Ուսումը ավարտելուց հետո մնա՞լ Երևանում, թե՞ վերդառնալ մարզ

Ուսումը ավարտելուց հետո մնա՞լ Երևանում, թե՞ վերդառնալ մարզ

524

Մարզաբնակ երիտասարդները բուհում սովորելու համար փոխում են բնակության վայրը՝ տեղափոխվում Երևան, և, կրթությունն ավարտելուց հետո, շատերը նախընտրում են իրենց մասնագիտական ուղին շարունակել հենց մայրաքաղաքում։ Նրանց խոսքով՝ պատճառը ՀՀ մարզերում աշխատատեղերի պակասն ու բացակայությունն է։ 

Ալինան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է։ Սովորում  է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնում։

Զրույցի ընթացքում Ալինան ասաց, որ շատ կուզեր ետ վերադառնալ, սակայն Երևանում ավելի մեծ առավելություններ ունի, դրա համար ձգտում է մնալ մայրաքաղաքում․ «Ես, ունենալով բարձրագույն կրթություն, մեր մարզում համապաստասխան աշխատանք չգտնելով, որոշեցի հաստատվել Երևանում, քանի որ մտածում եմ, որ այստեղ մասնագիտական և ոչ մասնագիտական ոլորտներում առաջընթացի ավելի շատ հնարավորություններ ունեմ»։

Անի Հոսյանը ՀՀ Լոռու մարզից է։ Լինելով երկրաբան՝ ցանականում էր աշխատել իրենց գյուղի հանքում, որը, սակայն, վերջերս փակվեց։ Այս դեպքից հետո Անին որոշեց մնալ Երևանում և աշխատանքը շարունակել ֆինանսական ոլորտում։

Մասնագիտական ուղղվածության աշխատանք չգտնելու պատճառով  Դավիթը և Արմենը ստեղծել են իրենց սեփական բիզնեսը։ Դավիթը մասնագիտությամբ գյուղատնտես է, ներկայումս զբաղվում է բեռնափոխադրումներով, իսկ Արմենը ունի
ավտոպահեստամասերի իր խանութը։

Այս իրականությանը զուգահեռ Լարիսա Հովհաննսիյանը 2013 թվականին ստեղծեց  «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունը, որը շրջանավարտ ուսանողներին հնարավորություն է տալիս հինգշաբաթյա վերապատրաստումից հետո դասավանդել  մարզերի դպրոցներից մեկում։ Լարիսան սովորել է ԱՄՆ-ում։ 2010 թվականին  «Teach for America» ծրագրին գրանցվում  է 55000 մարդ, որից ընտրվում է 5500։ Լարիսան այդ ընտրվածներից մեկն է։ Երկու տարի Արիզոնայում կրակոցների ձայների ներքո դասավանդելուց, երեխաների համար կրթության կարևորությունը հասկանալուց հետո  Լարիսան հասկանում է, որ Հայասատանում նույնպես այս ծրագրի կարիքը կա։ Կազմակերպության սաներից 26-ամյա Արշակ Պողոսյանն արդեն երկու տարի է կատարում է իր՝ ուսուցչի առաքելությունը նախ Արցախում, իսկ պատերազմից հետո Լոռու մարզի Քարինջ գյուղում։

Երիտասարադ ուսուցչի համար դժվար էր թողնել Երևանը և տեղափոխվել գյուղ, բայց ոչ անհաղթահարելի։ Մեզ հետ զրույցում ասաց․ «Շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ փոքր տարիքից սովորեցնում էին ինքնուրույն կյանքին։ Իրենք ինձ ուղարկում էին տարբեր խմբակների, ու ես էի տրանսպորտ փոխում, ինքնուրույն գնում և երեկոյան վերադառնում»։ Այնուհետև հավելեց, որ գյուղի մարդիկ միշտ իր հետ էին, օգնում էին, չէին թողնում, որ իրեն միայնակ զգա․ «Առաջին օրը, երբ գնացի Լոռի, անգամ տնօրենը, բնակիչները ինձ դիմավորեցին, օգնեցին տունը կարգի բերել, հյուրասիրեցին»։ Չնայած բազում դժվարություններին՝ մարզում ուսուցչի աշխատանքը տալիս է իր քաղցր պտուղները։ Երեխաները երիտասարդ ուսուցչին իրենց ընկերն են համարում։  Արշակը ժպիտով հիշեց, որ իր աշակերտների հետ շատ էր կապվել․ «Ես հիշում եմ, որ մի քանի օր բացակայությունից հետո գնացել էի դպրոց, երեխաները վազելով եկան, գրկեցին, ու էդ պահերին էր, որ հասկանում էի՝ իմ աշխատանքը անարդյունք չէ»։

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել