Մեր անԻՄԱ(՞)ՍՏ ատամը

Մեր անԻՄԱ(՞)ՍՏ ատամը

768

«Կրկին համոզվեցի, որ ատամի ցավից ավելի անտանելի ոչինչ չկա,- մեկնաբանելով իմաստության ատամի հեռացման հետվիրահատական շրջանը՝ նշեց 19 ամյա Հռիփսիմեն։ -Ընթացքում ոչինչ չէի զգում, անզգայացած էի, բայց երբ թմրածությունն անցավ, սկսվեց սաստիկ ցավը։ Հետն էլ դեմքի այտուցվածություն, ջերմության բարձրացում և թուլություն։ Ճիշտ է, ատամնաբույժս այս ամենի մասին հասցրել էր զգուշացնել, ու հոգեպես պատրաստված էի, միևնույն է, դաժան էր»։

18-ից բարձր տարիքի անձինք, որոնք կատարել են իմաստության ատամի հեռացում, հավանաբար ծանոթ են այս զգացողություններին։  

Լուսանկարը՝   doctors.am-ից

Իմաստության ատամը ծնոտի ամենահետին դիրքում գտնվող ատամն է, այլ կերպ ասած՝ երրորդ մոլյարը, որը ծկթում է հիմնականում 18-25 տարեկան հասակում, երբեմն ավելի ուշ։ Իմաստության ատամները դառնում են գլխացավանք, ծկթելիս սաստիկ ցավ են առաջացնում, իսկ հետագայում կարիեսի առաջացման պատճառով կարող են առաջացնել մի շարք խնդիրներ։ Այդ խնդիրների մասին պատմեց ատամնաբույժ Կարեն Աբրահամյանը. «Իմաստության ատամի առաջացրած խնդիրներից է դժվար ծկթումը, քանի որ իմաստության ատամը չունի իրեն նախորդող կաթնատամ։ Կաթնատամի բացակայության պատճառով այն ստիպված է լինում հաղթահարել ոսկրային ն ու լնդի հաստ շերտերը, որպեսզի կարողանա ծկթել։ Իմաստության ատամի սաղմը կարող է թեք տեղադրված լինել, որը ևս կբերի դժվար ծկթման։ Այն կարող է դժվար ծկթել նաև այն դեպքում, երբ ատամնաշարում չի լինում բավարար տեղ նրա ծկթման համար։ Այդ դեպքում այն կարող է կա՛մ թեք ծկթել, կա՛մ ընդհանրապես չծկթել։ Ամենահաճախ առաջացնող խնդիրներից է պերեկորոնարիտը։ Սա իմաստության ատամը շրջապատող փափուկ հյուսվածքների բորբոքումն է, որն առաջանում է իմաստության ատամի մասնակի ծկթումով. թմբիկների մի մասն է դուրս գալիս, և լնդի տակ մնացած  հատված են ներթափանցում սննդի մնացորդները։ Այդ հատվածում լինդը վնասվում է, մշակվում սննդի մնացորդների անաէրոբ միկրոֆլորայի կողմից, և առաջանում է բորբոքում»։

Ատամնաբույժ Մուրադ Մուրադյանը, խոսելով հիեգենայի մասին, նշում է. «Եթե ատամն արդեն ծկթել է, պահանջվում է հատուկ խնամք, քանի որ ատամը գտնվում է հետին հատվածում, ինչը բարդացնում է լավ մաքրելը, ու հիմնականում լավ չմաքրելու պատճառով ատամը փչանում է։ Հեռացումից հետո պետք է անընդհատ ողողումներ կատարել, միայն փափուկ և ջրալի սնունդ ընդունել և այցելել ատամնաբուժարան՝ լվացումների»։

Ատամնաբույժը նշում է, որ  կան որոշ հակացուցումներ ու բացառություններ, որոնց դեպքում իմաստության ատամի հեռացումը կատարվում է խիստ ծայրահեղ դեպքերում։ Դրանք են հղիության ընթացքը (3-7 ամիսներ), դաշտանի ու նախադաշտանի շրջանը, հեմոֆիլիայի և ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը։  

Ատամնաբույժները հորդորում են՝  ատամի խնդիրների դեպքում դիմել բժշկին, ոչ թե հետևել տնային ու ավանդական մեթոդներին, քանի որ գրագետ մոտեցման դեպքում հեշտությամբ կարելի է կանխել ցանկացած խնդիր։

Հռիփսիմե Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել