Մեդիաբովանդակությունը` խոչընդոտ` մարդու արժանապատիվ տեղեկատվություն ստանալուն

Մեդիաբովանդակությունը` խոչընդոտ` մարդու արժանապատիվ տեղեկատվություն ստանալուն

633

-Տիկի՛ն Անուշ, լուրե՞ր եք լսում։ Ո՞ր հեռուստաալիքն է դա։

-Շանթը. այս ժամին միայն «Հորիզոնը» կարող եմ դիտել, հետո էլ՝ վստահ չեմ այլ ալիքների համար, այստեղ գոնե քաղաքականություն շատ չկա։

Տիկին Անուշը նորություններին հեռուստացույցով է հետևում, ասում է՝ օրվա մեծ մասը տանն է, այդպես ավելի հարմար է, հասցրել է բոլոր հեռուստաալիքները ուսումնասիրել, ընտրությունը կանգնել է «Առաջին ալիքի» ու «Շանթ» հեռուստաընկերության վրա.

«Հաճելի է «Առաջին ալիքի» լուրերը լսել, գիտես, որ տեղեկատվությունը կարճ, կոնկրետ ու լսելի է, իսկ «5-րդ ալիք» լսել ուղղակի հնարավոր չէ. ակնհայտ է իրենց վարած քաղաքականությունը, լուրերը չափազանցված է ներկայացվում, մի բանի շուրջ շատ է խորանում, բայց ավելի շատ տեղեկատվություն է տալիս, քան «Առաջին ալիքը»։ Ես ոչ մեկին էլ չեմ վստահում, բացահայտ կոռումպացված են բոլորը, ամեն մեկը մեկին է պաշտպանում։ Ամեն դեպքում, փորձում եմ ոսկե միջինը գտնել»։

Ի տարբերություն տիկին Անուշի՝ Գագիկն ու իր հասակակիցները նորությունների մեծ մասը տելեգրամից ու թվիթերից են ստանում, պատճառը զբաղվածությունն է։ Խոստովանում է՝ լուրերին շատ քիչ ժամանակ է հատկացնում ու չի վերլուծում ստացած տեղեկատվությունը, վերցնում է այն, ինչ պետք է, սակայն լուրեր սպառելը կարևոր է համարում.

«Տեղյակ չեմ՝ ով ինչ է խաբում, ինչի համար ու ինչքանով, բայց շատ դեպքերում մարդու գլխի տակ փափուկ բարձ են դնում։ Ես փորձում եմ ամեն ինչ էլ լսել, ավելի շատ տնտեսական լրահոսին եմ հետևում. մասնագիտական է ու հետաքրքիր։ Տելեգրամում՝ «Ռադար Արմենիա»-ին, Թվիթերում «Հետք»-ին եմ հետևում։ Մեծամասամբ իրենք ավելի արժանահավատ տեղեկատվություն են տալիս, որը հետագայում կարդում եմ այլ լրատվամիջոցների մոտ ու շեղում եմ նկատում թվերի ճշգրտության մասով։ Եվ նաև Հանրայինի յութուբյան ալիքից եմ տեղեկատվություն վերցնում։ Հնարավոր է՝ միացնեմ իրենց ցերեկային ու երեկոյան թողարկումներն ու լսեմ։ Իրենք նորությունները չեն ուռճացնում. կարճ ու կոնկրետ են»։

Մարդկանց վստահության սանդղակում մեդիան վերջին տեղում է

Քաղաքացիների շրջանում նման հարցումները ցույց են տալիս, որ շատ դեպքերում անգամ, եթե մարդիկ մեդիագրագետ չեն ու պատրաստ են անընդհատ տարածել տարբեր մանիպուլյատիվ նյութեր՝ չխորանալով բովանդակության մեջ, նրանք, միևնույն է, հասկանում են, որ իրենց խաբում են։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC)՝ «Կովկասյան բարոմետր 2021-2022»  հետազոտության արդյունքները շատ մտահոգիչ են մեդիայի համար։ Մարդկանց վստահության սանդղակում մեդիան վերջին տեղում է։

Ըստ հետազոտության՝ Հայաստանում տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է։ Ներքաղաքական նորությունների և անցուդարձի մասին տեղեկատվություն մարդիկ առավելապես ստանում են «Առաջին ալիք», «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններից, հարցվածների մեծ մասը (19%՝ համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշով «Առաջին ալիքի» 24%-ի հետ) նշել է, որ չի վստահում հեռուստաընկերություններին։

Ի՞նչու է այսպես

Մեդիայի օբյեկտը հասարակությունն է։ Հայաստանում տեղեկատվություն ստանալու ազատությունը կարգավորվում է օրենքով։ Առաջինը մեդիայի իրական սեփականատերերի փաստն է, որ կարող է լրջորեն խոչընդոտել տվյալ լրատվամիջոցի կողմից տրամադրվող տեղեկատվության արժանահավատությանը և հավաստիությանը՝ այսպիսով հանգեցնելով մեդիայի կողմից հասարակության տեղեկատվության աղճատման և հասարակությանը կեղծ տեղեկատվության մատուցմանը։ Լրատվամիջոցը երևույթներն ու իրադարձությունները մեկնաբանում է՝ սեփականատիրոջ տնտեսական, քաղաքական, սոցիալական  և մնացած բոլոր նախասիրություններից ելնելով, ընդ որում, լինի դա պետական սեփականատեր կամ հանրային ռեսուրսներից սնվող մեդիա, լինի դա մասնավոր, ինչպես շատ ուսումնասիրություններ նշում են, օլիգարխներին պատկանող կամ զարգացող երկրներում անձի կամ անձանց խմբի ձեռքում կենտրոնացած մեդիա։

Ներկայումս Հայաստանն իրականացնում է բարեփոխումներ՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի և միջազգային պարտավորությունների կատարման կառավարության ջանքերի մի մաս:

Իրական շահառուների բացահայտման կարգավորումների ներդրման արդյունքում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով  2023թ.-ի մարտի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, այդ թվում՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունները հանրային ռեգիստրի միջոցով ներկայացրել են իրենց իրական շահառուներին։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք է ստացել 27 կազմակերպություն։ Նրանցից միայն 8-ն ունեն համապետական սփռում, 18-ը՝ մայրաքաղաքային, 9-ը՝ մարզային։ «Հանրային հեռուստաընկերության» սեփականատերը ՀՀ-ն է, «Շողակաթ» հեռուստաալիքինը ՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, իսկ 4-ը օտարերկրյա հեռարձակողներ են։

Ովքե՞ր են որոշ հեռուստաընկերությունների իրական սեփանականատերերը՝ ըստ ներկայացված հայտարարագրերի

«Շանթ» հեռուստաընկերության ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ընկերության իրական շահառուները Արթուր Եզեկյանն ու Արամ Մնացականյանն  են, համապատասխանաբար 52% և 48% բաժնեմասերով։

2011-2015-ին ընկերությունում նաև օտարերկրյա բաժնետեր է եղել՝ Շոտլանդիայի Էդինբուրգում գրանցված «Սփենսեր ինդասթրիալ Լ.Փ.»-ն, որին պատկանել է 48% բաժնեմասը։ 2015-ին այս բաժնեմասը ձեռք է բերել Արամ Արմենի Մնացականյանը։ Մնացականյանի բաժնեմասի վրա 2020-ի հունիսին դրվել էր կալանք՝ կապված Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործի հետ։

«Ֆրի Նյուզ» հեռուստաընկերության ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2020-ի հունիսից 49% ուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է Հասմիկ Դանիելյանը, իսկ 2021-ի մայիսից՝ Արմեն Ղալեչյանը՝ 51% բաժնեմասերով։

Հեռուստաընկերության սեփականատերերից մեկը Արմեն Ղալեչյանն  է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Հասմիկ Դանիելյանը Կամերային թատրոնի դերասանուհի է։ Հեռուստաընկերության գործադիր տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։

«Երկիր մեդիա»-ի ներկայացրած հայտարարագրում նշված է ընկերության երկու իրական շահառու՝ 2005-ից 24,8%-ի բաժնետեր ՀՅԴ-ական Արսեն Մանուկյանը և 2006-ից 25,1%-ի բաժնետեր Նարինե Ասատրյանը։

Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, քաղաքական գործիչ, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը 2022-ի մարտից «Հուսաբեր» ՓԲԸ ընկերության տնօրենն է։

«5-րդ ալիք»-ի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2018-ից ընկերության միակ՝ 100% ուղղակի մասնակցությամբ իրական շահառուն Արմեն Թավադյանն է։

2019-ին Թավադյանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել 2008-ի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձին առնչվող քրեական գործով։ Արմեն Թավադյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանին աջակցող ցույցերին, որոնք տեղի են ունեցել նրա դատավարությունների ժամանակահատվածում:

«Կենտրոն»-ի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2010-ից ընկերության 100% բաժնետերը Սեդրակ Առուստամյանն է։ Առուստամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահն է։ Նրան մի քանի քրեական գործեր է առաջադրված։

«Արմենիա» հեռուստաընկերության ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2018-ից ընկերության 100% սեփականատերը Ռոբերտ Հովհաննիսյանն է։ Ռոբերտ Հովհաննիսյանը 2011-2017-ին և 2018-ից մինչ այսօր «Պանարմ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ 2017-2018-ին ընկերության մեկ տոկոսը պատկանել է Բագրատ Սարգսյանին, 99%-ը՝ «Բենեթ Գրուպին», որը կապված է եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանի հետ։

Որքանո՞վ են հայտարարագրերն արտացոլում իրականությունը

Անկախ հետազոտող Հարություն Ծատրյանը և ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն արել են «Մասնավոր հատվածը Հայաստանի շահառու սեփականության թափանցիկության բարեփոխումներում» (Private Sector in the Beneficial Ownership Transparency Reform in Armenia) հետազոտություն՝ քարտեզագրելու BOT (Beneficial Ownership Transparency) բարեփոխման ազդեցությունը Հայաստանի մասնավոր հատվածի վրա:

Շուշան Դոյդոյանի՝ մեզ տրված տվյալով՝ պետռեգիստրից ստացված տեղեկատվությունից կարելի է հասկանալ, որ տեսալսողական ծառայություններ մատուցող լրատվամիջոցները վարժվել են BOT ռեգիստրին և բարեփոխմանը։ Այնուամենայնիվ, հիմնական հոսքային լրատվամիջոցները հիմնականում չեն օգտագործում ռեգիստրը որպես տեղեկատվության հուսալի աղբյուր.

«Եթե նախկինում չգիտեիք, թե ովքեր են կանգնած լրատվամիջոցների հետևում, այս բարեփոխումը կարող է օգտակար լինել, եթե համագործակցությունը ձևավորվի պետության և մեդիաընկերությունների միջև: Շատ օլիգարխներ դեռևս կապեր ունեն լրատվամիջոցների հետ։ Միշտ խոսակցություններ ու հրապարակումներ են լինում այս կամ այն մեդիաընկերության պատկանելության մասին։ Հայտարարագրում որպես իրական սեփականատեր նշվում է գործադիր տնօրենի անունը, և գործակալությունը նախաձեռնողական չէ այս տեղեկատվությունը ստուգելու հարցում»,-հետազոտության մեջ մեջբերված է մեդիաընկերության ծրագրերի ղեկավարի հետ հարցազրույցից։

Ըստ հետազոտության՝ մի շարք մտահոգություններ կան նաև Հայաստանում մեդիաբիզնեսի թափանցիկության վերաբերյալ։ Հայաստանյան մեդիա ընկերությունների ներկայացուցիչները համաձայն են, որ լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը վճռորոշ խնդիր է կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Մեդիա ընկերություններին վստահեցնում են, որ լրատվամիջոցների սեփականատերերի ինքնության մասին հանրային իմացությունը կարող է կանխել լրատվամիջոցների իշխանության չարաշահումները, ինչպիսիք են կոռուպցիան մեդիա համակարգում, մենաշնորհները լրատվամիջոցներում, ինչպես նաև լրատվամիջոցների վրա անհարկի ազդեցությունները:

Օրենսդրությունը՝ մակաբույծ կայքերի ֆոնին

«Կովկասյան բարոմետր 2021-2022» հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ հարցվածների մեծամասնությունը որպես սոցցանցային հարթակ օգտագործում է Ֆեյսբուքը, ընդ որում նրանց 84%-ն այն օգտագործում է լուրերի և քաղաքականության մասին նորություններ ստանալու համար։ «Ըստ Ձեզ՝ սոցիալական մեդիան ներկայումս դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունի Հայաստանի ընդհանուր իրավիճակի վրա» հարցին հարցվածների 56%-ը պատասխանել է՝ հիմնականում բացասական։

«Արդյունավե՞տ է արդյոք օրենքի կիրառումը լրատվամիջոցների վրա՝ հատկապես Ֆեյսբուքում մակաբույծ կայքերի ֆոնին, որոնք պակաս ազդեցիկ չեն ոչ մեդիագրագետ լսարանի համար» հարցին ի պատասխան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարկավոր է օրենսդրություն, որն ընդհանրապես կարգավորում է հանրային հաղորդակցության դաշտը.

«Ի վերջո, զրպարտության, վիրավորանքի, ապատեկատվության համար պատասխանատվության կարող են ենթարկվել ոչ միայն լրատվամիջոցները, այդ նույն սկզբունքով էլ այդ օրենսդրության շրջանակներում պիտի մակաբույծ կայքերը կամ տեղեկատվական փոխանակման այլ սուբյեկտները պատասխանտվության ենթարկվեն։ Նրանց համար չպետք է նախատեսված լինեն խրախուսման միջոցներ, և նրանք չպետք է որևէ առավելություն ստանան սովորական քաղաքացիների նկատմամբ։ Խոսքն այստեղ և՛ պետական հոգածության տարբեր ձևերի, հավատարմագրում տալու մասին է, և՛ այլ արտոնություններ, որոնք կարող են նախատեսվել որակյալ լրատվամիջոցների համար»։

Իրական սեփականատիրոջ հսկողությունը հատկապես քաղաքական լարված իրավիճակներում է զգացվում, մինչդեռ ֆինանսավորումներն ու գովազդներն անուղղակի ձևով ազդում են լրատվամիջոցի աշխատանքի վրա

Հակակոռուպցիոն ոլորտի տարբեր զեկույցներ ցույց են տալիս, որ վերջիններիս ազդեցությունը լրագրողի աշխատանքի վրա տարբեր կերպ է դրսևորվում, մեծ մասամբ՝ խմբագրական վերահսկողությամբ։

Տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ հրաժարվեցին զրուցել։ Վերջիններս պատճառաբանում էին, որ ցանկացած քաղաքական ուղղվածության լրատվամիջոց չի կարող լրագրողի աշխատանքի վրա ազդեցություն չունենալ «վերևների» կողմից, և որի մասին ճիշտ չէ խոսելը։

Հանրային հեռուստաընկերության լրագրող Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խմբագրական վերահսկողությունն ավելի շատ տարածվում է քաղաքական նյութերի վրա, և հատկապես հանրային հեռուստաալիքի դեպքում հսկողությունն ավելի խիստ է դրված.

«Քանի որ ես հիմնականում սոցիալական, առողջապահական, կրթական թեմաներ եմ լուսաբանում, քաղաքականության հետ այդքան չեմ առնչվում, դա ինձ չի խանգարում։ Կան կազմակերպություններ, միջոցառումներ, որ մենք չենք լուսաբանում, ու ես ժողովին ուղղակի չեմ առաջարկում, որովհետև հասկանում եմ, որ դրանք դեմ են մեր սկզբունքներին։ Կան մարդիկ, որոնց եթեր չենք տալիս, այնպես չէ, որ չենք նկարում, ուղղակի ցանկալի չէ, որ նրանք երևան էկրանին»։

«Երևան» ամսագրի թղթակից Շուշան Փափազյանն ասում է՝ շուկայավարման տեսանկյունից լրատվամիջոցն ունի գովազդատուներ, բայց երբեք չի բախվել այդ խնդրին, որ խմբագիրը հանձնարարի պատվերով նյութ գրել.

«Իմ վրա չեմ զգացել, բայց իմ շրջապատում կան մարդիկ, որ ստիպված անում են այդ ամենը փողի համար։ Ընկերական միջավայրում խոսում ենք. տվյալ լրատվամիջոցում հստակ դրված է, որ այսինչ բանը պետք է գրես, բայց բարձրաձայն նրանք երբեք չեն ասի, որ իրենց խմբագիրը «խեղդում է»՝ այս կամ այն բանը գրել։ Ոչ քաղաքական թեքվածությամբ մեդիայում երբեք նյութի բովանդակություն չի փոխվում»։

Շուշանի խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը, որ ստիպում է լռել լրագրողներին, աշխատանքը կորցնելու վախն է, որը հատուկ է զարգացող երկրներին, և երրորդ պատճառն է մեդիայում կոռուպցիոն դրսևորումների։ Ուսանողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ սա հատկապես սկսնակ լրագրողների շրջանում է դրսևորվում, որոնց աշխատանք է պետք.

«Ես պրակտիկա եմ անցել լրատվամիջոցում, որտեղ ինձ ստիպում էին քաղաքական թեմաներով նյութեր գրել այն դեպքում, երբ ի սկզբանե ասել էի, որ քաղաքական չեմ ուզում։ Հետո խմբագրում էին, հատված էին կցում, նախադասություններ փոխում, տակն էլ անունս էին գրում»,-ասաց նա։

Շուշանի հետ նման դեպք ևս պատահել է.

«Ես լրատվամիջոցում մի օր պրակտիկայի եմ եղել, ասուլիսի եմ գնացել, ու այնպիսի բաներ էին փոխել, ես իմ նյութը չէի ճանաչում»։

«Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքը ծառայողական ստեղծագործությունների մասով կարգավորում ունի, որը սահմանում է՝ առանց հեղինակի համաձայնության նյութում չի թույլատրվում որևէ տեսակի բովանդակային փոփոխություն կատարել, այնինչ խմբագրական վերահսկողությունը ուղիղ ձևով խախտում է հեղինակային իրավունքը։

Ի՞նչ անել

ԻԱԿ նախագահի՝ մեզ տրված տվյալով՝ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ մտավախություն են հայտնել, որ BOT (Beneficial Ownership Transparency) բարեփոխումը կարող է սպառնալիք ստեղծել մամուլի ազատության համար: Նրանց կարծիքով, եթե BOT ռեգիստրը ճիշտ չօգտագործվի, այն կարող է վերածվել Հայաստանում լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու գործիքի։ Մյուս կողմից, տեղեկացվածության բացակայությունն այն մասին, թե ով է լրատվամիջոցի սեփականատերը, ի վերջո, կարող է տապալել գործընթացը.

«Այսպիսով, այստեղ ոսկե հավասարակշռությունը չափազանց կարևոր է: Մեդիաընկերությունների կողմից տրամադրվող պարտադիր տեղեկատվությունը քաղաքացիական հասարակությանն է, և պետական գերատեսչությունները պետք է էական դեր խաղան տվյալների մոնիտորինգի և՛ ստուգման, և՛ ցանկացած հնարավոր անճշտության կամ կեղծ տեղեկատվության բացահայտման գործում»,-նշված է հետազոտության մեջ:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ կան որոշ գաղափարներ այն ուղղությամբ, թե ինչպիսի բովանդակություն պետք է ունենա քաղաքականությունը մեդիայում, և եթե այդ առաջարկություններն իրականացվեն, ապա կարող ենք դրական փոփոխություններ ունենալ.

«Դա չի նշանակում խոսքի ազատության սահմանափակում, որովհետև խոսքը նրա մասին չէ, որ այն լրատվամիջոցները, որոնք չեն հետևում հաշվետվողականության, թափանցիկության, ազնվության սկզբունքներին, պետք է վերացվեն, բայց նրանք, ի դեմս որակյալ լրատվամիջոցների, պետք է ունենան  հզոր մրցակից, և հիմնական նպատակը պետք է լինի հենց այդ որակյալ լրատվամիջոցների սեգմենտը ուժեղացնելը»։

Լուծումն, ըստ նրա, այնպիսի օրենսդրական կարգավորումներ ունենալն է, որտեղ պետությունը և՛ օրենսդրական, և՛ պրակտիկ քաղաքականության մակարդակով կխրախուսի լավագույն լրատվամիջոցներին, ովքեր և՛ թափանցիկ են իրական սեփականատերերի առումով, և՛ աշխատանքում հավատարիմ են իրենց պրոֆեսիոնալ սկզբունքներին․

«Եթե պետության կողմից այդ խրախուսանքը լինի, կարծում եմ՝ լրատվամիջոցների այն սեգմենտը, որոնք կարող են իրոք օգտակար լինել հանրային կարծիք ու իրազեկվածություն ապահովելու համար, կսկսեն ավելի մեծ դերակատարություն ունենալ մեր մեդիաշուկայում։ Եթե նման գործողություններ պետության կողմից չլինեն և նման օրենսդրական կարգավորումներ չմտցվեն, ապա մենք կունենանք այսօրվա քաոտիկ իրավիճակը, երբ, իրոք, այն մարդիկ, ովքեր բավարար մեդիագրագետ չեն, անընդհատ կդառնան ապատեղեկատվության և մանիպուլյացիաների զոհ: Իսկ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների իրազեկվածության և առողջ մտածելակերպի համար պատասխանատու լինել»։

Քնարիկ Վարդանյան

4-րդ կուրս

«Հակակոռուպցիոն մեդիադպրոց»-ի առաջին մրցանակակիր

Կիսվել