«Հակակոռուպցիոն մեդիադպրոցը» ամփոփեց արդյունքները

«Հակակոռուպցիոն մեդիադպրոցը» ամփոփեց արդյունքները

862

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացրեց «Հակակոռուպցիոն մեդիադպրոց» ծրագիրը, որի նպատակն էր ծանոթացնել ապագա լրագրողներին կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ մի շարք կարևոր գործոններին:

Դասընթացը տևեց 4 շաբաթ, որի ընթացքում դասախոսությամբ հանդես եկան ոլորտի լավագույն ներկայացուցիչները:

Մեկնարկը տվեց ԹԻՀԿ հակակոռուպցիոն կրթության ծրագրի մասնագետ Անահիտ Հովակիմյանը «Վարքագծի փոփոխությունը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք» դասախոսությամբ:

Հաջորդիվ «Կոռուպցիան մեդիայում. միջազգային փորձը» թեմայով դասախոսեց ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Արփինե Հովհաննիսյանը:

Երրորդ բանախոսը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն էր, ով ուսանողների հետ խոսեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմների մասին:

Դասընթացը եզրափակեց ԵՊՀ զարգացման գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը «Քննադատական մտածողություն» դասախոսությամբ:

Ստացած գիտելիքները ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կիրառեցին հակակոռուպցիոն թեմայով հոդվածներ գրելիս, որոնցից լավագույնները արժանացան մրցանակների:

Մարտի 20-ին տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն մեդիադպրոցի» հանդիսավոր փակման արարողությունը, որի ընթացքում ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը պրոֆեսորադասախոսական կազմի և ԹԻՀԿ կրթական ծրագրի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ միասին մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:

Առաջին մրցանակին արժանացավ Քնարիկ Վրադանյանը, երկրորդ մրցանակակիրը Սյուզաննա Օհանյանն էր, իսկ երրորդ հորիզոնականը կիսեցին Լյուսինէ Առաքելյանն ու Արփինե Հակոբյանը:

Կիսվել