Կետը մարկետ է և ոչ միայն

Կետը մարկետ է և ոչ միայն

585

Անահիտ աստվածուհու պատկերով պաստառներ ամեն փողոցում, ու քաղաքի ամեն անկյունում նրա նկարով սթիքերներ. այս ամենը հուշում է, որ երկրորդ «Կետ» մարկետին մնացին հաշված օրեր։ Սեփական բրենդներով ուրիշ մարկետներին մասնակցելուց հետո Կարենն ու Արան որոշեցին, որ իրենք էլ պետք է «իրենցն անեն»։

«Նման մարկետների շատ ենք մասնակցել, բայց ուզում էինք մերն ունենալ, որը կլիներ ավելի մատչելի, ավելի լավ պայմաններով, և որին կմասնակցեին ավելի շատ հայկական բրենդներ,- նշեց Կարեն Հովհաննիսյանը և հավելեց,- անվան ընտրության հարցում շատ ենք մտածել։ Սկզբում մտածում էինք՝ կարելի է ինչ-որ փողոցի անուն վերցնել, հետո փոշմանեցինք։ Ես ասում էի ՝ «Մեծ» մարկետ անվանենք, բայց, ի վերջո, ընտրեցինք Արայի առաջարկած տարբերակը ու մեր մարկետը կոչեցինք «Կետ»»։

Անվան ընտրությունից հետո անհրաժեշտ էր տարածք գտնել, որը պետք է գտնվեր «Կենտրոնում», այլ ոչ թե ինչ-որ հեռու վայրում։ Ի վերջո ընտրվեց «Խուլ ու համրերի մշակույթի և սպորտի կենտրոնը»։

«Գնացինք, խոսեցինք, պայմանավորվեցինք. մի քիչ բարդություններ առաջացան։ Մշակույթի կենտրոնում երբեք նման բան չէր եղել, անգամ չէին պատկերացնում, թե ինչ է կատարվելու։ Սկսեցինք արդեն գովազդներ տարածել, հետաքրքիր փաստեր հավաքել շենքի մասին, բայց էդպես էլ չիմացանք, թե ով է ճարտարապետը. ոչ ոք տեղյակ չէր, ո՛չ տնօրենը , ո՛չ  աշխատողները»,-ասեց նա։

Դեկտեմբերի 18-ին Կողբացի 69 հասցեում գտնվող «Խուլ ու համրերի մշակույթի և սպորտի կենտրոն» այցելեցին երեք հազարից ավելի հաճախորդներ, ովքեր, ուսումնասիրեցին ծանոթ և անծնոթ ապրանքները, համտեսեցին և գնումներ կատարեցին:

«Երկրորդ մարկետի տեղանքի որոնումները շատ-շատ երկար տևեցին։ Ես ամեն օր դուրս էի գալիս, քայլում էի, ման էի գալիս, թե որտեղ կարելի է անել։ Մի քանի տարածքներ ունեինք աչքի տակ, բայց ընտրեցինք «Հայաստանի նկարիչների միության» շենքը, որը ամենահամապատասխանն էր։ Երկրորդ մարկետը նվիրված կլինի Անահիտ դիցուհուն, ով հենց «Հայաստանի նկարիչների միության» խորհրդանիշն է»,-մանրամասնեց Կարենը։

«Ի սկզբանե միայն առաջին հարկը պետք է ծառայեր որպես մարկետի սրահ, բայց օր օրի բրենդները շատանում էին, ու մենք որոշեցինք միանգամից երեք ցուցասրահներն էլ վերցնել»։

Բացի Արայից ու Կարենից երկրորդ «Կետ» մարկետի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Գոռ Հարությունյանը։ Երկրորդ մարկետին մասնակցելու համար կազմակերպիչները ստացել են մոտ երկու հարյուր հայտ, բայց ոչ բոլորին են կարողացել ընդունել։ Մարկետի հետ կապված շատ ծրագրեր ունեն, ուզում են այն ընդլայնել ու ավելի զարգացնել։

Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ վայր է «Կետ» մարկետը մարդկանց համար, Կարենը պատասխանեց.

«Դե, մարկետը էն տեղն է, որտեղ հավաքվում են հավես մարդիկ, ընկերներ ու անցկացնում են շատ լավ ժամանակ։ Մարկետը միավորում է ծանոթ ու անծանոթ մարդկանց մեկ վայրում»։

Վիկտորիա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել