Երեխա-ծնող փոխհարաբերություններ. կոնֆլիկտներ, կարծիքների բախումներ

Երեխա-ծնող փոխհարաբերություններ. կոնֆլիկտներ, կարծիքների բախումներ

647

Բոլորի կյանքում լինում է մի շրջան, երբ ծնողների և երեխաների միջև առաջանում են տարաձայնություններ ու անհամաձայնություններ։ Մեր զրուցակիցը հոգեբան Անահիտ Արզումանյանն է, ում հետ կխոսենք ընտանիքից և ընտանեկան կոնֆլիկտներից։

Ինչպե՞ս բարելավել և պահպանել ընտանեկան ջերմ մթնոլորտը։

-Ընտանեկան մթնոլորտը, բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանելն առաջին հերթին ծնողի գործն է։ Հիմա համացանցը բավական հասանելի է. երեխաները իրենք ևս կարող են օգտվել վեբինարներից, դասընթացներից՝ փորձելով մասնակացել ընտանեկան մթնոլորտի կարգավորմանը, բայց դրա հիմնական կրողը ծնողներն են։

Ի՞նչ մեթոդով փորձենք պաշտպանել մեր տեսակետը առանց կոնֆլիկտի խորացման։

-Դա կախված է նրանից, թե տեսակետը ինչի շուրջ է, և ինչպիսի հարաբերություններ են ծնողի և երեխայի միջև։ Եթե խոսքը սահմանների մասին է, այդտեղ նաև պետք է հասկանալ, որն է երեխայի համար սահման ասվածը։ Եթե, օրինակ, երեխան չի ուզում, որ իր սենյակը մայրիկը մաքրի, և այլն՝ համարում է իր սահմանը, ուրեմն այդտեղ կարելի է  հստակ զրուցել։ Եթե երեխան գտնում է, որ հեռախոսներով երկար ժամանակ զբաղվելը ևս իր սահմանն է, այդտեղ արդեն վիճելի հարց կա։ Այսինքն, եթե երեխան հստակ արգումենտներով նշում է երևույթի իր համար կարևոր լինելը, այդտեղ զրույցը կօգնի։

Ինչպե՞ս դնել սահմաններ ծնողների կողմից երեխաների կյանքը կառավարելուց խուսափելու համար։

-Ընդունենք, որ երեխայի կյանքը բացարձակ չվերահսկել հնարավոր չէ։ Քանի դեռ երեխան ապրում է ծնողների հետ, կապ չունի չափահաս է, թե ոչ, եթե ապրում է ծնողների հաշվին, անհնար է բացառել վերահսկողությունը։ Բայց կարելի է ձեռք բերել պայմանավորվածություն և հասնել իրար լսելու, իրար տեսակետները ընդունելու մակարդակի. անհրաժեշտ է հոգևոր կապ և հարգանք միմիանց նկատմամբ։

Ինչպե՞ս խոսել ծնողների հետ անհարմար թեմաներից. օրինակ սեռական դաստիարակություն, անձնական խնդիրներ և այլն:

-Երեխան հատկապես խիստ կոնֆլիկտներ է ունենում ծնողների հետ, երբ ծնողները զգայուն են, տագնապային են, անհանգիստ մարդիկ են, և երբ ունեն կարծր դիրքորոշումներ։ Մինչ ծնողի հետ խոսելը պետք է մտածել ինչ հարաբերություն ունի երեխան ծնողի հետ. ինչ տեսակ է այդ ջերմությունը, կապվածությունը և, եթե քիչ թե շատ կա ջերմ ու միմիանց զիջել կարողանալու մթնոլորտ, երեխան, փորձելով գտնել հարմար պահը, կփորձի բաց լինել, խոսել տարբեր թեմաներից ու, ի վերջո, եթե ծնողը լսի, հասկանա երեխային, նաև հետագա կոնֆլիկտները կհասնեն մինիմումի. ձեռք կբերվի փոխըմբռնում։

Անահիտ Քարամյան

4-րդ կուրս

Կիսվել