Քաղաքի աղբն ու աղբահանությունը՝ իր հետևանքներով

Քաղաքի աղբն ու աղբահանությունը՝ իր հետևանքներով

573

Ճապոնիայում թափոնները սկսել են վերամշակել 11-րդ դարից։ Աղբը տեսակավորելու համար յուրաքանչյուր գերմանացի տանը մի ամբողջ պահարան է հատկացնում։ Շվեյցարիայում առանձին վերամշակվում են չորացած տերևներն ու ճյուղերը, փողոցի փոշին, ցերեկային լապտերները և այլ «չվերամշակվող» առարկաներ:

Աշխարհը վաղուց է սկսել պայքարել աղբի դեմ։ Համաշխարհային պրակտիկայում հիմնական մոտեցումը հիմնված է աղբի քանակի կրճատման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև երկրորդային օգտագործման խրախուսման մոտեցումների վրա:

Իսկ Հայաստանում, մասնավորապես Երևանում աղբը և աղբահանությունը շարունակում են մնալ ամենաքննարկվող և վերջնական լուծում չստացող խնդիրներից։

ՀՀ–ում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը ընդունվել է դեռևս 2011 թվականի հունիսի 23–ին։ Այն կարգավորում է մեր երկրում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, վճարը, դրույքաչափերը։ Ավելի պարզ՝ օրենքը սահմանում է ամեն ինչ կապված աղբահանության հետ, սակայն այն չի կարգավորում վտանգավոր թափոնների հետ կապված հարաբերությունները և աղբահանություն պատշաճ իրականացումը։

Երևանի աղբահանությամբ զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, որը ստեղծվեց 2019-ին։ Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ապահովումն է:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով` ստեղծման օրվանից մինչ օրս հիմնարկը տարբեր ժամանակահատվածներում փուլ առ փուլ համալրվել է տեխնիկայով, և այսօր առկա է ընդհանուր թվով 120 միավոր տեխնիկա ՝աղբատար, փոշեկուլ, տրակտորներ, ինքնաթափ եւ բազմաֆունկցիոնալ մեքենաներ: Ըստ նրա՝ համայնքի ստեղծման շնորհիվ տարեց-տարի աղբահանության աշխատանքները և դրա արդյունքները ավելանում են։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշում է՝ 2022 թվականին աղբը մայրաքաղաքում շատացել է զբոսաշրջիկների պատճառով ևս։ 2020-21 թվականներին քովիդի հետ կապված որոշակի սահմանափակումներ էին գործում, և սննդի որոշ կետեր չէին աշխատում, այդ ժամանակ աղբը քիչ էր։ Հիմա, զբոսաշրջիկների մեծ հոսքով պայմանավորված, սննդի կետերը լեփ-լեցուն են մարդկանցով, որից էլ աղբը ավելի շատ է։

Մեկ այլ խնդիր է շինարարական աղբը, մշտապես կանաչ աղբամանների կողքին շինաղբ է հայտնվում։ Կամ մարդիկ իրենց վերմակը, ներքնակները, զուգարանակոնքն են դնում աղբամանների կողքին։ Անգամ դնում են աղբամանների մեջ, բայց երբ մեր աշխատակիցները գալիս են աղբը հավաքելու, չեն տեսնում, թե ինչ կա դրա մեջ, և բարձրացնելուց այդ ծանրությունից աղբարկղը կոտրվում է, նաև կարող է վնասվել մեքենան։ Քաղաքապետարանը վերջերս շինաղբը հավաքելու համար առանձին մեքենաներ է հատկացրել։ Մեր աղբամանները միայն նախատեսված են կենցաղային աղբի համար։

Նրա խոսքով խնդիրը հիմնականում բնակչության ոչ մաքրասեր լինելու մեջ է. որտեղ սուրճի սարքեր կան, դրանց մոտակայքում ամբողջը սուրճի բաժակներ են, ծխախոտի մնացորդներ։ Ամեն օր մաքրելով՝ չենք կարող աղբից ազատել մայրաքաղաքը. պետք է բնակչությունը ևս չաղտոտի։

Կենտրոն վարչական շրջանի բնակչուհիներից Սաթենիկը մշտապես դժգոհում է աղբից և ոչ պատշաճ աղբահանությունից. Նար-Դոս ու Վարդանանց փողոցները կարծես մոռացված լինեն, երբեք պատշաճ չեն մաքրվում, աղբամանների կողքին օրերով մեծ քանակությամբ շինաղբ է հավաքվում, անգամ փակվում է ճանապարհը, չենք կարողանում անցնել: Ավելի մեծ խնդիր է Գումի շուկայի շրջակայքը, այնտեղ աղբամանները լցված են մսի և այլ աղբի մնացորդներվ, հաճախ հոտի պատճառով դժվար է անգամ անցնել այնտեղով: Նրա կարծիքով այս խնդրի լուծումը հավասարապես կախված է և՛ բնակիչներից, և՛ քաղապետարանից: «Պիտի ուղղակի շատ սիրենք մեր քաղաքը ու վերաբերվենք մեր իսկ տան նման»,- ասում է տիկին Սաթենիկը:

Բնակչության շրջանում օնլայն հարցում իրականացրեցինք աղբահանության խնդրի հետ կապված, արդյունքում հարցման մասնակիցներից 76 տոկոսը կանայք են, 26-ը՝ տղամարդիկ, խնդիրը ըստ հարցման մտահոգում է 20-ից բարձր տարիքային խմբին, նրանցից 36 տոկոսը կարծում է, որ իր բնակության վայրում առկա է աղբահանության խնդիր, սակայն միայն 29 տոկոսն է դիմել լուծման համար, հիմնականում, ըստ նրանց, կա՛մ լուծում չի տրվել, կա՛մ կարճ ժամանակում նորից խնդիրն առաջացել է։

Աղբի հասցրած վնասի մասին բազմիցս ահազանգում են և՛ բնապահպանները, և՛ բժիշկներն ու էկոլոգները։

Մասնավորապես աղբանոցների մասով նշվում է, որ տեղի ունեցող ներքին պրոցեսների ու տեղումների հետևանքով  առաջանում են թունավոր միացություններ, որոնք թունավորում են ջուրը, կոշտ թափոնների տարրալուծման աստիճանական գործընթացը բերում է վտանգավոր քիմիական և ախտածին նյութերի կուտակմանը, իսկ այդ հողը պիտանի չէ անվտանգ օգտագործման համար: Արևի ճառագայթների ազդեցության տակ մթնոլորտ են բաց թողնվում կուտակված աղբից առաջացած տարբեր տոքսիններ և գազեր: Գոլորշիներով արձակված տոքսինները տարածվում են քամու միջոցով և աղտոտում օդը։ Աղբը և աղբանոցները նաև  բազմաթիվ մարսողական, մակաբուծական հիվանդությունների բռնկման աղբյուր կարող են հանդիսանալ։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել