«Լրագրողի տեսակն ուրիշ է». Անի Զաքարյան

«Լրագրողի տեսակն ուրիշ է». Անի Զաքարյան

1719

Հարցազրույց լուրերի մեկնաբան Անի Զաքարյանի հետ  

Անի ջան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար, և առաջին հարցս գիտեմ, որ Դուք մասնագիտությամբ լրագրող չեք, բայց աշխատում եք որպես լուրերի մեկնաբան։ Կպատմե՞ք՝  որտեղից  եք սկսել։  

-Սովորել եմ նախ ֆինանսաբանկային քոլեջ-հիմնադրամում, ու թվում էր, թե ես ֆինանսիստ պիտի դառնայի, բայց ոչ, 24 տարեկանում որոշեցի ընդունվել ԵԹԿՊԻ՝ Թատերական ինստիտուտ, դերասանական-հաղորդավարական բաժին: Որոշումը կայացրել եմ իմ շատ սիրելի Աննա Հեքեքյանի շնորհիվ: Եվ երբ իմացա, որ ընդունվել եմ, այն էլ անվճար, միայն այդ ժամանակ եմ հայտնել ծնողներիս, որ դիմել և ընդունվել եմ ԵԹԿՊԻ: Եվ եթե մինչ այդ ընտանիքս միշտ բացասական վերաբերմունք է ունեցել Թատերական ինստիտուտ գնալուս վերաբերյալ, ապա այդ օրն այլևս որոշված էր ամեն ինչ, և նրանց մնում էր միայն շնորհավորել ինձ։

Իսկ դերասանական գործունեություն ծավալե՞լ եք։  

-Շատ են տալիս այս հարցը: Ես ինձ երբեք չեմ համարել դերասանուհի, բայց եղել են էպիզոդիկ տեսարաններ ֆիլմերում և գովազդներում, որտեղ նկարահանվել եմ մինչև լրատվական մեկնաբան դառնալս: Բայց քանի որ այդ տեսարաններն այնքան էլ աչքի զարնվող չեն եղել, և ես դերասանուհի դառնալու միտում էլ չունեի, ուստի Աստված ցույց տվեց լավագույն ճանապարհն ինձ համար, թեև շատ բարդ է եղել, որովհետև քաղաքականության և լրագրության հետ 0 կապ ունեի մեկնաբանի աշխատանքն սկսելու պահին:  

Բացի Հանրային հեռուստաընկերությունից նաև այլ հեռուստաընկերություններում եք աշխատել։ Կհիշեցնե՞ք։  

-Դաշտում եմ 2012 թվականից: Սկզբում Արմենիա հեռուստաընկերությունում եմ աշխատել․ առավոտյան ծրագրում 2 էջ ունեի, հետո Արմնյուզում եղանակի տեսություն և Առողջապահության նախարարության հաղորդումն եմ վարել, «Ապրեցեք երկար» էր կոչվում: Այնուհետեւ Երկիր Մեդիայից ստացել եմ լրատվական ծրագրում մեկնաբան աշխատելու առաջարկ, որից հետո աշխատել եմ նաև 1in.am-ում՝ կրկին որպես լրատվական մեկնաբան, և 2019-ի հունվարից Հ1-ում եմ:

-Հե՞շտ է չունենալ լրագրողի մասնագիտություն, բայց աշխատել տվյալ ոլորտում։  

-Արդեն 7 տարի է, ինչ ոլորտում եմ: Շատերն ասում են, թե արդեն պիտի դարձած լինեի լրագրող, բայց ես իմ խոր ուսումնասիրության արդյունքում հասկացել եմ, որ դրա համար հատուկ տեսակ է պետք: Լրագրողի տեսակն ուրիշ է. այնպես, ինչպես նկարիչը պետք է ունենա նկարելու ձիրք, կամ երգիչը՝ երգելու, նույնկերպ լրագրողը պետք է ունենա համապատասխան հատկանիշներ ու ՁԻՐՔ, որպեսզի դառնա լրագրող: Ինձ շատ են օգնել սկզբունքային և նպատակասլաց լինելս, նորն արագ սովորելու և աշխատանքս պատրաատակամորեն կատարելու հատկանիշներս և, իհարկե, Երկիր Մեդիայի լրատվական բաժնի աշխատակազմը՝ Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ: Չեմ ուզում ասել, թե ինքս լրագրողական տաղանդից զուրկ եմ, բայց և այնպես որոշել եմ 3-րդ մասնագիտությամբ իրավագետ դառնալ: Ու հիմա սովորում եմ կամ փորձում եմ սովորել իրավագիտություն: Իհարկե, բարդ է և ժամանակ է պահանջում, իսկ ես աշխատող մայր եմ ու հիմա հայտարարում եմ, որ առայժմ միայն մակերեսորեն եմ հասցնում ուսումնասիրել իրավունքն ու օրենքը, բայց վստահ եմ, որ սա ԴԵՌ սկիզբն է։

Այսինքն նախատեսում եք առաջիկայում ակադեմիական կրթություն ստանալ և մասնագիտանա՞լ իրավագիտության ոլորտում։

-Հիմա արդեն Հյուսիսային համալսարանի 3-րդ կուրսում եմ սովորում: Հետագայում, հուսամ, մագիստրատուրա կկարողանամ գնալ և շարունակել կրթությունս՝ անգամ մինչեւ փաստաբանների պալատ։

-Հաջողություն եմ մաղթում, Անի ջան։ Ես ֆեյսբուքյան եւ ինստագրամյան հարթակներում հետևում եմ Ձեզ եւ գիտեմ,  որ գրեթե ամեն օր անդրադառնում եք հայերենում տարածված սխալներին։ Կխոսե՞ք մի փոքր էլ այս մասին։

-Հայերեն խոսքին շատ մանրամասն սկսել եմ ուշադրություն դարձնել դեռ դպրոցական տարիքից, երբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս ինձ ասաց, որ պիտի բանասիրական ֆակուլտետ ընդունվեմ: Ու ես մեծ հավատ ունեի, որ կկարողանամ: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չստացվեց բանասիրական ֆակուլտետ ընդունվելս ու սովորելս: Հետո ժամանակի ընթացքում մշտապես ուսումնասիրել եմ մեր լեզուն: Իսկ ԵԹԿՊԻ-ում ես ունեցա խոսքի 2 հրաշալի ուսուցիչ՝ Աննան Հեքեքյան ու Նազենի Հովհաննիսյան: Պարզ է, չէ՞, թե ինչ ազդեցություն կունենային նրանք ինձ վրա Թատերականում սովորելուս 4 տարիների ընթացքում: Եվ եթե մի ժամանակ համեստորեն կարող էի լռել աղավաղված հայերենը լսելիս, հիմա այլեւս չեմ լռում: Սա դարձել է իմ օրվա կարևոր մասերից մեկը: Նշեմ, որ ինքս էլ եմ այդպիսով սովորում և միայն սովորեցնելով չեմ զբաղված։ Ի վերջո ես ոչ թե որպես ուսուցիչ եմ հանդես գալիս, այլ զուտ որպես մի հայուհի՝ ՀԱՅՈՒՀԻ ՄԸ։ Հավելեմ, որ կոնկրետ համացանցային գործունեությունս ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի: Հուսամ՝ այն շարունակական կլինի, և արդյունքն անպայման կտեսնենք մի օր։  

Ես էլ հույս ունեմ, որ արդյունք անպայման կլինի, որովհետև տեսնում եմ Ձեր հետևողական աշխատանքը։ Բայց հիմա նաև իրավունքին և օրենքին եք անդրադառնում համացանցում։ Անդրադարձն էլի ուսուցողական բնո՞ւյթ ունի։

-Այս դեպքում էլ՝ երկուսը մեկում: Եւ նաև ինքս ինձ ավելի պարտավորեցնելու, մոտիվացնելու համար գուցե։

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել