«Բեմը մեր տունն է». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյան

«Բեմը մեր տունն է». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյան

630

Journalist.am-ի զրուցակիցը բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանն է:

-Ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել բալետով, ի՞նչ խոչընդոտների եք բախվել։

-Բալետով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից՝ Վանուշ Խանամիրյանի պահանջով։ Երեւի միակ խոչընդոտն այն էր, որ ես չունեի բալետային տվյալներ բնությունից:

-Քանի՞ կերպարների եք մարմնավորել։

-Մարմնավորել եմ 11 տարբեր կերպարներ` Սպարտակ՝ «Սպարտակ» բալետում, Արմեն` «Գայանե» բալետում, Բազիլ եւ Էսպադա՝ «Դոն Կիխոտում», Արբենին եւ Զվեզդիչ՝ «Դիմակահանդեսում», Պատանի` «Շոպենիանայում, Արքայազն՝ «Մարդուկ Ջարդուկում», Կոմս Բալ` «Չիպոլինո» բալետում, Սպա` «Կարմեն» բալետում, Սոլոր` «Բայադերկա» բալետում:

-Ո՞րն է ամենասիրելին եւ ինչո՞ւ։

-Կարող եմ առանձնացնել Սպարտակի, Արբենինի եւ Կոմս Բալի կերպարները։ Սպարտակի եւ Արբենինի կերպարները հոգեհարազատ են։ Երկուսն էլ հզոր կերպարներ են իրենց գույներով, երկուսի դեպքում էլ արտիստը հնարավորություն ունի ստեղծագործելու։ Իսկ Կոմս Բալն ուղղակի իմ լավ ընկերն է, ում սիրում է հանդիսատեսը եւ ով ինձ բերեց մեծ հաջողություն եւ շնորհեց «Արտավազդ» մրցանակ:

-Ի՞նչը կփոխեիք հայկական բալետում։

-Այս պահին կպատասխանեմ, որ հայկական բալետում փոխել պետք չէ ոչինչ, ուղղակի պետք է շատ ուշադրություն դարձնել եկող սերնդին, որովհետեւ նրանք են մեր ապագան։ Բալետի արտիստ լինելու համար հարկավոր է ունենալ համապատասխան տվյալներ, դերասանական հմտություններ, կամքի ուժ, անսպառ էներգիա, շուտ կողմնորոշվելու եւ սովորելու ունակություն։ Իսկ պրոֆեսիոնալիզմը գալիս է տարիքի եւ փորձի հետ։

Հե՞շտ է հանդիսատեսին գոհացնել։

-Հանդիսատեսի հետ աշխատելը շատ դժվար է, բայց միեւնույն ժամանակ՝ շատ հաճելի։ Այստեղ էլ գալիս է դերասանական վարպետություններդ ցուցադրելու ժամանակը, քանի որ կարող է վարագույրը բացվել եւ հանդիսատեսի քանակն ու էներգիան քեզ ողղակի կուլ տալ։

-Ի՞նչ է մեծ բեմը բալետի արտիստի համար։

-Բեմը մեր տունն է, որտեղ բալետի արտիստն իրեն զգում է կոմֆորտ զոնայում: Բեմում զգում ես, որ ամենալավն ես, ամենակարողն ես, բայց բեմը նաեւ շատ խորամանկ է եւ կարող է քո հնարավորությունների կեսը վերցնել, ինչը շատ հաճախ է լինում։

-Ձեզ այլ ոլորտում փորձե՞լ եք։

-Վերջերս հարցազրույցներից մեկում ասացի, որ ինձ հետաքրքրում է դիրիժորությունը, բայց դեռ ռիսկով քայլ չեմ արել այդ ասպարեզ։

-Երեք պատճառ, որ ձեզ ստիպում է ժպտալ։

-Ընտանիքս, մասնագիտությունս եւ երբ մարմնիս ինչ-որ հատված չի ցավում։

Մարիամ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել