ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Աննա Գարեգինյանը պատմում է մասնագիտության, աշխատանքային կյանքի, չկոտրվելու ու միշտ առաջ շարժվելու մասին։
Նշեցի միայն ժուռֆակը։ Ուրախ եմ, որ չսխալվեցի
11-րդ դասարանում սկսեցի հաճախել հաղորդավարական դասերի և մեծ սիրով էի սովորում։ Երբ պետք է ընդունվեի բուհ, տատանվում էի՝ Թատերական ինստիտո՞ւտ, թե՞ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Բայց հասկացա, որ ինձ դերասանի կյանքը չէ, որ կանչում է։ Չեմ թաքցնի, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընտրության մեջ կար նաև հաղորդավար դառնալու երազանքս։ Շատ կարճ ժամանակում որոշեցի, որ պետք է ընդունվեմ ԵՊՀ, և ինքնուրույն սկսեցի պարապել։ Հայտադիմումում ունեի մի քանի ֆակուլտետ նշելու հնարավորություն։ Նշեցի միայն Ժուռֆակը։ Ուրախ եմ, որ չսխալվեցի։
Սիրահարվեցի Մայր Բուհին
Երբ որոշեցի, որ ժուռնալիստիկայով եմ շարունակելու, բուհն արդեն պարզ էր։ Նույնիսկ երկար չեմ մտածել, չեմ տարակուսել։ Եթե համալսարան, ապա միանշանակ ԵՊՀ։ Դասընկերուհիս էլ ընդունվում էր ֆակուլտետ։ Նրա միջոցով ծանոթացա քննություններին, այցելեցինք ԵՊՀ, ու սիրահարվեցի Մայր բուհին։ Սերս այսօր էլ, երբ արդեն շրջանավարտ եմ, միայն ավելանում է։
Այցուլություններ Արցախ, համերգներ, միջոցառումներ, ծրագրեր․․․
Չեմ թաքցնի, երբեմն մտածում էի՝ արդյո՞ք ճիշտ տեղում եմ։ Իսկ ի՞նչ է ինձ սպասվում։ Բայց հենց առաջին կուրսում սկսեցի միջոցառումներ վարել, ինչպես նաև առցանց ռադիոյում անել առաջին քայլերս։ Այցելություններ Արցախ, համերգներ, միջոցառումներ, ծրագրեր և այլն։ Համալսարանն ավելի սիրեցի ու մտերմացա նրա հետ, երբ միացա Ուսանողական խորհրդին։ Մինչ այսօր էլ ինձ համարում եմ ուսխորհրդական։ Անմոռանալի օրեր եմ ունեցել համալսարանում։
Նման ենք ես ու իմ ընտրած մասնագիտությունը։ Ամեն դեպքում հաշտ ենք, սիրում ենք մեկս մյուսին
Եթե նորից մասնագիտություն ընտրեի, կընտրեի լրագրությունն ու հաղորդավարությունը։ Նման ենք ես ու իմ ընտրած մասնագիտությունը, ամեն դեպքում հաշտ ենք, սիրում ենք մեկս մյուսին։ Հաղորդավարության պարագայում երևի մի քիչ ավելի նման ենք․ ես երջանկանում եմ, երբ հայտնվում եմ տեսախցիկի առջև որպես հաղորդավար։ Ասում են՝ իմ ու տեսախցիկի սերը փոխադարձ է։
Անպայման օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք ստեղծվում են
Դեռ առաջին կուրսում շատ աշխատանքներ անում էի կամավոր։ Չէի վհատվում, որովհետև հետագա աշխատանքներս գտնելու, ոլորտում կայանալու, գիտելիք ձեռք բերելու հնարավորություն էի ունենում։ Ոչ մասնագիտական աշխատանքներ էլ արել եմ, բայց միշտ փորձել եմ ինձ գտնել լրագրության մեջ։ Պետք է չկոտրվել, չհիասթափվել ու անպայման օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք ստեղծվում են։
Շատ ավելի հետաքրքիր էր, երբ առօրյաս բազմաբնույթ էր…
Ուսանողական տարիներին էլ աշխատում էի, արդեն սովորել էի համատեղել աշխատանքն ու ուսումը։ Ինձ համար արտառոց ոչինչ չկար։ Շատ ավելի հետաքրքիր էր, երբ առօրյաս բազմաբնույթ էր․ դասից ուսխորհուրդ, ապա աշխատանքի և այսպես շարունակ։
Վատ լիցքերը վանել ու առաջ շարժվել
Խնդիրներ շատ են եղել։ Եղել է դեպք, երբ աշխատանքս չի գնահատվել, կամ թերահավատորեն են մոտեցել։ Բայց եղել են նաև այնպիսի մարդիկ, որ հավատացել են, ոգևորել։ Փորձել եմ միշտ լավ պահերը հիշել, վատ լիցքերը վանել ու առաջ շարժվել։
Լրագրությունն ինձ բաց չթողեց…
Երբ մագիստրատուրան որոշեցի շարունակել PR-ում, մտածում էի, որ այլևս չեմ վերադառնա լրագրություն։ Բայց լրագրությունն ինձ բաց չթողեց։ Սկսեցի աշխատել Շանթ ՀԸ-ում, որպես լրագրող, ապա` հաղորդավար։ Այդ ժամանակ սերս կրկնապատկվեց ընտրածս մասնագիտության հանդեպ։
Պետք է չձուլվել ամբոխին ու պահել դիմագիծը
Հավատալ ձեր ընտրած ճանապարհին ու առաջ շարժվել, չկոտրվել ու չհուսալքվել։ Եվ, իհարկե, չմոռանալ մասնագիտական էթիկայի կանոնների մասին, միշտ սովորել։ Կարևոր է ցանկացած բառ գրելիս ու արտաբերելիս հիշել, որ դուք մի ամբողջ լրագրողական համայնքի ներկայացուցիչ եք։ Պետք է չձուլվել ամբոխին ու պահել դիմագիծը։
Լիլիթ Աբրահամյան
2-րդ կուրս