«Ինչով զբաղվեք կյանքում, արեք ի սրտե»․ 12-րդ դասարանի Անժելան՝ իր ստեղծած բիզնեսի...

«Ինչով զբաղվեք կյանքում, արեք ի սրտե»․ 12-րդ դասարանի Անժելան՝ իր ստեղծած բիզնեսի մասին

546

-Անժելա, դուք դեռ սովորում եք Պոլետիխնիկ քոլեջի 12-րդ դասարանում և արդեն ունեք սեփական բիզնես, կպատմե՞ք Ձեր բիզնեսի ստեղծման պատմությունը։

-Փոքր տարիքից հագուստի մոդելավորումը, դիզայնը իմ տարերքն են եղել։ Բայց ընտանիքիս անդամները դեմ էին` համարելով դա ոչ հիմնական մասնագիտություն։ Երբ արդեն հստակ պիտի մասնագիտություն ընտրեի, որոշեցի, որ, միևնույն է, ապագայում իմ բիզնեսն եմ ունենալու ու այդ գծով շարունակելու։ Տնտեսագիտությունն ընտրեցի՝ որպես ուղղություն, որպեսզի ո՛չ ծնողներիս նեղացնեմ, ոչ էլ իմ հիմնական նպատակներից շեղվեմ։ Այդ ընթացքում վերցնում էի ընտանիքիս անդամների հին հագուստներն ու փորձում տարբեր իմպրովիզներ անել։ Նկարում ու գծանշում էի այն, ինչն անցնում էր մտքովս։ Ու այդպես ժամանակի ընթացքում դա դուր եկավ նաև ծնողներիս, ու ես այն դարձրի փոքրիկ բիզնես` վաստակելով անգամ փոքրիկ գումարներ։ Շապիկների վրա նկարում եմ արդեն 1 տարի։ Երբ տեսա, որ հաջողում եմ, սկսեցի նաև նկարել էկո պայուսակների վրա։

-Այսպիսի բիզնեսը շատ տարածված է Հայաստանում, ինչպե՞ս եք առաջ գնում այդ մրցակցության մեջ։

-Բիզնեսը տարածված է, բայց յուրաքանչյուրն ունի իր մտքերն ու ստեղծագործական ոճը։ Բացի գեղեցիկ տեսքը, փորձում եմ ապահովել նաև որակը։ Իսկ այս ամենից զատ մատուցում եմ համեմատաբար ավելի մատչելի գներով։

Առաջ տանելու նպատակով փորձում եմ համագործակցել տարբեր գրախանութների հետ։ Շատերի հետ ստացվում է, շատերի հետ` ոչ։ Օրինակ` վերջին անգամ դիմել եմ Բուկինիստին, սակայն համագործակցությունը կարճ տևեց, որովհետև պայմանները շահեկան չէին ինձ համար։

-Բիզնեսի ոլորտում ի՞նչ դժվարություններ եք ունեցել և ունենում։

-Դժվարություններից ամենամեծը շուկա մուտք գործելն էր և «հավատարիմ» հաճախորդներ ձեռք բերելը։ Բացի այդ, ես սկսել եմ բիզնես ոչնչից` չունենալով անհրաժեշտ հումք, որը ձեռք բերելը որոշակի ծախսեր էր պահանջում։ Իսկ հետո պետք է փորձես պահել հաճախորդիդ վստահությունը և լինես միշտ ակտուալ։

-Ո՞րն է եղել ամենադժվար պատվերը, որը ստացել եք այս ընթացքում։

-Մի անգամ պատվեր ստացա, որն իրոք շատ բարդ էր ու, ընդ որում, այն պետք է պատրաստ լիներ ընդամենը 1 օրում։ Ես պատվերն ընդունել էի, սակայն չգիտեի, թե ինչպես պետք է ավարտին հասցնեմ բռնածս գործը: Պատվիրատուն բավականին բծախնդիր էր, երևի մոտավորապես 2 ժամ միայն մենք փորձել ենք հստակեցնել պատվերը, ու քանի որ պատվիրատուն այդպիսի պահանջներ էր ներկայացրել, ինքս ինձ մարտահրավեր էի նետելու ամբողջ գիշեր չքնել ու ավարտել աշխատանքը։ Արդյունքը գոհացրեց թե՛ ինձ, թե՛ պատվիրատուին, սակայն ինքս ինձ խոստացա` երբեք այդպես չտանջվել։

-Դուք սովորում եք քոլեջում, ունեք բիզնես, ես գիտեմ, որ նաև խմբակների եք այցելում։ Ինչպե՞ս եք ամբողջը համատեղում։

-Հիմա բիզնեսս պասիվ փուլում է, որովհետև առաջնային նպատակս բուհ ընդունվելն է։  

Արդեն ավարտել եմ երաժշտական դպրոցը՝ ջութակի բաժինը։ Ստացել եմ առաջարկ նվագախմբում նվագելու, սակայն մերժել եմ, քանի որ չէի հասցնի։ Եղբայրս ավարտել է դաշնամուրի բաժինը, հիմա միասին դուետով սիրողական նվագում ենք։

-Ո՞ր համալսարան եք ցանականում ընդունվել։

-ՀԱՊՀ-ի համակարգչային գրաֆիկա բաժինը։

– Զրույցի ընթացքում Դուք նշել էիք, որ ծնողներին չնեղացնելու համար եք հիմա տնտեսագիտական հոսքում սովորում,  նրանք դե՞մ չեն, որ այլ ուղղություն եք հիմա ընտրելու։ 

-Այո, վերջիվերջո հասա նպատակիս, ծնողներս էլ համոզվեցին, որ դա իմն է, իմ ոլորտն

է… ու ինձ ու երազանքս իրարից չբաժանեցին։

-Ես տեղյակ եմ, որ զբաղվում եք նաև  սպորտով, խիտ գրաֆիկի մեջ ինչպե՞ս է ստացվում դա էլ համատեղել։

-Այնպիսի սպորտ եմ ընտրել որն այնքան էլ «աղջկական» չէ։ Երբ իմանում են, որ գնում եմ թեքվանդոյի, զարմացած հարցնում են, թե ինչիս է պետք, բայց իրականում այն ինձ տվել է և՛ ինքնապաշտպանվելու շատ հմտություններ, և՛ առողջ ապրելակերպս պահպանելու հնարավորություններ։

Համենայն դեպս ծանրաբեռնված գրաֆիկիս մեջ այն ունի իր ուրույն տեղը։

-Ծանր գրաֆիկով, բազում նպատակներով ճանապարհին ո՞վ կամ ի՞նչն է մոտիվացնում Ձեզ։

-Ինձ մոտիվացնում են ապագայիս լուսավոր պատկերացումները։ Եթե այսօր աշխատեմ, վաղը կունենամ ապահովված կյանք։ Իսկ առօրյայում մոտիվացիայի աղբյուր են թե՛ եղանակը (հիմնականում անձրևոտ), թե՛ երգն ու երաժշտությունը։

Գրեթե միշտ նկարում եմ երաժշտության հնչյունների ներքո։

-Եթե Անժելան լիներ գույն, ապա․․․

-Դեղին։

-Եթե լինեիք տրամադրություն, ապա․․․

-Երևի չեզոք։

-Եթե եղանակ, ապա․․․

-Աշուն։

-Իսկ եթե գիրք․․․

– Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»

-Ձեր կարգախո՞սը։

-Ինչով զբաղվեք կյանքում, արեք ի սրտե։

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել