Ժողովի պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Համլետ Հայրապետյանը, Տեր Սարգիս քահանան, Ազատ Սիմոնյանի և շատ ուրիշ հերոսների ծնողներ ու հարազատներ:  Համլետ Հայրապետյանը խոնարհվեց հերոս տղաների մայրերի առաջ և շնորհակալություն հայտնեց  բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել էին  այս գործը.

«Այս խաչքարը դարձավ իրականություն: Այսօր այն վեր խոյացավ հավերժացնելով մեր Ազատին և իր մեջ ամփոփելով թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմի, և  թե՛ մեր մյուս պատերազմների հերոսների անմահ հոգիները,- ասաց  Հայրապետյանը»:

Հենց Ազատ Սիմոնյանի ընտանիքն էլ կատարեց հուշարձան-խաչքարի հանդիսավոր բացման արարողությունը: Տեր Սարգիս քահանան օրհնեց Խաչքարը և աղոթք կարդաց մեր հերոսների հոգիների հանգստության համար: Խաչքարի նախագծի հեղինակ Ժորա Եղիազարյանը ասաց, որ իր աշխատանքով նպատակ է ունեցել հավերժացնելու և անմահ պահելու Ազատի ու մյուս հերոսների հիշատակը:

Երկրապահ կամավորական միության նախագահի հրամանով Համլետ Հայրապետյանը  վարպետ Ժորային պարգևատրեց ԵԿՄ պատվոգրով, հուշամեդալով պարգևատրվեց Կամարիսի համայնքապետ Գոռ Հակոբյանը:

Ազատի կրտսեր ընկերները, ովքեր դեռ սովորում են դպրոցում, սակայն արդեն ընտրել են մարտիկի ուղին, նույնպես անակնկալ էին պատրաստել հավաքվածների համար: Նրանք իրենց երգով ու ասմունքով, մարտաշունչ խոսքերով հուզեցին ներկաներին: Կարծես կարոտի ու միևնույն ժամանակ հպարտության շունչն էր համակել ներկաներին:

«Մեր հերոսները զոհվեցին հանուն խաղաղության, հանուն նրա, որ իրենց ծնողները հպարտանան: Հարգելի ծնողներ դուք հպարտ ապրելու իրավունքն եք ձեռք բերել: Հավատացեք, որ այստեղ ամփոփված են ձեր հերոս զավակների հոգիները: Նրանց հոգիները, ովքեր մեր հավերժ ապրողներն են: Փառք մեր տղերքին:- Միջոցառումը եզրափակեց Համլետ Հայրապետյանը,- միջոցառումը եզրափակեց Համլետ Հայրապետյանը»:

Լիանա Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել