«Համալսարանն իմ կյանքի փոխադարձ մեծ սերն է, և ես հաստատ գիտեմ, որ...

«Համալսարանն իմ կյանքի փոխադարձ մեծ սերն է, և ես հաստատ գիտեմ, որ ինչ զգացողություններով էլ դուրս գամ այստեղից, մեկ է, նա միշտ սպասելու է ինձ»․ Քնար Միսակյան

887

Զրուցել ենք Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ԵՊՀ ռեկտորի օգնական, այժմ ԵՊՀ մամուլի խոսնակ  Քնար Միսակյանի հետ։ Քնարը մեզ պատմեց մասնագիտության ընտրության, ակնկալիքների, հանդիպած դժվարությունների ու համալսարանի հանդեպ ունեցած մեծ սիրո մասին․․․

Ողջույն, սիրելի՛ Քնար, կպատմե՞ս՝ ինչպես ընտրեցիր ժուռնալիստի մասնագիտությունը։

-Իրականում լրագրող դառնալն իմ մանկության երազանքը չի եղել։ Դպրոցում գերազանց եմ սովորել, առարկաների մեծ մասը շատ սիրել ու այդ ընթացքում տարբեր մասնագիտությունների մասին մտածել։ Մի պահ ցանկանում էի իրավաբան դառնալ, հետո միջազգայնագետ, հոգեբան, մի պահ նույնիսկ աշխարհագրագետ դառնալու մասին եմ մտածել, բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ բոլոր այդ մասնագիտություններին միավորում  է ժուռնալիստիկան, որ դա այն ոլորտն է, որտեղ կգտնեմ ինձ հետաքրքրող բոլոր ուղղույունները։ Հետո, երբ ընդունվեցի մեր ֆակուլտետ, սովորելու ընթացում էլ համոզվեցի՝ ես ընտրել եմ իմ երազանքների մասնագիտությունը։

-Ինչու՞ հենց ԵՊՀ-ի ժուռֆակը։ Ինչո՞վ է պայմանավորված համալսարանի ընտրությունը։

-Բուհի ու ֆակուլտետի ընտրության հետ կապված երկրորդ կարծիք չի էլ քննարկվել, որոշումը միանշանակ է եղել։ Ընդունելության հայտում միայն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ եմ նշել, այլ տարբերակ մտքովս էլ չի անցել։ Եվ այսօր էլ վստահ կարող եմ ասել․ չեմ սխալվել։ Ֆակուլտետի հարազատ միջավայրում ու ջերմ մթնոլորտում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները լավ մասնագետ դառնալու և քաղաքացիական կարևոր փորձառություններ ունենալու համար։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր, և արդյո՞ք արդարացվեցին քո բոլոր սպասումները։

-Իրականում, երբ ընդունվում էի, շատ մեծ պատկերացումներ չունեի մասնագիտության վերաբերյալ, ուղղակի հեռուստացույցով դիտում էի, հետևում լրագրողների աշխատանքներին։ Բայց իրականում ժուռնալիստիկան շատ հետաքրքիր մասնագիտություն է, և ուսումնառության ընթացքում ավելի ու ավելի բացահայտելով  այն՝ հասկացա, որ իմ սպասելիքները ոչ միայն արդարացվում են, այլև՝ ես սկսում եմ ավելի շատ սիրել այն։

-Ընտրածդ մասնագիտությունը որքանո՞վ է համապատասխանում բնավորությանդ։

-Այս տեսանկյունից իրականում երկու զուգահեռ գործընթաց կա․ և՛ դու ես քո բնավորությունը հարմարեցնում մասնագիտությանը, և՛ մասնագիտությունն է քեզ մոտ բնավորության նոր հատկանիշներ ձևավորում։ Ես ի սկզբանե ունեի բնավորության գծեր ու հմտություններ, որոնք լիովին համապատասխանում էին մասնագիտությանը։ Օրինակ՝ մարդկանց լսելու կարողությունը, որը շատ կարևոր է լրագրողի աշխատանքում, երևույթները տարբեր անկյուններից դիտարկելը և այլն։ Բայց ժուռնալիստիկան էլ իր հերթին է ինձ շատ փոխել՝ դարձնելով ավելի շփվող, ավելի հետաքրքրասեր ու ինքնավստահ։ Ու ինչ-որ պահի ես ու մասնագիտությունս ներդաշնակության եկանք՝ դառնալով ավելի վստահ ու ձգտելով նոր հաջողությունների։

-Մտածու՞մ էիր՝ ինչպես ես աշխատանք գտնելու այս ոլորտում։

-Անկեղծ ասած՝ հենց 2-րդ կուրսից առաջարկ եմ ստացել որպես լրագրող աշխատելու ԵՊՀ-ում։ Բայց բացի դրանից՝ պարբերաբար ստացել եմ առաջարկներ՝ զուգահեռաբար թղթակցելու տպագիր ու առցանց տարբեր լրատվամիջոցների։ Այսինքն՝ ստացվում է, որ միշտ աշխատանքն է ինձ գտել։

Ինչպե՞ս կատարվեց  համալսարանական  կյանքից դեպի աշխատանքային կյանք անցումը։

-Այս իմաստով մի հետաքրքիր իրողություն կա իմ կյանքում․ ինչպես արդեն նշեցի, երկրորդ կուրսից աշխատում եմ ԵՊՀ-ում, այսինքն՝ ուսումնառության ավարտից հետո էլ հրաժեշտ չեմ տվել համալսարանին։ Աշխատանքիս շրջանակում էլ շատ եմ շփվում ուսանողների հետ, լինում նրանց միջավայրում ու երբեմն այն զգացողությունն ունենում, թե ես էլ դեռ ուսանող եմ։ Ճիշտ է, այս ընթացքում տարբեր հաստիքներ եմ ունեցել, աշխտանքային գործառույթներ են փոփոխվել, հիմա էլ արդեն ստորաբաժանումն է փոխվել, բայց փաստ է․ ես արդեն տասը տարի է, ինչ  ԵՊՀ-ում եմ։

Որպես սկսնակ լրագրող՝ ի՞նչ խնդիրների ես բախվել և ինչպե՞ս ես դրանք հաղթահարել։

-Քանի որ իմ գործը համալսարանի հետ է կապված, լուրջ խնդիրներ չեն եղել, բայց երբ թղթակցում էի տարբեր լրատվամիջոցների, հիմնական խնդիրն աղբյուրների հետ աշխատանքն էր։ Երբ սկսնակ լրագրող ես, դեռ չունես բավարար կապեր, ծանոթներ, այսինքն՝ չունես տեղեկատվություն հայթայթելու աղբյուրներ, գործը բարդանում է։ Այդ ընթացքում օգնության են հասել ընկերներս, մտերիմներս ու ոլորտի ծանոթ մասնագետները։ Ի դեպ, այս տեսանկյունից ֆակուլտետը մասնագիտական ծանոթությունների շրջանակն ընդլայնելու, նոր ու արդյունավետ կապեր հաստատելու հրաշալի հնարավորություն է ընձեռում, որից պետք է անպայման օգտվել։

Եղե՞լ են մտորումներ՝ ճանապարհի կեսից հետ կանգնելու։

-Ո՛չ, երբեք։ Ընդհակառակը, որքան տարիներն անցնում են, այդքան ավելի վստահ եմ դառնում, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Ուզում եմ առանձնահատուկ նշել նաև մագիստրոսական իմ ծրագրի մասին․ ես ընտրել էի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն» ծրագիրը, որտեղ սովորելը համարում եմ համալսարանական իմ ձեռքբերումներից մեկը։ Հրաչ Բայադյանի ղեկավարությամբ ու մյուս դասախոսների օգնությամբ ոչ միայն կարևոր գիտելիքներ եմ ստացել, բացահայտել մեդիայի ազդեցությունն ու հետաքրքիր հետազոտություններ իրականացրել, այլև փոխել աշխարհընկալումս ու ընդլայնել աշխարհայացքս։ Ի դեպ, մագսիտրատուրայում ուսանելու ժամանակ համոզվեցի, որ ճակատագրական ընտրություն եմ կատարել, ու շատ գոհ եմ արդյունքից։

Ավարտելուց հետո դու հիմա էլ ես ԵՊՀում։ Ի՞նչ է քեզ համար ԵՊՀն։

– ԵՊՀ-ն իմ հարազատն ու սիրելին է, որն այս ընթացքում ինձ տեսել է տարբեր հոգեվիճակներով, զգացել իմ ապրումները, ինձ հետ տխրել, երջանկացել, հպարտացել իմ հաջողություններով ու ձեռքբերումներով։ Ես միշտ ասում եմ, որ Համալսարանն իմ կյանքի փոխադարձ մեծ սերն է, և ես հաստատ գիտեմ, որ ինչ զգացողություններով էլ դուրս գամ այստեղից, մեկ է, նա միշտ սպասելու է ինձ ու գրկաբաց դիմավորելու է։

Ի՞նչ խորհուրդ կտաս ապագա և սկսնակ լրագրողներին։

-Խորհուրդները  շատ են, բայց ամենակարևորը՝ լրագրությունը որպես աշխատանք չդիտարկելն է, որը սկսելու է առավոտյան ու ավարտվելու է երեկոյան։ Լրագրությունը կենսավիճակ է, հոգեվիճակ, ու շատ կարևոր է ձեռքը միշտ զարկերակի վրա պահել։ Սիրեք լրագրությունը և մի վախեցեք դժվարություններից։

Լիլիթ Աբրահամյան

2-րդ կուրս

Կիսվել