Մանկական վախեր․ ինչից են առաջանում եւ ինչպես հաղթահարել

Մանկական վախեր․ ինչից են առաջանում եւ ինչպես հաղթահարել

935

Եթե խոսում ենք վախերի մասին, ապա նախ պետք է հասկանանք՝ ինչ է վախը։ Մի պահ մտածենք, թե երբ ենք մենք վախենում. երբ կա անորոշություն, անվերահսկելի իրավիճակ, որն անմիջականորեն կարող է վտանգ հանդիսանալ կյանքի համար։ Սա բնազդային ծագում ունեցող պաշտպանական մեխանիզմ է, ինչն առաջանում է՝ պաշտպանելու մեզ։ Վախը շատ բնական է, երբ սահմանի մեջ է և չի խաթարում մեր առօրյա վարքը ու չի ազդում կյանքի որակի վրա։ Երբ այն սկսում է քայքայել վերը նշված սահմանները, առնչվում ենք պաթոլոգիկ վախի հետ, որն արդեն կարիք ունի մասնագիտական միջամտության։ Մանկական վախերի վերաբերյալ զրուցել ենք «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Կամիլա Խաչատրյանի հետ։

Ե՞րբ և ինչպե՞ս են առաջանում մանկական վախերը։

Ինչպես նշեցի, վախը հոգեկանի գործընթաց է, որն իրականում պաշտպանական բնույթ ունի։ Այսինքն, շատ բնական է, որ երեխան ունենում է տարիքային վախեր, ընթացքում հասկանում դրանց վտանգավոր կամ երևակայական լինելը, հաջորդաբար հաղթահարում դրանք և անցնում առաջ։ Իրականում ամեն տարիք ունի իրեն բնորոշ վախերի տեսակները, որոնք առաջանում են՝ պայմանավորված միջավայրով և շրջապատող մարդկանց տեսակով (մանկական տարիքում) և մտածողության ձևով։ Օրինակ՝ երեխան կարող է նորածնային շրջանում վախենալ բարձր ձայնից, մայրիկին ճանաչելուց հետո սկսվում է նրանից բաժանվելու վախը։ Սեփական մարմնի հնարավորությունները ճանաչելուց հետո կարող է վախենալ փափուկ կամ խորդուբորդ մակերեսով իրերի դիպչելուց։ Եվ, քանի որ երեխայի ապահովության և արտաքին աշխարհի հետ առաջին հաղորդակից դարձնողը մայրն է կամ հայրը, ապա նրանց դերը վախերի հաղթահարման կամ ամրապնդման մեջ ահռելի մեծ է և կապված է իրենց արձագանքելու ձևից։ Երեք տարեկանից հետո սկսում են առաջանալ կերպարային վախերը՝ մուլտերի հերոսներ, երեխայի համար անհասկանալի, հորինված կերպարներ։ Վեց տարեկանից հետո մահվան վախն է առաջ գալիս, սկսում են հարցեր տալ, վախենում՝ կորցնել հարազատ մարդկանց։ Ինչպես նաև դպրոց հաճախելու տարիքն է, երբ նույնպես առաջանում եմ սոցիալական փոխհարաբերությունների և դժվար հարմարվողականության հետ կապված վախեր։

Ինչպես տեսնում ենք, մարդն իր կյանքի ամեն նոր փուլ անցնելիս կարող է բախվել անորոշ, անճանաչելի իրավիճակի, որը կծնի վախ և կստիպի հաշվի նստել այդ իրավիճակի հետ։

Ինչի՞ կարող է վերածվել մանկական վախը։

Ցանկացած խնդիր, երբ լուծում չի ստանում, ժամանակի ընթացքում հանգեցնում է կամ մոռացության՝ արտամղման, կամ բուռն դրևորման՝ հուզական և վարքային անհավասարակշռության, ինչը ունենում է իր բացասական դերը անձի քայքայման և սպառման մեջ։ Երեխաների դեպքում վախը կարող է լինել իրավիճակային՝ տեսավ-վախեցավ, երևակայական՝ մտացածին կերպարներ կամ մուլտֆիլմի, պատմվածքի հերոսներ, տիկնիկներ կամ երկրորդական շահ հետապնդող՝ մայրիկի ուշադրության, սիրո պակասը կոմպենսացնելու նպատակով՝ մահճակալի տակ վախ ներշնչող հերոսների առկայություն և այլն։

Երբ երեխային թողնում ենք իր վախի հետ միայնակ, չենք հավատում կամ ծաղրում ու ջղայնանում ենք, նախատում, որ նա վախկոտ է և այլն, մենք զրկում ենք նրան հնարավորությունից՝ հասկանալ, ճանաչել և հաշվի նստել սեփական վախի հետ։ Եթե խոսում ենք երեխայի մասին, ապա նրան զուգահեռ միշտ քայլում է ծնողը։ Եվ կրկին կարևոր է ծնողի դերն ու արձագանքը՝ ուղղված այս իրավիճակին։

Ինչպե՞ս  կարող են դրանք հետագայում խանգարել երեխային։

Եթե ճիշտ և գրագետ մոտեցում կա, ապա քայլ առ քայլ առաջ գնալով՝ կարելի է խուսափել խանգարող հանգամանքներից։ Սակայն, երբ կա արտամղում, չասված և չբացահայտված վախ, ապա դա անպայման մեկ այլ վայրում, մեկ այլ տեսքով, ձևափոխված արտահայտվելու և իր մասին հիշեցնելու է։ Եվ նման երևույթները շղթայական բնույթ ունեն, կարող են մեր կյանքի ընթացքում տարբեր ձևերով առկա լինել, խանգարել, ազդել մեր գործունեության, ինքնաարտահայտման և կյանքի որակի վրա։

Ինչպե՞ս պետք է երեխան հաղթահարի մանկական վախերը։

Երեխան ինքնուրույն չի կարող հաղթահարել վախը։ Ըստ երեխայի, վախը առաջացնող գործոնն անհասկանալի է, վտանգ պարունակող, որից պետք է պաշտպանվել։ Նման պարագայում հոգեբանական առաջին օգնությունը, որպես կանոն, պետք է իրականացնի ծնողը կամ այն մեծահասակը, որի հետ առավել կապված է երեխան։ Երեխան նախ պետք է ունենա բազային ապահովության զգացում, որին կհաջորդի լսված լինելը, վախի մասին խոսելը, քննարկելը, վախի իրական և երևակայական լինել-չլինելը, դրա առաջացման նախապայմանները, և հետո որոշի՝ վախենալ, թե ոչ։

Ինչպե՞ս պետք է ներկայացնել հարազատի կորուստը երեխային, որպեսզի երեխայի մոտ կրկնակի վախեր չառաջանան:

Նման լուր հայտնելու ժամանակ կարևոր է երեխայի տարիքը։ Եվ, առհասարակ, երեխայի հետ մահվան մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ նրա մոտ հարցեր կառաջանան հենց մահվան մասին։ Կարևորը, որ չտանք ավելորդ տեղեկություն, ինչի մասին հարց չի հնչել, պետք է լինել կարճ և հստակ, ամենակարևորը՝ տարիքին համապատասխան լեզվապաշարով։ Բացատրել բնության մեջ տեղի ունեցող երևույթների օրինակով, որ դա տեղի է ունենում օրգանիզմի ծերացման պատճառով՝ երեխային տալով ժամանակի մեջ ապահովության զգացում։ Չի կարելիների շարքից ամենակարևորներն են՝ չասել, որ հեռու է գնացել, երեխան միշտ սպասելու է, իսկ դա շատ հյուծող է հոգեկանի համար և ապակառուցողական։ Փոքրերին չի կարելի ասել, որ երկնքից քեզ է նայում, սա էլ ավելի պատկերավոր վախի առաջացման պատճառ է։ Կարևոր է հիշել, որ երեխան ամեն մի խոսք, մինչև վաղ դպրոցական տարիք ամեն բառ ընկալում է ուղիղ և խոսելիս մեր արտահայտությունները պետք է ընտրված լինեն՝ չվնասելու համար երեխային և նրա երևակայության սահմանները։

Ի՞նչ կարելի է անել, եթե նկատում են,որ երեխան վախենում է։

Երեխայի հետ խոսել վախի մասին։ Ասել՝ օրինակ նկատեցի, որ այս հերոսից վախեցար, կամ մութ սենյակ չես մտնում, ինչի՞ց ես վախենում։ Եթե երեխան դժվարանում է պատմել, նկարեք վախը։ Երեխային ոգևորելու համար առաջարկեք միասին նկարել, ցույց տվեք, որ դուք էլ կատարյալ չեք և կարող եք վախեր ունենալ։ Միասին նկարեք, հասկացեք այդ վախի ուժեղ ու թույլ կողմերը, ձևափոխեք։ Օրինակ՝ ես ու աղջիկս իր վախերը մարմնավորող հերոսներին դարձնում ենք ավելի բարի, ավելի ծիծաղելի, նրա աչքերում հերոսը փոխվում է՝ փոխելով նաև իր հատկանիշները։ 

Ներկայում գրեթե բոլոր երեխաներն ունեն իրենց գնդակները, պարանը, բայց չունեն ընկերների կարիք, կարող են իջնել բակ և խաղալ միայնակ՝ չցանկանալով ընկերանալ այլ երեխաների հետ։ Ի՞նչ խնդիր է դա, և ի՞նչ պետք է անեն ծնողները, որ երեխաները շփվեն միմյանց հետ։

Այս խնդիրը մեր հասարակության և ժամանակաշրջանի առանձնահատկություններից է։ Իսկ, արդյո՞ք, այսօր մեծահասկաները այդքան շփման բարձր մակարդակ ունեն, իմ կարծիքով՝ ոչ։ Խնդիրն էստեղ ոչ թե երեխայի առանձնահատկությունն է, այլ ժամանակաշրջանը։ Այսօր դեմ առ դեմ շփումը փոխարինվում է սոցիալական ցանցերում շփումով, որտեղ չկա իրական էմոցիա, չկա իրական խոսք։ Կրկնեմ, բայց էլի այս հարցը կարելի է անհատական մակարդակում լուծել, ծնողի մոտեցման շնորհիվ։ Այսինքն՝ սեփական օրինակով անհրաժեշտ է ցույց տալ երեխային մարդասեր լինելու, շնորհակալ և կամեցող լինելու, դիմացինի խոսքը լսելու և համբերատար ունկնդիր լինելու դրական կողմերը, փոխանցել սեփական շփման կառուցողական փորձառությունը։ 

Միմյանց հետ չշփվելու պատճառ կարող է լինել նաև մուլտֆիլմերի, համակարգչային խաղերի հասանելիությունը, ցավոք, շատ վաղ տարիքից՝ նույնիսկ մինչև մեկ տարեկան։ Սա հանգեցում է ուղղակի տեսողական ինֆորմացիայի՝ ժամերով դիտման ու շփման հմտությունների թերզարգացվածության, կենսական շփումը չկարևորելուն։ Նման զբաղմունքների նախընտրությունը, որը հիմնականում տրամադրում է մեծահասակը, քանի որ երեխան, դեռ փորձառություն չունենալով, ծանոթ չէ արտաքին աշխարհի բովանդակությանը, կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների, քան շփման հմտության բացակայությունը։ Դա խոսքի ուշացումն է, անհասկանալի ագրեսիան, կամակորությունը, վարքային որոշակի խանգարումներ և այլն։

Բարկացած ժամանակ ծնողները երբեմն հարվածում են երեխաներին: Կարո՞ղ է, արդյո՞ք, ծեծը մանկական վախի պատճառ դառնալ:

Գիտակցված, թե հուզական ֆոնի ազդեցության տակ նման մանկական բռնություններ շատ են լինում։ Այո, ես սա համարում եմ ֆիզիկական բռնություն, քանի որ այն դաստիարակման հետ ոչ մի զուգահեռ չունի։ Բարկությունը պատճառ չէ, որպեսզի հարվածենք երեխային, բարկության հաղթահարման շատ ձևեր կան, որոնք առավել համահունչ են բանական էակին, քան բռնությունը, այն էլ՝ մեզնից փոքր և անհավասար պայմաններում գտնվող երեխայի հանդեպ։ Ծեծն իրականում անզորության արտահայտում է՝ ուղղված չկառավարվող իրավիճակին։

Եթե համակցենք այն վախի առաջացման կամ ամրապնդման հետ, ապա այո, հնարավոր է առաջացնել վախ, բայց այն ոչ թե խնդիրը լուծող, այլ շատ խորքային ու երկարատև խնդիրներ առաջացնող տարբերակ է, որը միայն վնասում է երեխայի հոգեկան աշխարհը։

Ամենատարրական ձևը բարկությունը զսպելու՝ ուղղակի մինչ հարվածելը հաշվեք մինչև տասը, այն կօգնի ռացիոնալ գնահատել իրավիճակը և որոշել՝ արդյոք արժի հարվածել, թե այլ լուծում էլ կա, օրինակ՝ խոսել երեխայի հետ միջադեպի կամ կամակորության մասին։

Սիլվի Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել