Սփյուռքն ու Հայաստանը կապող մեծ օղակ

Սփյուռքն ու Հայաստանը կապող մեծ օղակ

276
Լուսանկարը՝ calvertjournal.com կայքից

Արևմտահայերենն ու արևելահայերը մեկտեղում է EVN Report կայքը։

Կայքը ստեղծվել է Հայաստանում կատարվող իրադարձությունները անգլերեն ներկայացնելու համար։

Հարթակի մեկնարկի օրը՝ 2017-ի մարտի 16-ն է, այն օրը, երբ մահացել է Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը։

Կայքի ստեղծման պատմության և գործունեության մասին խոսել եմ կայքի խմբագիրներից մեկի՝ Գոհար Աբրահամյանի հետ:

«Մարտի 16-ին հրատապ հոդված պատրաստեցինք և այդ հոդվածով տրվեց մեր աշխատանքի մեկնարկը։ Րոպե առ րոպե կայք այցելություններն ավելանում էին, ու հոդվածը տարածվում էր կայծակնային արագությամբ։ Մենք հասկացանք, որ իսկապես կար այս հարթակի անհրաժեշտությունը, ու մարդիկ ունեին անգլերենով իրադարձություններին հաղորդակից լինելու կարիք»,-նշեց նա։

Կայքի բաժինները ստեղծվել են ըստ առաջնահերթությունների, այժմ էլ դրանք պարբերաբար ավելացվում են։

Խնբագիրը խոսեց նաև արևմտահայերեն և արևելահայերեն տարբերակով ներկայանալու մասին:

«Մենք երբեք չենք մտածել լեզուների տարանջատման մասին, մեզ համար արևմտահայերենն ու արևելահայերենը մեկ ամբողջություն են, նույն տարածքը»:

Այն հարցին, թե ե՞րբ եկավ միտքը նաև հայերեն տարբերակով ներկայանալու, նա պատասխանեց. «2017-ի սեպտեմբերին Հայաստանի մշակույթի նախարարությունը փակեց Թումանյանի տուն-թանգարանում բացված ԽԱՎԱՐՈՒՄ ցուցահանդեսը` նշելով, որ այն «քաղաքականացված է» և կամ «նախապես նախարարության համաձայնության չեր արժանացել» և պետք է վերանայվի։ Մենք հարթակ տրամադրեցինք այս միջոցառմանը և մեր կայքի հնարավորությունների սահմաններում ներկայացրինք այն անգլերենով։ Սակայն այդ ժամանակ հասկացանք, որ այս մասին պետք է իմանա նաև հայերեն ընթերցողն, ու որոշեցինք անել բացառություն՝ հրապարակել նաև հայերեն»։

Այսպես, կայքը սկսեց հրապարակել հայաստանցիներին հետաքրքրող բովանդակություն ներկայացնող հոդվածների հայերեն տարբերակները։

Խոսելով կայքի ֆինանսավորման մասին՝ Գ. Աբրահամյանը նշեց, որ ֆինանսավորվում է ինչպես միջազգային դրամաշնորհային կազմակերպությունների, հայկական հիմնադրամների կողմից, այնպես էլ անհատների։

Կայքի ստեղծմանը զուգահեռ ստեղծվեց նաև «Փոդքաստ» բաժին, որը մեծ հետաքրքրության արժանացավ հանրության կողմից: Բաժնի բաժանումները համապատասխանում են տվյալ ժամանակահատվածի պահանջներին։

«Ձայնագիր» բաժնում հրապարակվում են հոդվածների ձայնային տարբերակները, թե որքանո՞վ է այս տարբերակը արդյունավետ, ներկայրեց խմբագիրը. «Այս բաժնի մասին ստացած արձագանքները հուշում են, որ մեր հետևորդներն ունեին դրա կարիքը։ Շատերը գրում են, որ հայերեն լավ չեն կարդում, սակայն լսելով ավելի հեշտ են ընկալում, շատերն ասում են, որ երբեմն չեն հասցնում կարդալ երկար գրված հոդվածները, մինչդեռ լսելով կարողանում են բաց չթողնել իրենց հետաքրքրող թեմաները»։

Յուրաքանչյուր բաժին ունի իր պատասխանատուն, որն էլ որոշում է տվյալ պահին արդիական թեման ու համապատասխան հյուրին։

Նոր բաժիններ ստեղծելու մասին նշեց, որ ապագայում դիտարկում են մի քանի մասանոց փոդքաստների արտադրություն ստեղծել, ինչպես օրինակ «Seven Who Made History» բաժինն է:

Գոհարի խոսքով՝ հանրությունը լսում ու շատ է սիրում արևմտահայերեն տարբերակով փոդքաստները:

Այն հարցին, թե որքանով է կայքը կապում Հայաստանն ու Սփյուռքը, խմբագիրը նշեց. «Մենք աշխատում ենք ինչպես տեղի լրագրողների, գրողների և վերլուծաբանների, այնպես էլ սփյուռքի հետ՝ այդպիսով ստեղծելով յուրօրինակ կապ երկու կողմի մասնագետների միջև։ Մեզ ընթերցում են ամբողջ աշխարհում, որն ինքնին կարևոր գործընթաց է։ Մեր ընթերցողները թիվը գրեթե հավասար է՝ Հայաստանից և սփյուռքից»:

Այսօր արդեն EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող հարթակ է: Կայքը ներկայացնում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքաստներ և մուլտիմեդիա պատմություններ։

Էլեն Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել