Լռության հանճարը. Լեոնիդ Ենգիբարյան

Լռության հանճարը. Լեոնիդ Ենգիբարյան

1077

Երիտասարդ ու յուրահատուկ արտաքինով տղային նկատում էին բոլորը։ Նրա դեմքի յուրաքանչյուր շարժում փոխում էր ներկաների տրամադրությունը։ Նա կարողանում էր դեմքի լուրջ արտահայտությամբ ծիծաղեցնել եւ ժպիտի միջոցով հուզել հանդիսատեսին։

«Նպատակս եւ երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին, ես հավատում եմ երջանիկ ընթացքին։ Ես երջանիկ մարդ եմ, բոլոր ցանկություններս վաղ թե ուշ իրականանում են»,- ահա այսպիսի գույներով էր Լեոնիդ Ենգիբարյանը տեսնում աշխարհը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Յուրի Նիկուլինը Ենգիբարյանի մասին ասել է. «Ենգիբարյանն առանց որեւէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո եւ ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության և ունայնության մասին։ Եվ այս ամենը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր ձեւով»։

Իսկ ինչպիսի՞ն էր Լեոնիդ Ենգիբարյանը: Այս հարցին պատասխանում է  հենց ինքը՝ Լեոնիդը. «Ես այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը։ Ախր ծաղրածուն չի էլ կարող լինել ինչպես բոլորը։ Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն։ Ես ուզում եմ գրել մի քանի գիրք: Վախենում եմ բարեկեցությունից։ Սիրում եմ ծովը, աշունը… Վինսենթ Վան Գոգին։

Կային երեք քաղաքներ, որոնք Ենգիբարյանին շա՜տ էին սիրում՝ Երևան,  Մոսկվա և Պրահա: Հենց այս քաղաքներն էլ նրա մասին ֆիլմեր  նկարահանեցին` «Ծաղրածուն  հրաժեշտ է տալիս Պրահային», «Ճանապարհ դեպի  կրկես», «Մոռացված նախնիների  ստվերները», «2-Լեոնիդ-2», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացեք, Լեոնիդ  Ենգիբարյանն է» և այլ ֆիլմեր։

«Ես գրպանահատ եմ:

Ես գրպանահատների արքան եմ:

Ես հարուստ եմ ու երջանիկ:

Ես գրեթե երջանիկ եմ:

Միայն, ափսոս, որ ոչ ոք սիրտը գրպանում չի պահում»:

Ենգիբարյանը սովետական կրկես ներխուժեց եւ խլացրեց բոլորին իր արտահայտչական լեզվով ու լուռ փիլիսոփայական պատմություններով։

Կրկեսի մարդ լինելով, նա ինքն իրեն մնջախաղաց էր համարում։ Նա իր կրկեսային համարները «միմ-միավորներ» կամ «պլաստիկ էսսեներ» էր կոչում։ Երբ Ենգիբարյանը Մոսկվայի կրկեսի ուսումնարանում էր սովորում, մնջախաղը հարգանք չէր վայելում, համարվում էր «խուլ ու համր մարդկանց համար նախատեսված տարօրինակ վարժություն»։ Ենգիբարյանը պատրաստ էր այդ «խոսուն լռության» արվեստն անվերջ կատարելագործել եւ սեփական մարմնի «քերականությունն» ուսումնասիրել։

«Ես չեմ կրկնում կյանքը, ես այն արտացոլում եմ։ Կրկեսն այդքան էլ իմը չի, ես թատրոն եմ ուզում, որտեղ ոչ խոսք կլինի, ոչ էլ երաժշտություն։ Միայն մարդը կլինի եւ իր մարմնով, ժեստերով կստեղծի այդ երաժշտությունը։ Այդ թատրոնի ձեւը դեռ չգիտեմ, մի հարցրեք։ Բայց այդպիսի թատրոն եմ ուզում»։

Լեոնիդ Ենգիբարյանը կրկեսի պատմության մեջ մտավ որպես փիլիսոփայական մնջկատակության վառ ներկայացուցիչ, մի արվեստագետ, ով կրկեսում ստեղծեց «տխուր ծաղրածուի» կերպարը:

Ենգիբարյանի կերպարը միաժամանակ եւ՛ ծիծաղելի, եւ՛ ողբերգական էր։ Թեթեւ, նույնիսկ թուլակազմ կառուցվածքը Ենգիբարյանն իր կերպարի արժանիքը դարձրեց։ Նրա փխրուն, ուրախ ու խոցելի հերոսն այնքան բան ուներ ասելու, տալու եւ հուշելու, որ գրեթե միշտ տխուր էր։ Տխուր էր, քանի որ միշտ միայնակ էր ու չէր հասկացվում։ Երեւանում հղկվեց Ենգիբարյանի  վերջնական բեմական կերպարը։ Կրկեսի տեսաբան Ռուդոլֆ Սլավսկին գրել է. «Նրա կերպարում ազգային մի քանի գիծ հայտնվեց, եւ Ենգիբարովը երեւանյան փողոցների չարաճճի ու ժիր տղայի նմանվեց։ Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

«Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ, դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա…», այս խոսքերի հեղինակը Լեոնիդ Ենգիբարյանն է. ծաղրածու, ով լույս էր սփռում ամենուր։

Մտահղացումներով լի հետաքրքիր ու դժվարին շատ կատարումներ մինչև օրս մնացին չգերազանցված, մնացին` ենգիբարյանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»: Ենգիբարյան-արվեստագետը  գտնում էր, որ ծաղրածու-մնջախաղացը դառնում է մի երևույթ, որը թատերարվեստում առավել դժվարին ու ինքնատիպ խոսք է ասելու.  Չարի ու բարու, լույսի ու ստվերի, ժամանակի ու խղճի մասին` նոր ձևով, նոր լեզվով։

Չեխ նշանավոր արտիստ Միրոսլավ Հորնիչեկը Ենգիբարյանի մասին ասել է` «Հազարավորներ գալիս, շարունակ խոսում են եւ ոչինչ չեն ասում, նա եկավ, լռեց եւ ամենինչ ասաց»։

Նա երբեք հարուստ չեղավ՝ չնայած ունեցած մեծ փառքին: Բայց հարուստ չլինելու փաստը երբեք չխանգարեց իրեն հանդիպած յուրաքանչյուր աղջկա ծաղիկ նվիրել ու գեղեցիկ հաճոյախոսություններ անել: Սիրում էր բոլոր-բոլոր աղջիկներին, և քանի որ չէր կարող ամուսնանալ բոլորի հետ միասին, որոշեց ընդհանրապես չամուսնանալ: Եվ առհասարակ, Լեոնիդ Ենգիբարյանը ստեղծված չէր ամուսնանալու, երեխա ունենալու ու դաստիարակելու համար: Նա այդպես էլ ամբողջ կյանքում երեխա մնաց:

Լեոնիդ Ենգիբարյանը չափազանց կարճ կյանք ունեցավ, փոքրիկ, բարի ներկայացման նման, որի ավարտն ասես երբեք էլ չի եկել ու չի գալու, և բոլորը սպասում են նրա հավերժ շարունակությանը: Մեծ արտիստը հրաժեշտ տվեց կյանքին, երբ ընդամենը 37 տարեկան էր: Նրա մահը  շատերի  համար մնաց  առեղծված: Իր խաղընկեր Ալբերտ  Մինասյանը  հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. «Առավոտյան մայրը  մտնում է որդու սենյակը` արթնացնելու… Իր արվեստի  նման  լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ  արտիստը»:

Նարինե Ենգիբարյան

4-րդ կուրս

Կիսվել