Գեղամա լեռների գրկում կյանք առած, ամպերի գողտրիկ մի անկյունում իր ուրույն տեղը գտած քաղաքիս լանջերը արևն է սիրով ջերմացրել ու սառնորակ ջրերով սերունդներ են սերել, քաղաքը պատել ազնիվ մարդկանցով: Հենց նրանց շնորհիվ է, որ տարիներ շարունակ խոսվել է նրա հյուրընկալության և համ ու հոտի մասին։ Մշտավառ օջախները բազմահազար հյուրեր են ընդունել և մեծ սիրով հյուրասիրել իրենց ամենահամեղ պատառներով։ Խոհանոցն հայտնի է անգամ Հայաստանի սահմաններից դուրս. հատկապես անկրկնելի քյուֆթան, փափուկ գաթան, մեղրածոր փախլավան, կարմիր ցորենից պատրաստված անուշաբույր հացը և անմահական փռի կարտոֆիլը կարող են շոյել ցանկացած քմահաճ համադամասերի քիմքը։
Քաղաքի կենտրոնում վեր է խոյանում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն իր անթերի կերտվածքով և աննկարագրելի հոգևոր ուժով գրեթե ամեն օր նոր մի ընտանիքի օրրան է դառնում։
Քաղաքն աչքի է ընկնում իր տասնյակ տաղանդավոր երեխաներով ու երիտասարդներով, ովքեր լրիվ նոր շունչ են հաղորդում և գնալով շենացնում իրենց ծննդավայրը։
Այս քաղաքի մասին խոսելիս անհնար է անտեսել օղիի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքը։ Մարդիկ սիրում են օգտագործել խմիչքը, հատկապես մեծ առիթների ժամանակ, և կապ չունի՝ մեծ ես, թե փոքր, աղջիկ, թե տղա։
Ազգային մշակույթի ազդեցությունը միշտ է եղել քաղաքում, և մի շարք անվանի մարդիկ ծնունդ են առել, ապրել և արարել են հենց այստեղ: Յուրաքանչյուր բնագավառ հետազոտելիս անմասն չի մնում իմ քաղաքը, իսկ բացթողումներն էլ լրացնում ու շենացնում ենք տաղանդաշատ քաղաքացիներով։
Անի Չանդոյան
2-րդ կուրս