Նկարիչ Գևորգ Սարգսյանը՝ արվեստագետների արդի խնդիրների, իր մանկության և «ոչ» պատահական հանդիպման...

Նկարիչ Գևորգ Սարգսյանը՝ արվեստագետների արդի խնդիրների, իր մանկության և «ոչ» պատահական հանդիպման մասին

418

Նկարիչների միության 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին Գևորգ Սարգսյանը ցուցադրված կտավ չունի․ ուշ է իմացել․
«Կարող է ես երկար ժամանակ չգնամ միություն, չիմանամ։ Հետո 3 օր էր մնացել, որ իմացա։ Ես ցուցահանդես դրել էի Թումանյանի թանգարանում օգոստոսի 27-ին։ Էդ գործերս լրիվ փաթեթավորել էի շրջանակներով, ամեն ինչով։ Որ նորն է արվում, նորից ծախսեր են՝ շրջանակ և այլն։ Պատահում է՝ հենց այդ պատճառով էլ չենք մասնակցում ցուցահանդեսներին»։

Հարցիս, թե ով է ֆինանսավորում ցուցահանդեսները, զրուցակիցս պատասխանում է․ «Ամեն ինչ արվում է մեր ուժերով։ Ասենք, ես կարող եմ չմասնակցել միայն այն պատճառով, որ շրջանակ չունեմ, որովհետև, ենթադրենք, ես ստանում եմ 38000 դրամ թոշակ, պիտի տամ շրջանակ գցեմ, բերեմ, մասնակցեմ։ Կարող է չմասնակցեմ զուտ դրա պատճառով։ Էդպես, հասարակ պատճառ լինի, որ նկարիչը չմասնակցի կամ պասիվ լինի։ Դե, արվեստը պիտի մարդկանց ապահովի, որ մարդ ազատ ստեղծագործի։ Ինչ-որ կոպեկներով ինչպե՞ս կարող ես ապրել և քեզ լավ զգալ»։
– Իսկ ի՞նչ ժանրով եք ստեղծագործում։

– Հիմա ավելի շատ աբստրակտ։ 

– Կա՞ն նոր ցուցահանդեսներ կազմակերպելու պլաններ։

– Քանի որ ես 77 գործ էի ցուցադրել, ու շրջանակներն արդեն պատրաստ էին, պատրաստ վիճակում ցանկացած տեղ կարող էի ցուցադրել, գումարային ծախս չկար։ Առաջարկել էին ինձ Ջոտտոյի թանգարանում, չարեցի, որովհետև այնտեղ սրահը չի ջեռուցվում, շատ սառն է, բայց մայիսին եղանակները տաքանան՝ անպայման կլինի։

– Կխոսե՞ք նկարների պահպանման հատուկ պայմաններից, ի՞նչ սխալներ են թույլ տալիս մարդիկ։  

– Օրինակ՝ հաճախ մարդիկ թղթի վրա արված գրաֆիկան տանում, արևի տակ կախում են։ Արևը թուղթը միշտ փչացնում է, իսկ սովետական կտավներն ավելի բնական էին․ կարող է կախեինք, արևից, խոնավությունից ճաքեր, փչանար։ Սրանք (նոր կտավները) ավելի սինթետիկ են ու շատ դիմացկուն։

– Ունե՞ք կտավներ, որոնք փչացել են։

– Շատ-շատ։ Ի դեպ, երբ Սովետական միությունը քանդվեց, էդ դժոխային տարինեին՝ պատերազմի տարիներին, երբ լույս չկար, ջերմություն չկար, մեր պատկերասրահում ահագին արժեքավոր գործեր են փչացել, որովհետև չեն կարողացել հսկա պատկերասրահը ջեռուցել։ Դե լինում է, իհարկե, վերականգնել, բայց նայած թե ինչքան են փչացել։

Հարցիս, թե երբ է սկսել նկարել, պարոն Գևորգը ժպիտով պատասխանում է․ «Ես ավելի շուտ նկարել եմ սկսել, քան խոսել»։

«Օրինակ երաժշտական ընդունակություններ չունեմ բացարձակ։ 1 շաբաթ գնացել եմ երաժշտական դպրոց ու փախել։ Պարապողը տկտկացրեց, ասաց՝ ընդունված ես։ Մտածեցի էս ինչ դժոխք է»,- ծիծաղով հիշում է զրուցակիցս։ Նա նկարչական դպրոց էլ չի հաճախել․ «Ես ծնվել եմ Գորիսում, այնտեղ այն ժամանակ նկարչական դպրոց չկար։ Մի նկարիչ կար ընդամենը, էդ էլ չէինք շփվում։ Բայց գիտե՞ք ինչպես էր այն ժամանակ։ Երևանից շատ նկարիչներ էին գալիս ամառը Գորիս՝ նկարելու, պրակտիկայի։ Մեր Գորիսը շատ գեղեցիկ տեղ է։ Ուժեղ շփումներ են եղել այն ժամանակ, շատ ուժեղ»։

Մի հետաքրքիր դեպք պատմեց պարոն Գևորգն իր մանկությունից․ «Երեխա էի։ Աշուն էր, մառախլապատ եղանակ։ Դե Գորիսը․․․ Եթե եղել եք, կիմանաք։ Գնացել էի ժայռերի մոտ, զբոսնում էի, մեկ էլ տեսնեմ՝ մի կին կանգնած նկարում է։ Մառախուղ է, բայց սկսել է նկարել, կարմիր-դեղին գույներ է դնում։ Հետո օգնեցի, ներկի տուփերը բացեցի։ Սառն էր, փշեր, ճյուղեր հավաքեցի, վառեցի, ձեռքերը տաքացրեց: Նկարում է, ես էլ երեխա եմ, նայում եմ, նայում եմ։ Ասաց՝ ո՞նց է, լա՞վ եմ նկարում, ասացի՝ ահավոր վատ եք նկարում, ես ձեզանից լավ կնկարեմ։ Էնտեղ՝ արծաթագույն, ինքը կարմիր-դեղին է դնում․․․ Վերջը․․․ Հետո օգնեցի, նկարները տարա հյուրանոց։ Այդ կինը Արմինե Կալենցն էր՝ Հարություն Կալենցի կինը։ Ու տարիներ հետո, երբ ես այստեղ աշխատում էի, նրա ցուցահանդեսն էր առաջին հարկում։ Դե, ինձ ճանաչում էր, նկարիչներն ինձ գիտեին։ Նկարներն էի նայում, մեկ էլ ինձ ասաց՝ հը՞,  ի՞նչ կարծիքի ես, Գևորգ, հավանեցի՞ր։ Ասացի՝ չէ՛, ասաց՝ ինչու՞, ասացի՝ ես ձեզանից լավ կնկարեմ։ Գույն տվեց, գույն առավ, հետո ծիծաղեցի, ասացի՝ ներեցեք, տիկին Արմինե, հիշու՞մ եք, այդ երեխան ես եմ եղել։ Ասաց՝ ինչու՞ մինչև հիմա չեք ասել, ասացի՝ այ էս օրվա համար, հումորի համար չեմ ասել»։ Միասին ծիծաղեցինք։
Պարոն Գևորգից մայիսին կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու հրավեր էլ ստացանք։ Ասաց․ «Մյուս ցուցահանդեսին որ գաք, անպայման կունենամ նկարներ»։
Ժպիտով բաժանվեցինք միմյանցից՝ նորից հանդիպելու ակնկալիքով։

Անժելա Աղամյան

2-րդ կուրս                                                              

Կիսվել