«Սամվելի մասին անցյալով չենք խոսում․ նա միշտ մեզ հետ է»

«Սամվելի մասին անցյալով չենք խոսում․ նա միշտ մեզ հետ է»

420

2020 թվականի չարաբաստիկ պատերազմի հետևանքով անհամացած փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրական տան բոլոր անկյունները սամվելական են։  

«Ամեն անկյունում նա է։ Միշտ մեզ հետ է, մեր կողքին,- ասում է Սամվելի հայրը՝ փոխգնդապետ Սուրեն Սահակյանը,- Սամվելի մասին անցյալով չենք խոսում»։

«Էներգիայով լի երեխա էր, առույգ ու աշխույժ,- լուսանկարները ցույց տալով՝ պատմում է տիկին Ալվարդը՝ Սամվելի մայրը,- չարաճճի մի բան կաներ, իսկ հետո այնպես կնայեր, որ չկարողանաս բարկանալ»։

Նժդեհյան գաղափարախոսությամբ մեծացած Սամվելը, բնական է, ընտրելու էր հայրենիքին ծառայելու դժվարին և պատասխանատու գործը։  15 ամյա Սամվելը որոշում է ուսումը շարունակել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Վիճակահանության արդյունքում պետք է ծառայեր Կապանի քաղաքային զորամասում։ Երկու տարի ծառայելուց հետո իր որոշմամաբ դիմում է գրում այն ժամանակ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին, որ ծառայությունը շարունակի Արցախում։ Իր դիմումին համաձայն՝ ծառայության է անցնում Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչական կենտրոն Քարվաճառում։  

«Քարվաճառից եկավ ու գնաց Սյունիք, բարձրացավ Խուստուփ լեռը, որպեսզի գտնի Նժդեհի գերեզմանը  և մաքրի այն։ Մի քանի օր անընդհատ աշխատեց, մաքրեց ամեն տեսակ ժանգից, խոտից և հանգիստ սրտով վերադարձավ Քարվաճառ՝ ծառայությունը շարունակելու,- պատմում է հայրը և ցույց տալիս Սամվելի նկարը Նժդեհի գերեզմանի կողքին․- անչափ նժդեհասեր ու նժդեհաոճ էր Սամվելը։

Սամվելը մասնակցել է 2016 թվականի քառօրյա պատերազմին, եղել ամենավտանգավոր կետերում։ Ծառայության 13 տարիներից 10-ն անց է կացրել առաջագծում՝ թշնամուց 200-500 մետր հետավորության վրա: Վերջին երկու տարիներին փոխգնդապետը՝ որպես հրաձգային գումարտակի հրամանատար, ծառայում էր Ջաբրայիլում (Ջրական)։

 «Ես փոխգնդապետի կոչումին արժանացա մոտ 60 տարեկանում, իսկ իմ որդին՝ 29-ում»,- ասում է Սամվելի հայրը։ Սամվելն արժանացել է նաև բազմաթիվ պատվոգրերի, գովասանագրերի և մեդալների։

Փոխգնդապետի համար կարևոր է եղել միշտ լինել ֆիզիկական լավ վիճակում, և նա միշտ զբաղվել է սպորտով։ Այժմ նրա սպորտային պարագաները խնամքով պահվում են հայրական տանը այլ իրերի հետ միասին։ 

«2020 թվականին Սամվելը արձակուրդի մեջ էր, սակայն հենց իմացավ, որ պատերազմ է սկսվել, արագ ճանապարհվեց իր զինվորների մոտ։ Իր գնդի առաջին զոհն էլ ինքը եղավ»- պատմում է հայրը։

Զինվորներից մեկի կողմից փոխգնդապետի նկարն է պատկերվել շենքի պատին։

Մերի Անտոնյան

2-րդ կուրս

Կիսվել