Ծաղիկի անսպառ սերը, «Կաթիլն» ու ստեղծագործ միտքը

Ծաղիկի անսպառ սերը, «Կաթիլն» ու ստեղծագործ միտքը

671

Հոգին Տավուշի անտառներում թողած, սիրտն ու ուղեղը երիտասարդության զարգացման ուղին փնտրելու ճանապարհը բռնած Ծաղիկը «Կաթիլ» նախաձեռնող խմբի անդամ է և ՀՊՄՀ  Սոցոլոգիայի ֆակուլտետի ուսանող։ Իրականացնում է երիտասարդական-բնապահպանական սեմինար-ծրագրեր, իսկ ազատ ժամանակն օգտագործում է ստեղծագործելու, ինքնակրթվելու, երիտասարդներին իրազեկելու և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։

«Կաթիլ»-ից՝ սոցոլոգիայի ֆակուլտետ

Սոցոլոգիայի ֆակուլտետ եկել եմ որպես  «Կաթիլ» նախաձեռնող խմբի անդամ  և հասարակական ակտիվ կյանքով զբաղվող մարդ։ 15 տարեկանից սկսել եմ հասարակական գործունեությունս։ Լավագույն ձեռքբերումներիցս մեկը համագործակցությունն էր ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի հետ․ ամենակարևոր ու դրական ազդեցություն ունեցող կազմակերպություններից է եղել, որի հետ համագործակցել եմ ու իր զգալի հետքն է թողել ինձ վրա։ 2018-ն էր, երբ ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի «Հզորացնելով երիտասարդների հմտությունները մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման համար» ծրագրով հիմնադրեցինք «Կաթիլ»-ը։ Վերադառնալով համայնք՝ որոշեցինք թիմի անունը՝ «Կաթիլ», այն բոնորոշմամբ, որ յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է փոքր կաթիլներից։ Որոշեցինք մեր համայնքի փոքր օվկիանոսը հավաքել կաթիլներից, բայց երբեք չասել, որ դարձանք օվկիանոս։

Զարգացումը շարունակական գործընթաց է ու եթե ասենք՝ վերջ, զարգացել ենք, կսկսենք տեղում դոփել։ Մենք կաթիլ-կաթիլ զարգացնելու ենք համայնքը՝ նպաստելով երկրի զարգացմանը։ Ծրագրին մասնակցելուց հետո իմ կյանքը բաժանվեց 2 մասի՝ դպրոց, դասեր ու հասարակական կյանք։ Քանի որ արդեն ոչ ֆորմալ կրթության մեջ էի ու ոչ միայն սովորում էի, այլև ստացածս գիտելիքները փոխանցում իմ ու հարակից համայնքի երիտասարդներին, առավել կարևորվում ու մեծանում էր իմ դերը հասարակության մեջ։ Հետո սկսեցի փորձի փոխանակման գնալ։ Ինձ հետաքրքրեց հասարակական կյանքը, որովհետև գիտեմ, թե որքան խոչընդոտներ ու խնդիրներ կան համայնքում, ու որպես մարդ, ով այս խնդիրները ներկայում ու ապագայում կարող է ևս կրել, որոշեցի իմ ներդրումն ունենալ խնդիրները որոշակի հաղթահարելու գործում։ Սոցոլոգիայի ֆակուլտետ եկա, որովհետև խնդիրները բազմաթիվ էին ու լուծումներ էին պահանջում, իսկ սոցոլոգիան գլխավոր գրավականներից մեկն է՝ որոշակի լուծումների հասնելու համար։

 «Կաթիլ»-ի դերը հասարակության կյանքում

«Կաթիլ» նախաձեռնող խումբը երիտասարդների հմտություններն ու գիտելիքները զարգացնելու խթան ու միջոց է։ 4 տարի շարունակ զբաղվում ենք հիմնական երկու ուղղություններով՝ բնապահպանություն և գենդերային հավասարություն, ընթացիկ տեղեկություններ ենք տալիս նաև կամավորության, համայնքային ներգրավվածության և Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) հետ հնարավոր համագործակցության մասին։ Սկզբում խոչընդոտներն ու դժվարությունները շատ-շատ էին․ հաղթահարելով՝ հասանք այն բանին, որ այսօր համայնքում ունենք 300-ից ավելի կամավոր, ովքեր հստակ պատկերացնում են կամավորության կարևորության, պատասխանատվության և, առհասարակ, մասնակցության մասին։ «Կաթիլ»-ի զարգացման կարևորագույն հիմքը մեր սերն ու պատասխանատվությունն էր համայնքի ու մեր ծննդավայրի նկատմամբ, ինչպես նաև պարտավորվածությունը՝ երկրի համար լավ քաղաքացի լինելու։

Հասարակական կյանքի սկիզբը

Առաջին աշխատանքս բնապահպանական բնույթի էր՝ ծառատունկ։ Իրականացրել ենք Այրում խոշորացված համայնքի 8 բնակավայրում։ Բահով փորել, ծառը տնկել եմ, հետո՝ ջրել, հիմա տեսնում եմ, թե ինչպես են օրեցօր եղևնիներն աճում, բարձրանում։ Ֆանտաստիկ էր 2018-ին գյուղում այդպիսի ծրագիր սկսելը։ Հասարակությունը նոր էր երիտասարդական ակտիվ կյանքին հարմարվում։ Հեղափոխությունից հետո մենք ավելի կտրուկ քայլերով էինք առաջ գնում, վստահ էինք, որ ապագան մեր ձեռքերում է։ Եթե մենք չփոխենք, բա էլ ո՞վ փոխի։ Հասարակական կյանքը չի կարող լավ ազդեցություն չունենալ, այն օգնում է անձնապես զարգանալ, փորձ ու հմտություններ ձեռք բերել, ունենում ես  հասարակական կապեր, կապիտալ, բայց որ ամենակարևորն է՝ քեզ լիարժեք մարդ ես զգում երկրիդ ու պետությանդ համար։ Վերջերս մասնակցեցի ծրագրի՝ Բուլղարիայում, առաջին փորձս էր երկրից դուրս։ Ծրագիրը կազմակերպվել էր  «Եղվարդ» ՀԿ-ի կողմից։ Դիմելու պատճառը բանապահպանության թեման էր՝ պետք է ստեղծեինք փոստքարտեր, որոնք ասելիք ու ուղերձ կունենային։

Ինձ մեր գործունեության մեջ ամենաշատ գրավողը բնապահպանությունն է․ ես հոգով կապված եմ բնությանը, գուցե, մի քիչ չափից շատ (ժպտում է,- հեղինակ)։ Միշտ ձգտելով բնության պահպանությանը՝ հասկացա, որ ծրագիրն իմ ներսում սկսում է եռալ, ինչպես թեյամանի ջուրը՝ գազի վրա։ Դիմեցի ու անցա։ 14 օր երկրից դուրս ենք գնացել՝ հատուկ նպատակով։ Մենք՝ Հայաստանի երիտասարդներս, կարևորում էինք փորձի փոխանակումը։ Եւ հետո՝ «Եղվարդ» ՀԿ-ն մեզ փորձ ու հմտություն է տալիս, քանի որ երկար տարիներ նրանք այս ոլորտում են։ Այնտեղից վերադառնալուց հետո  բնապահպանության հետ կապված նոր գաղափարներ ու մտքեր են առաջացել գլխումս։ Սմոլյանում, տպագրվեց իմ՝ բնապահպանական թեմայով փոստքարտը։ Լճի բնապատկերն էր ու գրություն՝ «Բնությունն ապրում է մեր մեջ»։

ՀՊՄՀ ուսանողը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալակիր

«Գարեգին Նժդեհ» մեդալը ստացել եմ 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո՝ պատերազմական իրավիճակում, հասարակություն և բանակ կապի ամրապնդման համար։ Այդ օրերին բոլորիս համար էր դժվար։ Առաջին կուրսում էի սովորում, մի կողմից քովիդն էր, մյուս կողմից՝ անորոշությունը։ Սկսել էինք օնլայն համակարգում սովորել, որն էլ իր հերթին էր դժվարություններ առաջացնում․ բարդ էր համալսարանից կտրվել, այսեղի ադապտացիայից դուրս գալ, վերադառնալ համայնք, դասերին օնլայն միանալ ու հանկարծ սկսվում է պատերազմ։ Բոլորիս համար առաջնային է դառնում անվտանգության խնդիրը՝ կյանքի կարևորության գիտակցումն ու սահմանային լարվածությունը։ Առաջին բանը, որ մտածեցի՝ ի՞նչ անել տեղում օգնել կարողանալու համար։ «Կաթիլ»-ի երիտասարդներով սկսեցինք իրազեկել հասարակությանը, համայնքի բնակիչների հետ կազմակերպեցինք սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրում։ Ուղարկում էինք թե՛ Տավուշի դիրքեր, թե՛ Արցախ։ Դրանից հետո մի գաղափար առաջացավ, քանի որ եղանակը խոնավ էր, դիրքերում սկսել էր ձյուն գալ, որոշեցինք ներքնակներ կարել։ 14-15 տարեկան երեխաները կարում էին ներքնակներ։ Մեր թիմն օր ու գիշեր չուներ: Գիշերը գծագրում, ձևում էինք, որոշում, թե որտեղից ենք վերցնելու բուրդ, կտոր, թել իսկ առավոտյան անցնում գործի։ Գյուղի կանայք մեզ շատ էին օգնում։ Կամավորների մի ողջ բանակ զբաղվում էր կարելուց մինչև դիրքեր տեղափոխելու գործով։ Ամեն հնարավոր բան արել ենք մեր երկիրը ներսից պինդ պահելու համար։

Այդ չարաբաստիկ օրերից հետո՝ համայնքապետի հետ խոսակցության ժամանակ, ինձ ասացին, որ համայնքից ուզել են մի մարդու անուն, ով թիկունքն ամուր է պահել։ Հետո իմացա, որ այդ մարդը ես եմ։ Տավուշի մարզպետարանում մարզպետը մեզ պարգևատրեց։ Այդ օրը չկարողացա խոսել, միայն մի բան ասացի․ «Հանուն հայրենիքի՝ պատրաստ ենք»։  Մենք ունենք ամենալավը, եթե չպահենք՝ կկորցնենք ամեն ինչ։ Պահը պարտավորեցնող էր, երբ մեդալը ձեռքիս վերադառնում էի, հիշեցի մի դեպք. պապիկս զինվորական էր, պատերազմի մասնակից, երբ նրանց տանն էի լինում, անընդհատ ասում էի՝ կտա՞ս ինձ քո մեդալները։ Հետո ստացվեց այնպես, որ ես ունեցա իմ սեփականը, բայց չէի ուզի, որ այսպիսի պայմաններում լիներ։ Մեդալակիր լինելը պարտավորեցնող է, պետք է էլ ավելի լավը դառնաս երկրիդ համար։

Կարևոր հետք թողած ծրագրերը

Նախաձեռնության ստեղծման սկզբնական շրջանում փորձում էին կազմակերպվող ծրագրերին առավել մեծ թվով երիտասարդների ներգրավել, որը շատ հաճախ դժվար էր լինում և առավելապես այն դեպքում, երբ գործ էինք ունենում անչափահասների հետ:

Կառանձնացնեմ ամենաարդյունավետներից մեկը՝ ամառային դպրոց-ճամբարները։ Բոլոր բնակավայրերի երիտասարդների համար կազմակերպում էինք երկօրյա սեմնար-դասընթացներ՝ տեղական կառավարման, մարդու իրավունքների, կամավորության, բանապահապնության և այլ թեմաներով։ Ճամբարականները քննարկումներ էին ունենում իսկ հետո համայնքային զարգացման իրենց ծրագրերն էին ներկայացնում, որոնք, հետագայում, ՏԻՄ-ի հետ համագործակցելով, իրականացվում էին։ Այն մեզ հնարավորություն տվեց հետագայում լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել։ Երբեք չենք ասել՝ մենք նախաձեռնող խումբ, քաղհասարակության ներկայացուցիչներ ենք, մենք ասել ենք, որ «Կաթիլ»-ը երիտասարդներն են, իսկ երիտասարդները՝ «Կաթիլ»-ը։ Օրինակ, երբ համայնք որևէ ծրագիր էին ուղարկում, համայնքապետարանից անմիջապես ուղղորդում էին մեզ մոտ՝ ասելով․ «Եթե երիտաարդներ ենք ուզում, գնացեք Կաթիլ՝ երիտասարդներն այնտեղ են»։

Համալսարանական ու ոչ ֆորմալ կրթությունը

Համալսարանական ու ծրագրային կրթության տարբերությունը մեծ է։ Ֆորմալի ժամանակ լսում ենք դասախոսություններ, սովորում տեսություններ, իսկ ոչ ֆորմալի ժամանակ՝ կիրառում։ Երկրորդի դեպում ոչ միայն տալիս ես ու ընկալում, այլև՝ անհատապես զարգանում: Այստեղ պրակտիկան ավելի մեծ է ու ազդեցություն է թողնում։ Ծրագրային դասընթացների ժամանակ սովորում ես տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, քաղում ես քեզ անհարաժեշտ ու օգտակար հատկություններն ու բնավորության գծերը։ Դուրս ես գալիս միօրինակության գծից և հայտնվում բազմազանությն մեջ, ինչը միայն զարգացման է տանում։

Չեմ արժեզրկում կրթական մակարդակը, կարծում եմ, որ սա ևս շատ կարևոր է, մասնագիտական աչքով ես նայում, գնում ես դառնալու լավ մասնագետ, արժանի քաղաքացի։ Ես առհասարակ կրթության դերն եմ կարևորում՝ շատ-շատ։ Համալսարանում իմ ասած ամենաշատ արտահայտություններից մեկն է․ «Ձեր կրթությանը տրամադրեք այնքան ժամանակ, որքան որ կարծում եք՝ լավագույնը կդառանա ձեզ համար»։ Համալսարանից դուրս, էլի՝ սովորել, սովորել, սովորել։ Այդ սկզբունքով էլ առաջնորդվում եմ կյանքում։

Ազատ ժամանակը

Եթե ինձ 3 տարի առաջ հարցնեին, թե ինչով եմ զբաղվում ազատ ժամանակ, միանշանակ կասեի՝ սպորտով։ ՏԻՄ-ի ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր էինք անում, կյանքիս ամենաբուռն շրջանն էր։ Հիմա ազատ ժամանակս տրամադրում եմ ընթերցանությանը և մասնագիտական ուսումնասիրություններին։ Այս տարի, սեպտեմբերի ազատ ու «չազատ» ժամանակս տրամադրել եմ ռազմական արվեստին․ ՊՈԳԱ-յում մասնակցել եմ ռազմարշավների, իսկ հետո, ՈՄԱ-յում 10-օրյա արագացված դասընթացների։

Ունեմ հոբբիներ․ երաժշտության ոլորտում եմ ինքնակրթությամբ զբաղվում, վաղուց ուզում էի կիթառ նվագել ու, կարծես թե, մի քիչ ստացվում է։ Ընթերցանությունը սիրել եմ դպրոցական տարիներից սկսած, ծրագարային ցանկն արագ կարդում, ավարտում էի ու անցնում արտասահմանյան գրականությանը։ Ուսուցիչս միշտ ասում Էր․ «Մինչև մերը չավարտես՝ չկարդաս եվրոպականը»։ Անչափ սիրում եմ ճանապարհորդել․ եղել եմ Հայաստանի տարբեր կետերում։ Ժամանակիս էական մասը տրամադրում եմ հասարակական կյանքին։

Գրքի ու ստեղծագործության ուղին

Գիրքս մասին չեմ խոսել, բայց կարծես թե հանրայնացավ, երբ հատվածներ դրեցի ֆեյսբուքյան էջումս։ Տպագրված է մի օրինակով, այն էլ՝ մայրիկի ծննդյան նվեր։ Մտապատկերներումս, որպես տպագիր գիրք, պատկերացնում եմ, վերնագիրն ունեմ արդեն՝ «Սերը խուսում է», իմ կյանքում սերը խոսում է ամեն ինչի մասին։ Գրքի հիմնական 3 թեմաներն են՝ հայրենիք, ընտանիք և սեր, սեր՝ ամեն ինչի նկատմամբ։ Սկսել եմ գրել, երբ սովորում էի 4-րդ դասարանում․ «Երկար տարիների գրելու փորձ ունեմ» (կատակում է,- հեղինակ): Գրելն ինձ համար կոնկրետ ժամանակի ու պայամանների բան չի եղել, նույնիսկ դպրոցական տետրերիս մի էջում ուսուցիչներիս հանձնարարություններն էի գրում, մյուսում՝ ստեղծագործում էի։ Դասղեկս միշտ խրախուսում էր, դասարանում կարդում-քննարկում էինք։ Որոշ ժամանակ դրեցի գրիչը ու սկսեցի հեռախոսի մեջ գրել, պահ էր գալիս, որ թուղթ ու գրիչ չէր լինում, իսկ ես պետք է գրեի։ Մի լուսավոր օր ինձ «բռնեցի» այն մտքի վրա, որ ուզում եմ դրանք հավաքագրել, խմբագրել։ Պարզվեց՝ մոտ 60 էջ է կազմում, հիմնական մասը բանաստեղծութուններ են ու 2 փոքր պատմվածք։ Սկզբի համար, որոշեցի պեղել այն գործերը, որ կուզեի նվիրվեր մայրիկիս։ Հետո, երբ հասկանամ, որ ուզում եմ ու պատրաստ եմ՝ կհրապարակեմ, որպես մեկ, ամբողջական տարբերակ։

Մասնագիտական ու ծրագրային հեռանկարներ

Առաջիկա ծրագրերիս մեջ կարևորագույն տեղ ունի բնապահպանական թեմայով խաղի ստեղծումը, որը երկար ժամանակ է՝ եփվում է գլխումս։ Մի ընթացք սկսեցի հավաքել, բայց հետո հասկացա, որ դեռ խմորման փուլում է։ Նպատակ ունեմ խաղը դպրոցում՝ դասապրոցեսին ներգրավել համար։ Այդ դեպքում այն պետք է և՛ մատչելի լինի, և՛ պահպանի բոլոր գրված ու չգրված օրենքները։ «Կաթիլ»-ի ծրագրերի ժամանակ այսպիսի խաղեր խաղացել ենք՝ փոքր տարիքի երեխաների հետ աղբի տեսակավորման խաղերի միջոցով որոշակի առաջխաղացումներ ունեցել ենք։ Բայց գլխումս պտտվող խաղը պարունակում է նաև իրավահավասարության, բնապահպանության, կամավորության մասին թեմաներ, որոնք պետք է ճիշտ դասակարգել։

Երկրորդ ծրագիրը, համալսարանում՝ կուրսային աշխատանքի շրջանակներում Է։ Ընտրել եմ գենդերային հավասարության թեման և ուսումնասիրություններ եմ կատարում։ Ինձ հետաքրքրում է ոչ միայն մեր համայնքի ներգրավվածության աստիճանը, այլև մյուս բնակավայրերի դպրոցներում տիրող իրավիճակը, այն է՝ մասնագիտական ընտրության նախապատվությունները, հասարակության ազդեցությունը, կարծրատիպերն ու թե դրանք ինչպես են ազդում մեր զարգացման վրա։ Գուցե ապագայում ծրագիր ստեղծվի, որի ժամանակ ես կայցելեմ դպրոցներ, տեղում կծանոթանամ ու կհասկանամ հավասար հնարավորություններով ու իրավունքներով ապրելու նրանց մոտիվացիայի չափը։ Տարիներ շարունակ մենք տեսել ենք պատկերներ, որոնցից պետք է դասեր քաղենք ու հասկանանք, թե ինչ ապագա ենք ուզում մենք ու ինչքանով կարող ենք ներկան դարձնել ավելի լավն ու բարձրացնել կյանքի որակը։ Սովորել, պայքարել Հայաստանի համար ու հանուն հայրենիքի։

Սյունե Կիրակոսյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ Ծաղիկ Կարոյանի անձնական արխիվի

Կիսվել