Journalist.am–ը զրուցել է LemonAng բրենդի հիմնադիր Անժելա Մալոյանի հետ։ Խոսել ենք կավից ծնունդ առնող բաժակների մասին, որոնք սովորաբար զարդարված են լինում պատվիրատուի կերպարով, այլ կերպ ասած` մինի տարբերակով. դրանց հետաքրքիր և տարբերվող դետալների մասին զրույցի ընթացքում պատմում է Անժելան․
-Ե՞րբ և ի՞նչպես եք սկսել նման դիզայնով բաժակներ պատրաստել։
-Դեռ ուսանողական տարիներից եմ սկսել կավով ստեղծագործել: Ժամանակի ընթացքում հոբբին դարձավ սեփական բիզնես: Երկար եմ ուսումնասիրել կավը, անընդհատ փորձելով, կատարելագործել եմ աշխատանքներս, արդյունքում իմ սիրունիկները ամեն օր ժպիտ են պարգևում, ինչպես նաև փոխանցում դրական էներգիա:
-Քանի որ աշխատանքը բավականին ժամանակատար է, ինչպե՞ս եք սահմանում արժեքը։
-Առավելագույնս օպտիմալ արժեք եմ սահմանել, որը թույլ կտա մեծամասնությանը ձեռք բերել իմ աշխատանքներից: Գնագոյացման հիմքում նյութատարությունն ու աշխատատարությունն է:
-Նման աշխատանքներ կատարելիս ի՞նչպես եք դրսևորում Ձեր սեփական ձեռագիրը։
-Քանի որ ինքնուս եմ և աշխատանքներիս դետալների մեծ մասը ինքս եմ մշակել, հորինել, ինչպես օրինակ տիկնիկներիս մազերի ձևը, և նմանատիպ շատ այլ բաներ, հենց դրանցով էլ փորձել եմ ընդգծել ձեռագիրս:
Ունեմ աշխատանքներ, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս չեք կարող հանդիպել, օրինակ` հղիների կերպարներով կավից պատրաստված տիկնիկները: Աշխատանքներումս դետալները, գունային համադրությունները, տիկնիկների նորաոճ հագուստները ու ամենատարբեր ձևորով վարսերը յուրօրինակ են: Շեշտեմ, որ ինչպես ցանկացած հաջողած ապրանքանիշի, այնպես էլ իմ ապրանքանիշի դեպքում շատ են կրկնօրինակումները, բայց, անխոս, բնօրինակի հետ համեմատելիս նկատելի են տարբերությունները: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ կավագործների, ովքեր ստեղծագործում են առանց այլոց կրկնօրինակելու:
-Կարո՞ղ եք նշել այն կարևոր հատկանիշները, որոնք Ձեզ պետք են գալիս այս աշխատանքում։
-Կառանձնացնեմ կատարելության ձգտումը, որը ինձ մոտ հաճախ նույնիսկ ծայրահեղության է հասնում: Յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր կերպար պետք է կատարյալ լինի, առանց նույնիսկ փոքրիկ թերությունների: Սթրեսակայունությունը և սեղմ ժամկետներում աշխատելու կարողությունը ևս մեծ տեղ ունեն բիզնեսում:
-Դուք ակտիվ եք նաև Տիկ-տոկ հավելվածում։ Նմանատիպ հարթակները ինչքանո՞վ են օգնում Ձեր աշխատանքների վաճառքին։
-Օնլայն հարթակները վաճառքների ծավալները մեծացնելու հիանալի հնարավորություն են ընձեռում, ինչպես նաև հանդիսանում են շատ լավ հնարավորություն ճանաչելիության համար, որի շնորհիվ էլ նոր համագործակցությունների առաջարկներ ենք ստանում։
-Այս աշխատանքում ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
-Հաճախորդներիցս շատերը գրում են, որ անտրամադիր ժամանակ բաժակով թեյում և ուրախանում են, տրամադրությունները փոխվում է, հենց սա էր նպատակս ի սկզբանե: Բացի այդ, անընդհատ նորը ու ավելի լավ ստեղծելու հնարավորությունս անսպառ է, հետաքրքիր է անընդհատ կերտել կերպարներ, որոնք նախկինում երբևէ չեն եղել ու չեն կրկնվել:
-Ի՞նչ եք ուզում սպառողին փոխանցել Ձեր աշխատանքներով։
-Հաճախորդների կողմից շատ եմ ստանում հոլովակներ, որտեղ ես տեսնում եմ նվերը ստացողի էմոցիաները, բոլորի հետ հավասար ուրախանում եմ: Իրենց մինի տարբերակների միջոցով փոխանցում եմ էմոցիաներ ու ժպիտներ, ոչ միայն նվերը ստանալու պահին, այլև ամեն անգամ սրճելիս կամ թեյելիս:
-Ինչպե՞ս եք անվանել Ձեր փոքրիկ բիզնեսը։
-Երկար էի մտածում անվան շուրջ, սկզբում միայն բաժակի հետ կապված անվանում էի ուզում ունենալ, հետո հասկացա, որ ժամանակին զուգընթաց բիզնեսն ընդլայնելու եմ ու այլ պրոդուկտներ ևս ունենամ: Անունս շա՜տ եմ սիրում, ու չէր կարող բրենդի անունը իմ անվան հետ կապ չունենալ, իսկ ցիտրուսների` հատկապես կիտրոնի, հանդեպ «թուլությանս» մասին գիտեն բոլոր մտերիմներս: Հենց այսպես էլ իմ երկու սիրելի բառերով կոչեցի իմ բրենդը` LemonAng:
-Հետագայում աշխատանքային ի՞նչ պլաններ ունեք:
-Մի քանի նոր պրոդուկտ արդեն հասցրել եմ կյանքի կոչել, շուտով կլինեն նաև վաճառքում, արդեն ունենք աշխատակից, ու հուսամ՝ դեռ շատ աշխատատեղեր կկարողանամ ստեղծել, ոչ հեռու ապագայում փոքրիկ խանութ-արհեստանոց կունենանք, որտեղ կստեղծենք մեր սիրունիկներին:
Օֆելյա Հովհաննիսյան
4-րդ կուրս