Կամքի զորություն

Կամքի զորություն

345

«Որքան էլ ֆիզիկապես ուժեղ լինես, չես կարող հաջողության հասնել, եթե իրավիճակին չես տիրապետում»։

Սերոբի բազուկը մեջքիս հաստության է, բռունցքը՝ գլխիցս մեծ, գլխիս չափ մատանու նախշը՝ մարդու գանգի տեսքով։ Պիտի խոսեմ հետը, բայց վախենում եմ. սարի չափ այս մարդը որ խոսեց, հողն ու շենքերը դղրդալու են, բայց Սերոբը ցածր է խոսում, կիրթ ու քնքուշ, ձայնագրիչս ձայնը հազիվ է վերցնում։
Սերոբը շատ ուժեղ է և շատ արագ։ Նրա նպատակը տարիներ առաջ ռազմի դաշտում իրեն խոցած ու սայլակին նստեցրած բեկորից ավելի արագ, ուժեղ և դիպուկ դառնալն է։

Սերոբը ձեռքերը տանում է ներքև դեպի սայլակի անիվները, պինդ բռնում, մի փոքր էլ սեխմի՝ մետաղը կծալվի պլաստիրինի պես։
Երեք ույու չորս … Հրու՛մ. և սայլակը արձակած գնդակի պես սլանում է թեքահարթակն ի վեր, թերևս գերձայնային արագությամբ:
Նեղ միջանցքում արագությունն էլ ավելի արագ է թվում։
Աշխարհին Սերոբի աչքերով եմ նայում ու փակում աչքերս, դեմքիս խփող քամու արագության զգացումից։

Բացում է լսարանի դուռը… սթափվում եմ… ներս եմ մտնում և լռում եմ մի պահ։
Պետք է խոսենք, ասելիք ունենք…
Միայն գիտեմ անունը և ազգանունը։

«Ես Հովհաննիսյան Սերոբն եմ, հաշմանդամությունս ձեռք եմ բերել ծառայության ժամանակ, 2016 թվականին։
Երբ հաշմանդամություն ես ձեռք բերում, առաջանում են կոմպլեքսներ՝ չես ցանկանում տնից դուրս գալ, խուսափում ես հասարակությունից, բայց շատ կարևոր է այդ ամենը որոշ չափով մոռանալ և ինտեգրվել հասարակության շարքեր։
Շատ ժամանակ անտարբերություն եմ նկատում, ու զգում եմ, որ մենակության ձայնը ներսումս բարձրանում է, սակայն այդ ամենից կտրվելու համար ինձ օգնության է գալիս սպորտը»։

Դասական կոստյումն ընդգծում էր Սերոբի բազուկները: Եթե ձգեր մկանները, բիցեպսի ու տրիցեպսի հատվածում կտորը հաստատ կպորթվեր: Երկար միրուքով էր: Ակնոց էր կրում: Խիստ կոկիկ հաքուկապը, կիրթ խոսքը դյուցազնական արտաքինի հետ միասին նրան դասական երաժշտության համերգի եկած ծովահեն էին դարձնում:

«Ես սիրում եմ սպորտը ու շատ լավ կլինի, որ բոլորը զբաղվեն սպորտով՝ անկախ տարիքից, սեռից, կարգավիճակից։
Ամենակարևորը ու թանկը դա առողջությունն է։
Հնարավոր է, որ անզգուշության պատճառով վնասվածքներ ստանաս, բայց կոտրվել, «դուխաթափ» լինել պետք չէ։
Սպորտը մեծ ռիսկեր է պահանջում, բայց գաղափարի և գիտելիքի շնորհիվ կարող ես խուսափել այդ ամենից… Ունեմ բազում հաջողություններ, սակայն դրանք միայն իմ հաջողությունները չեն, իմ ժողովրդինն են։ Կարևոր չէ, թե որ մրցանակային տեղը կգրավես, կարևոր է այն, որ տարբեր երկրներում կարողանում ես բարձրացնել քո ազգի դրոշը, ինչը շատ կարևոր է այս պահին մեր երկրի համար։ Հուսահատվել. դա մերը չէ։ Ու կարևոր չէ՝ դու հաշամանդամություն ունես, կամ սահմանափակ կարողությումների տեր մարդ ես. դու կարող ես անել այն, ինչը նույնիսկ քայլող մարդիկ չեն կարող, դու կարող ես ավելին անել։ Միշտ պետք է պայքարել ու առաջ շարժվել»։

Քունս կորցրած երեխայի նման, տարբեր հնարներով փորձում եմ ուշադրությունս կենտրոնացնել նրա ձայնին և լսել յուրաքանչյուր բառը։
Այս մարդը իր բարի ժպիտով այնպես աննկատ է տանում խոսակցությունը, որ ակամա մտածում եմ, թե ֆիլմի դիտման եմ, ֆիլմ, որը կամքի, ձկտման և հաջողությունների մասին է։
Հարցերս շատ են, բայց գիտակցելով ֆիլմիս հերոսի խոսքի երանգների կարևորությունը, լռում եմ:

«Երբ ես արդեն սայլակով էի տեղաշարժվում ու բուժում էի ստանում «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում», խնդրեցի, որ ինձ համար սպորտային պարագաներ բերեն՝ սպորտային մարզավիճակս պահպանելու համար։ Կա ցանկություն, կա առաջ գնալու կամք, և չկա չլինող ինչ որ բան…վերջ»։

Բազկամարտով զբաղվող այս բազուկներով տղան իր խոսքերով խեղդում է հոգիս։
Որքան ուժ, կամք, եռանդ կա նրա երակներում։
Զարմանում եմ, փորձում եմ շրջանցել իրականությունը, բայց ավա՜ղ, չի ստացվում։

«Դեռ ամեն ինչ առջևում է։ Մենք բոլորս շատ հաղթանակներ պետք է ունենաք յուրաքանչյուր ասպարեզում։
Ամեն ինչ մեզնից է կախված։
Պետք է ընդունենք դժվարությունները ու քայլենք միշտ առաջ, միշտ բաց ճակատով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կամք, ջանասիրություն և լավատեսություն»։

Ավարտում է խոսքը, շնորհակալություն եմ հայտնում ու դուրս գալիս։ Մի պահ ետ եմ նայում։ Այո՛, նա մեր Սերոբն է։ Մեր սրտերում դաջված պատկերներից ավելի գեղեցիկ։

Մերի Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել