Մասլենիցան Ռուս բանասիրության ֆակուլտետում

Մասլենիցան Ռուս բանասիրության ֆակուլտետում

450

Մասլենիցա տոնն արևելյան սլավոնների ավանդական տոներից է, որը նշվում է Մեծ պահքից առաջ՝ մեկ շաբաթ շարունակ:

«Տոնը արդեն մի քանի տարի շարունակ նշվում է մեր ֆակուլտետում,- ասում է Ռուս բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անին,- այս տարի նույնպես պահեցինք ավանդույթը: Կա տոնի հայկական տարբերակը՝ Բարեկենդանը, բայց մենք որոշեցինք նշել Մասլենիցան՝ ներկայացնելով տոնի առանձնահատկությունները: Տոնը գրեթե նման է հայկական Բարեկենդանին, սակայն կան մի շարք տարբերություններ: Նախ տոները նշվում են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ծեսերով»:

Կազմակերպված փոքրիկ տոնակատարության ընթացքը շատ աշխույժ և համեղ էր, քանի որ ուսանողները պատրաստել էին հետաքրքիր մրցույթ-խաղեր, երգեր և պարեր, որոնք նվիրված են տոնին, և, իհարկե, Մասլենիցայի սեղանի զարդը՝ նրբաբլիթներ (բլիններ)։

«Մասլենիցայի տոնակատարության հիմնական ատրիբուտներից է Մասլենիցայի խրտվիլակը,- ասում է Անին․- այն տոնի վերջում վառում են։ Այսպես հրաժեշտ են տալիս ձմռանը և սպասում գարնանը: Խրտվիլակի մոխիրը կամ պատառոտված խրտվիլակը տարածում էին դաշտերում, որպեսզի ունենան առատ բերք»:

Շատերի կարծիքով՝ Մասլենիցայի ծեսը վերանայում է այն ամենը, ինչ առաջարկում է եկեղեցին։ Մասլենիցայի խրտվիլակը մահացած և հարություն առած աստվածների «մարմնավորումն» է։ Ըստ այդ կարծիքի՝ տոնի գլխավոր մասը, որում երևում է դրա «հեթանոսական» էությունը, խրտվիլակի այրումն է։ Ժամանակակից ռուս բանահավաքների կարծիքով, սակայն,  հիմք չկա պնդելու, որ Մասլենիցան  հեթանոսական տոն է։ Նրանց կարծիքով՝ դա պարզապես հնուց եկած ծես է, որը մեծ մասամբ ունի խաղային իմաստ։

Մերի Անտոնյան

2-րդ կուրս

Կիսվել