Journalist.am-ը զրուցել է SMM մասնագետ Արտաշեսի հետ ոլորտի առանձնահատկությունների մասին։ Արտաշեսը մեզ հետ կիսվել է մի քանի խորհուրդներով։
-Ո՞վ է SMM մասնագետը եւ ո՞րն է նրա գործառույթը։
-Եթե փորձեմ միտքս կարճ ձեւակերպել, ապա SMM մասնագետն այն մարդն է, ով սովորաբար պատասխանատու է ընկերության սոցիալական հարթակներում բրենդի կամ ծառայության ճանաչելիությունը բարձրացնելու, հետեւորդների ավելացման ռազմավարություններ մշակելու, սոցիալական արշավներ ստեղծելու եւ վերահսկելու, բովանդակություն ստեղծելու համար։
SMM մասնագետի ամենակարևոր գործերից մեկը՝ պլանավորումն է։ Այն ավելի կարևոր է, քան հենց բուն գործընթացը։
-Ի՞նչ հմտություններ պետք է ունենա SMM մասնագետը, եւ ո՞վքեր կարող են դառնալ SMM մասնագետներ։
-SMM մասնագետը նախեւառաջ պետք է ունենա վերլուծական մտածողություն, պետք է լավ հասկանա, թե ինչ պահանջմունքներ ու կարիքներ ունի լսարանը, որպեսզի կարողանա, այսպես ասած, նույն ալիքի վրա լինել լսարանի հետ։
SMM մասնագետ կարող են լինել այն մարդիկ, ովքեր ասնահման ստեղծագործ են, սիրում են տեղում չմնալ եւ, իհարկե, սիրում են սոցիալական ցանցերը։ Կարծում եմ՝ սոցցանցերով չհետաքրրվող մարդիկ դժվար թե կարողանան երկար մնալ ոլորտում։
-Ի՞նչ ես կարծում, այն մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ SMM մասնագետ, կարո՞ղ են ինքնուրույն սովորել այն։
-Միանշանակ հնարավոր է որոշակի հմտություններ արդեն իսկ ունենալով` զարգացնել դրանք եւ ինքնուրույն սովորել SMM։ Ինչպես գիտենք, համացանցում ինֆորմացիայի պակաս չկա, բայց նաեւ պետք է նշեմ, որ ինքնուրույն որեւէ բան սովորելը, (խոսքը միայն սմմ-ի մասին չէ, այլ առհասարակ) բարդացնում եւ երկարացնում է գործընթացը։ Պետք է պատրաստ լինել միաժամանակ վերահսկել բազմաթիվ աղբյուրներ:
-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս SMM-ում:
-Եթե մեկ բառով, ապա բազմակողմանիությունը։ Ոլորտը անընդհատ ստիպում է զարգանալ ու ծանոթանալ ծայրահեղ տարբեր ոլորտներին։ Մի օր դու կոնտենտ ես ստեղծում մաշկի խնամքի միջոցների մասին, իսկ հաջորդը օրը կարող ես մանկաբույժի համար կոնտենտ ստեղծել։ Արդյունքում ստացվում է, որ դու նաեւ պատկերացում ես կազմում ու տիրապետում ես մեծ ինֆորմացիայի միաժամանակ տարբեր ոլորտների կամ գիտությունների մասին։
-Իսկ ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում SMM մասնագետի աշխատանքում:
-Հիմա այնքան չէ, ինչքան նախկինում, բայց կոնկրետ իմ պարագայում անտանելի նյարդայնացնում էր մարդկանց անլուրջ վերաբերմունքը SMM-ին` որպես մասնագիտություն։ Անընդհատ թյուր կարծիքներ էի լսում այն մասին, որ SMM-ով կարող են զբաղվել բոլորը, դե քանի որ ընդամենը Ֆոտոներ ենք վերցնում համացանցից ու մի երկու բառ գրում։
-Ի՞նչ ես կարծում, ի՞նչ առավելություններ ունի վիդեոկոնտենտը մարքեթինգում:
-Եթե ուսումնասիրում ենք լսարանի պահանջմունքները, կարող ենք հասկանալ, որ մարդիկ չեն սիրում կարդալ երկար տեքստեր ու հակում ունեն դրանք շրջանցելու, իսկ վիդեոկոնտենտի առավելությունն այն է, որ ընդամենը 15-30 վայրկյան տեւողությամբ հոլովակում մարդիկ կարող են տվյալ ընկերության կամ առաջարկվող ծառայության մասին բավարար ինֆորմացիա կազմել առանց երկար ժամանակ ծախսելու։ Այսինքն` այստեղ մեծ է ժամանակի գործոնը, մարդիկ չեն սիրում մի բանի վրա երկար ժամանակ ծախսել:
-Եվ վերջում ի՞նչ խորհուրդ կտաս ապագա SMM մասնագետներին:
-Խորհուրդ եմ տալիս աշխատանքին վերաբերվել որպես լուրջ աշխատանքի, չնայել մատների արանքով, քանի որ դա իրական մասնագիտություն է, այլ ոչ թե ինչպես շատերն են կարծում, պարզապես նկար տեղադրել ու մի քանի բառ գրել։
Իսկ որպես հմտություն՝ թող մաքսիմալ զարգացնեն ճիշտ լուսանկարներ անելու եւ գրագետ տեքստեր գրելու հմտությունները ու անընդհատ հետեւեն սոցցանցային զարգացումներին, առանց դրա չի լինի։
Նարինե Ենգիբարյան
4-րդ կուրս