Հասարակությունը հիմնականում մեղադրում է բռնության ենթարկված անձին. իրավապաշտպան

Հասարակությունը հիմնականում մեղադրում է բռնության ենթարկված անձին. իրավապաշտպան

421

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության ղեկավար, լրագրող Արման Ղարիբյանի հետ խոսել ենք բռնության ենթարկված անձանց մեղադրելու (վիքթիմբլեյմինգ) պատճառների, զոհին թիրախավորելու եւ այս խնդիրների մասին մեդիայի անդրադարձի վերաբերյալ։

Ինչպե՞ս է բնութագրվում վիքթիմբլեյմինգը, և ի՞նչ դրսևորումներ կան Հայաստանում։

-Վիքթիմբլեյմինգը արտահայտվում է հիմնականում  բռնության ենթարկված անձին հենց բռնության փաստում մեղադրելու համար։ Կամ՝ իր նկատմամբ բռնություն կատարվելու մեջ մեղադրելու համար, և  այն դրսևորվում է ինչպես հանրային միջավայրում՝ օրինակ սոցիալական ցանցերում, հանրային մեկնաբանությունների տեսքով, այնպես էլ, ցավոք, պետական մարմինների կողմից։ Նաև՝ այն մարմինների կողմից, որոնք ստեղծված են մարդկանց բռնությունից պաշտպանելու համար։ Խոսքը քրեական արդարադատության ոլորտի ներկայացուցիչների մասին է՝ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, որոնք կարող են, օրինակ, բռնության ենթարկված անձին այնպիսի հարցեր տալ, որոնք ուղիղ պարունակում են մեղադրանք և անգամ  իրենց թույլ տան ուղղակի կշտամբել։ Օրինակ եմ հիշում, որ քննիչը մի կնոջ ասել էր՝ «Դուք եք մեղավոր, որ ձեզ հետ այդպես են վարվում, որովհետև դուք անինքնասեր եք, գալիս բողոքում եք, հետո ձեր բողոքը հետ եք վերցնում»։ Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց, ցավոք, միակը չէ, որովհետև ընտանեկան բռնության ենթարկված շատ կանայք են ինձ պատմել նման վերաբերմունքի մասին։

Արդյոք բռնության ենթարկվածը ստանում է որևէ աջակցություն պետության կողմից։

-Այո՛, բռնության ենթարկված անձը, մասնավորապես՝ ընտանեկան բռնության ենթարկվածը, ստանում է պետության աջակցությունը։ Ամբողջ հանրապետությունում, բոլոր մարզերում և Երևանում գործում են բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ, որոնց ֆինանսավորումը մասնակի ապահովում է պետությունը։

Եթե բռնության ենթարկվածն անչափահաս է, շատ հաճախ նախընտրում է լռել, չասել ծնողին կատարվածի մասին, ոչ էլ տեղեկացնում է իրավապահ մարմիններին։ Ինչպե՞ս մեդիան կարող է ազդել հասարակության վրա, որպեսզի մարդիկ կարողանան պատմել իրենց հետ կատարվածը։

-Մեդիան, իհարկե, հսկայական ազդեցություն ունի լսարանի վրա։ Մասնավորապես, կարող է խնդրի մասին բարձրաձայնել, իրազեկել, ապահովել այն թեժ գիծ հեռախոսահամարները, որոնցից կարող են և անչափահասները օգտվել բռնության ենթարկվելու դեպքում և առհասարակ խրախուսել մարդկանց՝ անկախ տարիքից, որ չլռեն։ Բայց, իհարկե, մեդիան կդժվարանա լուսաբանել անչափահասի նկատմամբ բռնությունը, եթե հատկապես դա ծնողի կողմից է եղել, որովհետև այստեղ բավականին զգայուն իրավիճակ է և պետք է շատ զգույշ գործել՝ բռնության ենթարկված երեխային էլ ավելի չվնասելու համար։

Հիմնականում ո՞ւմ է առաջինը   մեղադրում կամ թիրախավորում հասարակությունը։

-Հասարակությունը միշտ հակված է դատապարտել, մեղադրել բռնության ենթարկված անձին, որովհետև այդպես ավելի հեշտ է։ Շատ եմ նկատում միտում հենց կանանց կողմից, որոնք ասում են՝ բա ինչո՞ւ մեր հետ տեղի չի ունեցել, այլ քեզ հետ եղավ, ուրեմն դու մի բան էն չես արել։ Կարծես թե չընկալելով փաստը, որ դա կարող է ցանկացած մեկի հետ լինել, անկախ նրանից, թե դու ինչպիսի վարքագիծ կդրսևորես։ Ես, իհարկե, երբեք չեմ ուզենա, որ այդ նույն կանայք բռնության միջով անցնեն։ Համոզվեն, որ կարող է իրենց հետ էլ լինել, բայց այսպիսի առաջին միտքը միշտ գալիս է՝ ինչ է արել անձը, որին բռնության են ենթարկել, չեն հարցնում՝ ի՞նչ է արել բռնարարը, ի՞նչ պատիժ է ստացել բռնարարը։ Առաջին հերթին մտածում են՝ ինչ է արել բռնության ենթարկված անձը։

Բռնության ենթարկված կինն ինչպե՞ս պետք է դիմի իրավապահ մարմիններին, ի՞նչ մեթոդներով, որ ագրեսորի կողմից հետագայում չենթարկվի բռնության։

-Բռնության ենթարկված կինը, դիմելով իրավապահ մարմնին, ցավոք սրտի, չի երաշխավորում այն, որ իր հետ այլևս դա չի կրկնվի։ Այստեղ ռիսկերը բազմաթիվ են, բայց մեր օրենսդրությունը թույլ է տալիս պաշտպանական որոշում կայացնելու, որը խախտելու դեպքում բռնարարին հավելյալ քրեական պատասխանատվության կարող են ենթարկել, և սա զսպման որոշակի մեխանիզմ է։ Պաշտպանական որոշում հիմնականում կիրառում են հենց բռնության կրկնությունը կանխելու նպատակով։ Օրինակ՝ կարող են որոշել, որ բռնարարը իրավունք չունի մոտենալ կնոջը 20 մետրից ավելի, 20 օր ժամանակով, եթե իրաիճակը շատ ռիսկային է, և կինը, իսկապես, մեծ վտանգի տակ է բռնության ենթարկվելու, կարող են նաև ժամանակավոր տեղափոխվել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարաններ։

Լրատվամիջոցներից մեկը գրել էր՝ մայիսի 27-ին, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, վարորդը բռնության էր ենթարկել 25-ամյա կնոջը։ Արդյոք այս դեպքը ճիշտ էր լուսաբանվել, որովհետև բռնության ենթարկվածին հենց կանայք էին մեղադրում՝ ասելով, որ եթե այդ ժամին դրսում չլիներ, ոչինչ էլ տեղի չէր ունենա։

-Ճիշտն ասած՝ Փարվանայի մոտակայքում տեղի ունեցած բռնության դեպքին ծանոթ չեմ և ծանոթ չեմ, թե ինչպես է լուսաբանվել, բայց կարող եմ ասել, որ, իհարե, լրատվամիջոցները որոշակի մեղքի բաժին ունեն խնդրի լուսաբանումը ոչ պրոֆեսիոնալ անելու առումով, բայց հավատացեք, որ անգամ ամենապրոֆեսիոնալ լուսաբանված և զոհակենտրոն լուսաբանման ներքո կկարդանք մեկնաբանություններ, որտեղ կմեղադրեն կնոջը։ Այստեղ դարձյալ գործում են կարծրատիպերը, հենց ձեր բերած օրինակով, որ համարում են, որ կինը գիշերային ժամին չպետք է տնից բացակայի, իսկ եթե բացակայել է, ապա արժանի է, որ բռնության ենթարկվի և դա մնա անպատիժ։ Ընդամենը կարծրատիպ, որ գիշերային ժամին կինը պիտի տանը լինի,  իսկ, օրինակ, տղամարդը ոչ միայն կարող է դրսում լինել, այլև կարող է բռնություն գործադրել և մնալ անպատիժ։

Հնարավո՞ր է՝ պետական մարմիններն իրենք թիրախավորեն  բռնության ենթարկվածին։

-Այո՛, պետական մարմինները կարող են թիրախավորել բռնության ենթարկված անձին։ Կարող են համոզել, օրինակ, որ վերադառնա բռնարարի մոտ, ինչի իրավունքը բցարձակ չունեն։ Քննիչ, ոստիկան, դատավոր. մեր կազմակերպությունը մշտադիտարկում է ընտանեկան բռնության գործերով դատական նիստերը և մինչդատական վարույթները, և փաստացի արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ բռնության ենթարկված կնոջը մեղադրում են նույնիսկ ուղղակի բառերով՝ վիրավորանք են հասցնում և կամ համոզում են, որ նա վերադառնա բռնարարի մոտ, իսկ մեկ այլ ցնցող դեպքում, օրինակ, կինը, որ ամուսնալուծման փուլում էր, պատմում էր, որ երեկոյան ժամերին մի քանի քննիչից վայբերին նամակներ, զանգեր է ստացել, որոնք փորձել են նրա հետ արտաաշխատանքային կապ հաստատել՝ կարծելով, թե կինն արդեն ամուսնալուծվում է, պետք է որ շատ ազատ և մատչելի լինի իրենց համար։ Ստացվում է, որ կինը դիմում է իրավապահներին, բայց մի հատ էլ պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկի, որպեսզի նույն իրավապահներից պաշտպանվի։

Մարիամ Ստեփանյան

4-րդ կուրս

Կիսվել