Գրող՝ կայացման ճանապարհին. Տարոն Լուկաշին

Գրող՝ կայացման ճանապարհին. Տարոն Լուկաշին

307

Տարոն Լուկաշինը երիտասարդ գրող է, ով գրականության ասպարեզ մուտք է գործել ոչ թե որպես գրականագետ կամ բանասեր, այլ մարդ, ով կյանքի արտաքին ու ներքին ազդակների բացատրությունը փորձում է գտնել թուղթ ու գրիչի և բառերի մեջ: Նրա հետ զրուցել ենք ժամանակակից գրող լինելու մարտահրավերների, նախընտրելի գրական թեմաների, հասարակության կողմից ընդունված լինել- չլինելու մասին:

-Տարոն, ինչպե՞ս բացահայտեցիք Ձեր ստեղծագործական տաղանդը։

-5-րդ դասարանից սկսած ակտիվորեն մասնակցում էի դպրոցական միջոցառումներին, այդ ժամանակվանից սկսվեց սերը գրականության և ասմունքի հանդեպ։ Նույն տարում որոշեցի փորձել գրել բանաստեղծություն և գրեցի, իհարկե դա չէր կարող լինել ստացված, բայց որպես փորձ կարևոր էր ինձ համար, այդպես սկսվեց իմ մուտքը մի գեղեցիկ աշխարհ, որը կոչվում է գրականություն։

-Չափածո՞, թե՞ արձակ:

-Ճիշտն ասած՝ երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ ընթերցելու առումով երկու ժանրում էլ հավասար են իմ կարդացած գործերի քանակը, այնպես չէ, որ չեմ ունենում ցանկություն պատմվածքներ գրելու, բայց դեռ ինձ դրան պատրաստ չեմ համարում։

-Ձեր ստեղծագործությունների մեջ գերիշխող թեման հայրենասիրությունն է, հետո՝ սերը։ Ի՞նչ գաղափար եք ուզում փոխանցել ձեր ընթերցողին։

-Հենց այդ գաղափարները, քանզի սերն էլ, հայրենասիրությունն էլ փոխկապակցված են իրար, չսիրելով չես կարող սիրել հայրենիքը, չունենաս հայրենիք, սերդ քեզ համար օտար կլինի։

-Որպես գրական կեղծանուն՝ ինչու՞ եք ընտրել հենց Լուկաշինը։

-Ես ծնվել, ապրել և ապրում եմ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, այստեղ են բացվել աչքերս, այստեղ է իմ աչքի առաջ ելած առաջին միջավայրը։ Հենց այդ փաստերն են ինձ առիթ դարձել նման որոշում կայացնելու համար։

-Հասարակության մեծ մասն անտեղյակ է ժամանակակից գրողներից, ինչի պատճառով նրանց ստեղծագործությունները մնում են ստվերում, որո՞նք են պատճառները։

-Ժամանակակից գրողներից շատերը այս հարցում մեղադրում են ընթերցողներին, նույնիսկ անվանում նրանց անճաշակ։ Բայց ես այդ կարծիքին չեմ, եթե մենք չենք կարողանում տալ այն, ինչ մեզ տվել է օրինակ Համո Սահյանը, կամ անում ենք հակառակ ծայրահեղություն` տալիս ենք միայն այն, ինչ նրանք են տվել, և ոչ մի նոր բան, ապա ընթերցողն այդ հարցում ի՞նչ մեղք ունի։

Մեկ այլ բան էլ ասեմ այս թեմայով, որին շատ եմ անդրադարձել։ Ներկայիս գրականության մեջ շատ եմ հանդիպում գռեհկությունների, շատերի գործերը արժանիորեն հավակնում են պոռնոգրաֆիկ ֆիլմերի սցենար դառնալու։ Սա բացատրվում է դաշտի ազատությամբ, բայց եկեք ազատությունը չշփոթենք չտեսության հետ։ Հենց այդ չտեսությունը, նորը տալ չկարողանալը ու նախկինում տրվածներից ավելի լավը չտալն է, որ մեզ բերում է չճանաչված լինելուն, դա մեր թերությունն է, ոչ թե ընթերցողի։

-Ի՞նչ խնդիրների է հաճախ բախվում երիտասարդ գրող Տարոն Լուկաշինը:

-Այլ ոլորտում աշխատելով՝ շատ հաճախ առաջանում է ժամանակ տրամադրելու խնդիրը։ Բայց առավել բարդ խնդիրը ինձ համար նախկին գրող Տարոնին գերազանցելն է, ինչը դեռ ստացվում է։

-Ո՞րն է կամ ո՞վ է ձեր մուսան։

-Տեսածս և պատկերացրածս։ Ինձ բանականությունը չի դրդում գրելուն, քիչ է լինում, որ նախապես մտածեմ գրելու մասին, միտքը գալիս է պատահական, մնացած դեպքերում դժգոհությունս ինքս ինձնից ավելի շատ է լինում, քանզի կան արհեստականության դետալներ։

-Ձեր ստեղծագործությունները կտեսնե՞նք գրքերում:

-Շատ հավանական է, որ մի օր նման որոշում կայացնեմ, ընթերցողներիցս շատերն են ասում, գուցե անհամեստություն անեմ, եթե ասեմ՝ ուրեմն, ունեմ արժանիքներ, բայց դեռ այդ արժանիքները ինձ համար բավարար չեն։

-Ո՞րն է Տարոն Լուկաշին գրողի ամենանվիրական երազանքը ստեղծագործական ասպարեզում։

-Ես այս ասպարեզում չունեմ երազանքներ, այս ասպարեզը ավելի շատ ինձ համար այլ երազանքների, նպատակների արտացոլումն է, խոսելն է երազանքներիս մասին։ Այս ոլորտում ես նշաձողեր չունեմ, որոնց ուզում եմ հասնել, ինչպես քիչ առաջ նշեցի՝ միակ նշաձողը դա հին գործերես են, որոնց ցանկանում եմ գերազանցել և, իհարկե, հին Տարոնը։

-Իսկ ի՞նչ եք սիրում կարդալ Դուք։

-Իմ սեղանի մշտական ընթերցելու գիրքը մնում է Համո Սահյանի ժողովածուների հավաքածուն։ Սիրում եմ նաև Թումանյան, Սևակ, Բակունց, Իսահակյան, Վահագն Դավթյան։

-Դասակա՞ն, թե՞ ժամանակակից։

-Առանց վայրկյան անգամ մտածելու` դասական։

-5 գիրք, որ Ձեր ընթերցողին խորհուրդ կտաք կարդալ։

-Իմ սեղանի գիրքը՝ Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Պարույր Սևակի պոեմների ժողովածուն, Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմությունը», և վերջում` Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նորբ արվեստը», հասկանալու համար, թե ինչպես չի կարելի գրել։



Եվ ուզում ես ապրել հեռու,

Եվ ուզում ես մնալ կառչած

Այն հողից, որ քեզ պահելու

Երազով էր մի օր տարված։

Հեռուն պահես քո երազո°ւմ,

Թե` հեռանաս, դարձնես երազ

Այն ինչ տեսել ես քո կյանքում

Եվ նորից էլ բան չիմանաս…

Ի°նչ կա այստեղ, այնտե°ղ գնաս,

Տեսնե°ս ափերը այնտեղի,

Անսովորին սովոր դառնաս,

Սովորն էլ ի°նչ, թող սրտնեղի…

Սովորն էլ ինչ, թող սրտնեղի,

Քանիսն են այդպես սրտնեղել,

Երբ ապրել ենք հպարտությամբ, Հոգ չէ թե ճամփա ենք շեղել։

Նարե Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել