Ապագա լրագրողները հյուրընկալել էին «Ազդակ» օրաթերթի խմբագրապետին

Ապագա լրագրողները հյուրընկալել էին «Ազդակ» օրաթերթի խմբագրապետին

835

Փետրվարի 10-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր և տնօրեն, միջազգային հարաբերությունների քաղաքագետ- վերլուծաբան Շահան Գանտահարյանին։

 Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջույնի խոսքում նշեց, որ «Ազդակը»  ունի հմուտ խմբագիր և խմբագրակազմ: Նրանք կարողանում են զգալ ժամանակի շունչը և արձագանքել օրվա խնդիրներին, որոնք համազգային են, համայն հայությանն են:

Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ  «Ազդակն» այսօր էլ շարունակում է Սփյուքում  դիմագրավել Հայ Դատին ուղղված տարբեր մարտահրավերները: Մասնավորապես մեր օրերում առավել սուր կերպով դրված են Արցախի անվտանգության, արցախահայության իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, որոնց նվիրված հրապարակումները  չեն իջնում թերթի էջերից:

Այնուհետև խոսքը տրվեց «Ազդակի» խմբագիր Շահան Գանտահարյանին: Խմբագրապետը ներկայացրեց թերթի մասնագիտական առօրյան,  ձեռքբերումները և այն խնդիրները, որոնց հաղթահարումը Սփյուռքում զգալի ջանքեր է պահանջում խմբագրակազմից: Գանտահարյանը ուսանողներին ներկայացրեց նաև թերթի աշխատանքները տեղեկատվական նոր տեխնոլոգիաների պայմաններում, համացանցում սեփական կայքով հանդես գալու առավելություններն ու դժվարությունները և նշեց, որ անկախ գլոբալացման նոր մարտահրավերներից՝ «Ազդակը» շարունակում է հավատարիմ մնալ Սփյուռքում հայության միասնական պայքարի սկզբունքներին, Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններում համազգային շահով առաջնորդվելու գաղափարներին,  Հայ դատի  խնդիրների լուծման ուղղությամբ  նոր լուծումների փնտրտուքին:

Այնուհետև Շ. Գանտահարյանը պատասխանեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հարցերին՝ ուրախությամբ խոստովանելով, որ նրանց լրջմիտ հարցադրումները վկայում են լրագրողների նոր սերնդի ազնիվ մտահոգությունը Հայաստանի  ներկայի ու ապագայի հանդեպ:

Նանե Ավանեսյան 

Ալբերտ Ավետիսյան

2-րդ կուրս 

Կիսվել