«Հոգեբանությունը պետք է բժշկության հետ զուգահեռ աշխատի և առանձին չլինի». հոգեբան Ս․...

«Հոգեբանությունը պետք է բժշկության հետ զուգահեռ աշխատի և առանձին չլինի». հոգեբան Ս․ Հովակիմյան

1245

Հոգեբանի մասնագիտության մասին զրուցել ենք հոգեբան, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանի հետ։ Սոնան  առաջին մասնագիտությամբ սոցիալական աշխատող է։

-Սոցիալական աշխատողը հոգեբան է դարձել։ Ինչո՞ւ և երբվանի՞ց։

-Որոշեցի մասնագիտական ուղղությունս փոխել և աշխատել հոգեբանության ոլորտում, քանի որ հոգեբանությունը միշտ է եղել ինձ հարազատ, մշտապես զգացել եմ, որ դա է հենց իմ ոլորտը։ Մարդկանց աջակցելու այդ ամբողջ պրոցեսը կարծես իմ առաքելությունը լինի։ Ոլորտում աշխատում եմ 4 տարի, իսկ եթե գումարենք նաև սոցիալական աշխատանքի պրակտիկան, քանի որ այնտեղ ևս լինում էին հոգեբանության հետ կապված խորհդատվական հատվածներ, ապա 4 տարի և ավելի։

-Բնութագրեք, խնդրում եմ, հոգեբանությունը։ 

-Ոլորտը չափազանց հետաքրքիր է, բազմազան, շատ խորքային ու յուրահատուկ։ Ինձ համար անձի հոգեբանությունը մի այլ աշխարհ է, որտեղ կարող ես մտնել  ու անել բացահայտումներ։ Ինչպես յուրաքանչյուրիս համար բժշկությունն է կարևոր, ինձ համար նույնքան կարևոր է հոգեբանությունը, քանի որ շատ հարցեր կախված են հենց հոգեբանությունից։ Կարծում եմ, որ հոգեբանությունը պետք է բժշկության հետ զուգահեռ աշխատի և առանձին չլինի։

-Հոգեբանները նո՞ւյնպես ունենում են հոգեբանի կարիք։ Եղե՞լ է պահ, որ նրա կարիքը Դուք նույնպես զգաք։

– Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր հոգեբան, որը ցանկանում է աշխատել մաքուր ու արդյունավետ, չի կարող չանցնել իր անձնական թերապիան, և այն հոգեբանները, որոնք մինչ աշխատելը չեն անցել իրենց անձնական թերապիան, չեն կարող լիարժեք աշխատել այցելուների հետ, ուստի՝ այո, յուրաքանչյուր հոգեբան ունի հոգեբանի կարիք, ինչպես յուրաքանչյուր անձ։ Պարզապես հոգեբանի պարագայում պարտադիր ու կարևոր է դիմել մասնագիտական թերապևտիկ աշխատանքի իր անձի համար, քանի որ աշխատելու է այցելուների հետ։ Հակառակ դեպքում նա չի կարող այլ անձի հոգեկան աշխարհ ներխուժել, այդ իսկ պատճառով դա պարտադիր է։   Այս հարցը հոգեվերլուծողների շրջանում շատ ավելի խիստ է դրված, քանի որ այն հոգեբանության մեջ առանձին մեթոդ է։

-Հե՞շտ է աշխատել մարդկանց հետ, որոնք տարբեր խառնվածքների տեր են, ունեն տարբեր բնավորության գծեր։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդը, եթե ցանկանում է դառնալ հոգեբան։

-Յուրաքանչյուր անձ ունի տարիներով ստեղծված իր ներաշխարհը, ենթագիտակցական պրոցեսներ, որոնք նույնիսկ իրեն հայտնի չեն։  Հոգեբանը փորձում է այստեղ միջամտություններ կատարել, ինչը, բնականաբար, հեշտ չէ։ Իսկ ես սիրում եմ հենց այդ ընթացքը, քանի որ որքան դժվար է, այնքան էլ հետաքրքիր  է. եթե մի բան քոնն է, դժվարությունն էլ նույնիսկ սիրով ես հաղթահարում։ Իսկ հատկանիշների առումով նախ կասեմ, որ առաջինը պետք է լինի մարդ՝ ապրումակցող, հասկացող․ մարդուն սիրող պետք է լինի։ Եթե մարդուն աջակցելը և աշխատանքը, որը կատարում ես, քեզնից էներգիա են տանում, ապա այս ոլորտը քոնը չէ, իսկ երբ լցվում ես ու տալիս ես, նշանակում է՝ դա քոնն է։

-Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեբանի կարիք ունես։

-Երբ զգում ես, որ քո ռեսուրսները քեզ չեն բավարարում և ոչ միայն քո, այլ նաև քո շրջապատի, որ այն ամենը, ինչ կա քո շուրջ, բավարար չէ լիարժեք կյանք ապրելու, ներդաշնակություն գտնելու, ներքին կյանքի որակի ապահովման համար, այն որակի, որը ցանկանում ես, այդ դեպքում պետք է բնականաբար դիմես մասնագետի։ Եթե ատամդ ցավում է, բնականաբար պետք է դիմես հենց ատամնաբույժի։ Նույնն էլ հոգեկան աշխարհն է. չպետք է ինքնուրույն լուծել այդ խնդիրները, քանի որ յուրաքանչյուր ոք կյանքի ինչ-որ փուլում ունենում է հոգեբանական աջակցության կարիք։

-Խոսենք մի փոքր զույգերով թերապիաների մասին։ Այդպիսիք հաճա՞խ են լինում Ձեզ մոտ։ Եվ ո՞րն է էլ ավելի արդյունավետ՝ առանձին, թե՞ միասին հոգեբանի դիմելը։

-Զույգերով դիմում են, բայց չեմ ասի, որ ավելի հաճախ, քան անհատապես։ Իսկ արդյունավետության առումով կարող եմ ասել, որ կախված է դեպքից։ Լինում է, որ զույգից մեկը, թեկուզ հենց երկուսն անցնեն անհատական թերապիա, իրենց խնդիրների վրա աշխատեն և հետո նոր գան ընդհանուր թերապիայի։ Իհարկե, լինում են հարցեր, որ միանգամից սկսում ենք զույգի հետ, և այստեղ կարիք չկա առանձին-առանձին աշխատելու։

-Կարո՞ղ եք հիշել լավագույն խորհուրդը, որը տվել եք Ձեր այցելուին/այցելուներին։

-Հոգեբանը հստակ ձևակերպումներով խորհուրդներ չի տալիս, չեմ էլ կարող ասել, որ լավագույնը կա, քանի որ յուրաքանչյուր միտք, որը քննարկում ենք այցելուի հետ միասին, կախված դեպքից և իրավիճակից՝ կարող է լինել շատ կարևոր, իսկ մյուսի դեպքում՝ ոչ այնքան կարևոր ու տեղ չհասնող։ Բայց այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ մարդն ինքն իրեն հավատա, փորձի վատ փորձառության մեջ նույնիսկ աճել, բուժվել, քաղել դրականը, վերափոխվել, և այս բոլորին ուղղված մտքերն ու խորհուրդները ես կարող եմ առանձնացնել որպես լավագույն։

Էլլեն Աղաջանյան

2-րդ կուրս

Կիսվել