Ճանաչենք մեր հերոսներին․ Կարեն Արմենի Մելիքսեթյան

Ճանաչենք մեր հերոսներին․ Կարեն Արմենի Մելիքսեթյան

669

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում քաջաբար զոհվել է Կարեն Մելիքսեթյանը։ Կարենը ծնվել է 2001 թ.-ի  մարտի 5-ին Դիլիջան քաղաքում։

Հերոսի մասին զրուցել ենք քրոջ՝ Սեդա Մելիքսեթյանի հետ։ Սեդան անկեղծ պատմել է եղբոր մանկության, պատանեկության, սովորությունների ու բանակում անցկացրած օրերի մասին։

Կարենի ու Սեդայի միջև տարիքային տարբերությունը երկու տարի է։ Կարենը՝ տան փոքրն էր, բոլորի ուրախությունն ու հպարտությունը։

Մանկության դրվագները Սեդայի աչքի առաջ են․ պատմում է եղբորից, ու անզուսպ կարոտը խեղդում է կոկորդը․ «Եղբայրս չարաճճի երեխա էր, հիշում եմ՝ մի անգամ հայրիկիս մեքենայի բանալիները թաքուն վերցրել էր ու քշել գնացել, երբ հայրս տեսավ, որ մեքենան չկա, զանգեց Կարենին, ասաց, որ գոնե զգույշ ու ուշադիր լինի: Պարզվեց՝ մեքենան արդեն տուգանային հրապարակում էր, եղբայրս պատասխանել էր՝  պապ ջան հանգիստ եղիր, մեքենան ապահով ձեռքերում է»։

Կարենը անսահման բարի էր, մարդասեր ու ծնողապաշտ, երբեք անտեղի ոչ ոքի չէր նեղացնի։ Հերոս տղայի մասին հարազատ քաղաքում բոլորը մեծագույն սիրով ու ջերմությամբ են հիշում։ «Կարենս դիմացինի մասին միշտ ավելի շատ էր մտածում, քան իր: Ընկերները պատմում են, որ երբ բանակում էր, ու հագուստ էինք ուղարկում, բաժանում էր դիրքի տղաներին, ու բացարձակ կապ չուներ, որ հնարավոր է իրենը ավելի մաշված լիներ»։  

Կարենի տարերքը խոհարարությունն էր, փոքր տարիքից սիրել է այդ մասնագիտությունը, ու հենց դա էր պատճառը, որ որոշեց զբաղվել այդ գործով․ «Տատիկիս հետ նոր տարվա տոլման փաթաթում էր, ես նման գործեր չէի սիրում, բայց ինքն էնքան հավեսով էր անում դա։ Շատ էր ուզում զբաղվել այդ մասնագիտությամբ։ Մտադիր էր բանակից գալուց հետո ուսումը շարունակել։ Նպատակ ուներ ռեստորան ունենալ»։

Հեռու տանող նպատակների ճանապարհին Կարենը  դեռ պիտի ծառայեր հայոց բանակում։ 2019 թ.-ի հուլիսի 15-ին հերոսը մեկնեց ծառայության, Հադրութում էր ծառայում․ «Կարենս ծառայությունից երբեք չի բողոքել, միշտ գոհ էր, մեծ հպարտությամբ էր ծառայում, դիրքի ավագն էր, հարգված ու սիրված բոլորի կողմից»։

2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից սկած հերոսը մարտնչել է հանուն հայրենքի, ասում են՝ ոչինչ չկարողացավ փոխել նրա կենսատու ժպիտը, որն անգամ պատերազմի թեժ մարտերում սփոփում ու խաղաղեցնում էր ծառայակից ընկերներին։

Առաջին օրերից սկսած կռվել է ամենավտանգավոր դիրքերում, բայց ընտանիքի անդամներին հանգստացրել է, ասելով՝ հեռու տեղում եմ, արկերի ձայնն էլ հեռվից է գալիս։ Կռվի ընթացքում վիրավորվել է, տեղում բուժօգնություն է ստացել և շարունակել մարտը։ Դիրքերից իջնելու մասին խոսք գնալ չէր կարող։

Կարենի մասին բոլորը միաբերան ասում են՝ տղան հայրենասեր էր, անձնվեր ու իրական զինվոր։ Հերոսի համար հայրենիքի ամեն թիզը հարստություն էր։

Ընկերը՝ Սևակը, որի հետ ծանոթացել էր պատերազմի ընթացքում, հիշում է, թե ինչպես էր Կարենը ծոցագրպանից հանում  սիրած աղջկա նկարը, նայում, դնում գրպանն ու նետվում կռվի, ասելով՝ խրամատս երբեք չեմ թողնի․․․

Չթողեց․․․

Հերոսը կռվեց մինչև վերջին շունչն ու անմահացավ հոկտեմբերի 31-ին՝ Մարտունիում։

Ցավը, որն ամբողջ կյանքում ուղեկցելու է Մելիքսեթյանների ընտանիքին,  հպարտությամբ է ողողված։ Սեդան ասում է․ «Թո՛ղ եղբորս ու իր ընկերների արյամբ պահված հողը ետ վերադառնա, թո՛ղ այլևս պատերազմներ չլինեն, ու ոչ ոք չզգա այն՝ ինչ զգացինք մենք: Ես այդ օրը հիշել չեմ ուզում, չնայած գիտեմ՝  նման բաները  հիշողությունից երբեք չեն ջնջվում։ 9 օր անց էլ պատերազմը ցավալի ավարտ ունեցավ, ախսոսանքը մեծ է, շա՜տ մեծ։

Երանի հնարավոր լիներ, ու  ասեի, որ անսահման շատ եմ սիրում իրեն, հպարտանում եմ իր ամեն քայլով, բայց միևնույն ժամանակ անասելի կարոտում եմ ու սպասում․․․ Ցավո՜ք,սպասումը դարձավ հոգուս ամենածանոթ ու ամենաատելի զգացումը»․․․

Նելլի Իգիթյան

4-րդ կուրս

Կիսվել