Մարտական ոգով կամավորը. Գեղամ Սարգսյան

Մարտական ոգով կամավորը. Գեղամ Սարգսյան

420

Շքամուտքի դռան ճռռոցը հուշում էր` Գեղամն էր գալիս, տատին մի անուշ համբույր տալիս, բռի մեջ հավաքում տատի՝ տարիներից մի բուռ դարձած ձեռքերը, զրուցում ու հետո մեկ անգամ էլ համբուրում ու շտապում տուն: Այսօր նրանք տեղերով փոխվել են. ամեն օր տատն է այցելում Գեղամենց տուն, բայց Գեղամը չկա, մնացել են միայն հիշողությունները, որից պետք է առնի կարոտը:

Գեղամը տան ավագն էր, սիրում էր խորհուրդներ տալ փոքր եղբորը, ժամերով զրուցել իր հետ, բայց սեպտեմբերի 27-ը լռեցրեց բոլոր զրույցները. սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը:

Գեղամի մասին պատմում են Գեղամենց տան անկյունում դրված իրերը, օրինակ դրանցից մեկն էլ ժամացույցն է, որը գեներալը նվիրել էր Գեղամին: Իշխանաձորում իջել էին զենք, փամփուշտ ստանալու: Անձրևում էր, իսկ տղաները պատրաստվում էին, որ մի քանի ժամից դիրքեր բարձրանան: Այդ ժամանակ գեներալը կանչել էր բոլորին՝ հասկանալու նրանց տրամադրությունը: Երբ հարցրել էր` ինչպես եք տրամադրված, Գեղամը պատասխանել էր`մարտական:

Գեղամը մարտական շնչով պարուրել էր նաև իրենց տան անկյունի մյուս իրերը` փամփուշտը և դանակը: Այս բոլոր իրերը պատմություններ ունեն: Պատերազմի ժամանակ փամփուշտները ավելացել էին, երբ Գեղամը զենքը լիցքավորելիս էր եղել: Ավելորդ փափուշտը տվել էր ընկերոջը, ասել` հետո կտաս, երբ պակասի: Այսօր ավելորդ փափուշտը հասել է ոչ թե Գեղամին, այլ իր ծնողներին: Երևի փափուշտը ավելորդ էր ռազմաճակատում, իսկ Գեղամենց տանը այն ավելորդ չէր կարող լինել:

Փամփուշտի կողքին դանակն է, Գեղամին զոհված ընկերն է նվիրել, իսկ դանակը փոխանցել է զոհված ընկերոջ եղբայրը:

Գեղամը ոչ միայն մարտական ոգու տեր էր, այլև չափազանց մաքրասեր էր ու կոկիկ: Գեղամի մաքրասեր լինելը երևում էր իր զենքից, քանի որ միշտ այնքան էր մաքրում, որ տարբերվում էր բոլորից։ Այդ մասին ծառայակից ընկերները պատմել են Գեղամի մորը` Լուսինե Սարգսյանին:

Հոկտեմբերի 6-ին Գեղամը և զինակից ընկերները արիաբար մարտնչել են, երբ մարտը մի փոքր հանդարտվել է, Գեղամը, շտապել է իմանալու՝ զինակից ընկերները ինչպես են, հենց այդ ժամանակ էլ ԱԹՍ թռչող սարքը խլել է Գեղամի և իր զինակից երեք ընկերների կյանքը:

Այսօր Գեղամենց տանը իր մասին հիշողությունները ամենուր են՝ մեծ ու փոքր նկարներում, անգամ մոր` Լուսինե Սարգսյանի պարանոցի վրա տղայի լուսանկարով վզնոցն է: Տանը եղբոր որդուն՝ փոքրիկ Գեղամին կարելի է տեսնել հորեղբոր նկարի մոտ զրուցելիս: Անգամ տան դարպասին դրոշ է ամրացված, որն էլ հուշում է՝ Գեղամը չկա, բայց հավերժ է նրա սխրանքը, նրա արիությունը ու սերը առ հայրենիք:

Ստեֆանի Օհանջանյան

4-րդ կուրս

Կիսվել