Սպիտակ ստրկություն կամ թրաֆիքինգ

Սպիտակ ստրկություն կամ թրաֆիքինգ

537

Թրաֆիքինգը մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր հանցագործություն է, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ամբողջ աշխարհում մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի, որոնց 1/3-ը երեխաներ են։

Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` մեծահասակ, երեխա, կին, տղամարդ, նշանակություն չունի ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը և ո՛չ հավատքը: Թրաֆիքյորները հավաքագրում են զոհերին՝ ուժի, խարդախության, հարկադրանքի միջոցով և ենթարկում շահագործման: Բացահայտվել են շահագործման այլ ձևեր ինչպիսիք են՝ հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը և վաճառքը, երեխաների ապօրինի որդեգրումը և շահագործումը մուրացկանության ճանապարհով:

Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, այն հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»:

Ցավոք, քաղաքակրթության զարգացման որևէ փուլում չի կարելի խոսել ստրկությունից զերծ աշխարհի մասին։ Արևելյան երկրներում տարածված է եղել սեռական շահագործումը. հարեմներում պահվող կանանց մեծ մասը, ըստ էության, ստրկացված է եղել։

Այնուամենայնիվ, կա մի սկզբունքային տարբերություն դասական ստրկության և մարդու ժամանակակից շահագործման միջև։ Եթե դասական ստրկությունը ժամանակի երկրների իրավունքների համակարգերում այս կամ այն կերպ օրինականացվել է, այդ պատճառով երբեմն այն անվանում են լեգալ ստրկություն, ապա թրաֆիքինգն օրենքից դուրս է ամեն դեպքում, այն անլեգալ ստրկություն է։

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ թրաֆիքինգի զոհերը հիմնականում չզարգացած կամ զարգացող երկրներից են, որոնց շահագործումը տեղի է ունենում զարգացած երկրներում: Սա թրաֆիքինգի հիմնական միտումն է: Այնուամենայնիվ, հանդիպում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ զոհը թրաֆիքինգի է ենթարկվում իր իսկ երկրում: Թրաֆիքինգի առավել տարածված ձևերն են սեռական շահագործումը, հարկադիր աշխատանքը, մարդկանց առք ու վաճառքը, օրգանների կորզումը: Տղամարդկանց շրջանում առավել տարածված է հարկադիր աշխատանքի (85.7%), իսկ կանանց շրջանում` սեռական շահագործման թրաֆիքինգը (72%): Կանայք առավել հաճախ են թրաֆիքինգի զոհ դառնում (51%), թեպետ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, վերջին տարիներին նկատվում է նաև տղամարդկանց (21%) և երեխաների (28%) շրջանում թրաֆիքինգից տուժածների աճ:

Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, ապահովագրված չէ թրաֆիքինգից: Սա անդրազգային կազմակերպված հանցավորության ձև է: Ամեն տարի հազարավոր մարդիկ են դառնում թրաֆիքինգի զոհ թե՛ սեփական երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Հայաստանում թերեւս վիճակագրությունը նույնն է. զոհերի շարքում կանանց թիվն ավելի մեծ է: Ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների՝ 2008-2017թթ. թրաֆիքինգի զոհերի 73.5%-ը կանայք են, եւ միայն 26.5%-ը՝ տղամարդիկ, իսկ ընդհանուր զոհերի 20.4%-ը` անչափահասներ:

ՀՀ քրեական օրենսգիրքը հանցավոր է համարում ինչպես շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը (հոդված 132), այնպես էլ մարդուն սեռական շահագործման ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների մեջ ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը։ Նշված երկու հանցակազմերն էլ ուղղակիորեն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին։ Դրանք ծանր հանցագործություններ են, որոնք ուղղված են մարդու ազատության դեմ։

Հայաստանում անչափահասներին թրաֆքինգի մեջ ներգրավելու տարածված հիմնական ձևերը երկուսն են` սեռական և աշխատանքային շահագործումը. փաստում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ավագ քննիչ Դավիթ Թումասյանը: Թրաֆիքյորների համար երեխաները «շահութաբեր բիզնես» են, քանի որ նրանք համարվում են խոցելի խումբ. նրանց առավել հեշտ է համոզելը և կախվածության մեջ գցելը. «Չնայած միջոցներն ինքնին չեն ազդում արարքը հանցագործություն ճանաչելու վրա, բայց եթե երեխան մեծահասակին ընկալում է որպես հեղինակություն, նա պատրաստակամ է կատարել նրա բոլոր կարգադրությունները՝ չգիտակցելով դրանց հանցավոր լինելու փաստը››,- նշում է Դավիթ Թումասյանը և հավելում, որ հենց դա է պատճառը, երբ թրաֆիքնգի զոհ առավել հաճախ դառնում են միակողմանի ծնողազուրկ, հատուկ հաստատություններում գտնվող, խորթ ծնողների հետ ապրող կամ մուրացիկ երեխաները:

Թրաֆիքինգի ենթարկվածների պատմությունները վկայում են, որ զոհերը հիմնականում ապրել են սոցիալ-տնտեսական վատ պայմաններում և գայթակղվել են արտասահմանում մեծ գումարներ աշխատելու հեռանկարով: Որպես կանոն, թրաֆիքինգի ենթարկողները լինում են զոհին ծանոթ մարդիկ՝ մտերիմներ, հարևաններ, կոլեգաներ, ընկերներ: Այդ պատճառով էլ կարողանում են շահել թրաֆիքինգի ապագա զոհի վստահությունը: Թրաֆիքինգի խոցելի խմբերից են հատկապես կանայք և երեխաները: Խոցելի խմբում են միայնակ, այրի, ամուսնալուծված կամ ամուսինների կողմից լքված կանայք, ովքեր չունեն աշխատանք կամ ապրելու այլ միջոց: Հաճախ նրանց խնամքի տակ են գտնվում երեխաներ և տարեցներ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս մտահոգված է անչափահասների թրաֆիքինգի ենթարկելու խնդրով և բարձրաձայնում է իր տարեկան զեկույցներում: Սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշում է, որ օմբուդսմենի աշխատակազմը հաճախակի է արձանագրում դեպքեր, երբ երեխաները ներգրավված են մուրացկանության մեջ. «Հիմնականում հանդիպում ենք դեպքերի, երբ երեխաները մուրացկանության են դրդվել ծնողների կողմից: Վերջիններս երեխայի նկատմամբ նման վերաբերմունքը պատճառաբանում են սոցիալական ծանր պայմաններով»:

Օմբուդսմենի տեղակալի խոսքով` նման դեպքերում երեխաներն առավել խոցելի են դառնում բռնության նկատմամբ, դուրս են մնում կրթությունից, ապրում են կյանքի և առողջության համար վտանգավոր և նորմալ զարգացման համար անբարենպաստ պայմաններում. «Մեկ այլ դեպքում` հատկապես գյուղական վայրերում երեխաները վաղ հասակից ներգրավվում են իրենց առողջության համար վտանգավոր ծանր աշխատանքներում, որպեսզի աջակցեն ընտանիքին սոցիալական խնդիրները լուծելու հարցում»:

Խնդրի լուծման միջոցների մշակման նպատակով ` պաշտպանի աշխատակազմը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Հասարակությանն իրազեկելու նպատակով նաև սոցիալակն տեսահոլովակներ են նկարահանվել. «Նպատակ ունեինք նաև այն միտքը տարածել, համաձայն որի` մուրացիկ երեխային գումար տալով նրան ոչ թե աջակցում են, այլ վնասում, քանի որ նման կերպ երեխային մուրացկանության դրդողն ավելի է շահագրգռվում նրան շահագործելու»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

Դանիելա Զանազանյան

4-րդ կուրս

Կիսվել