«Միշտ մի փոքր ավելին պահում եմ՝ ավելի բուռն էմոցիաներ արտահայտելու համար»․ Արմեն...

«Միշտ մի փոքր ավելին պահում եմ՝ ավելի բուռն էմոցիաներ արտահայտելու համար»․ Արմեն Գարամյան

728

Արմեն, մասնագիտությամբ ֆինանսիստ եք: Կասե՞ք՝ ինչպես ստացվեց, որ ֆինանսիստը դարձավ ֆուտբոլային մեկնաբան:

– Առաջին ալիքը մեկնաբանների մրցույթ հայտարարեց: Սկզբում չէի հավատում մրցույթի անաչառությանը, բայց վերջին պահին, ծնողներիս հորդորով, որոշեցի մասնակցել: Մասնակցեցի, հաղթողներից մեկը ես դարձա ու որոշեցի մասնագիտությունս փոխել:

ուտբոլով երբվանի՞ց եք հետաքրքրված։

-Ֆուտբոլով հետաքրքրված եմ 2006 թվականից, իսկ մեկնաբանությամբ՝ 2017-ից:

Ի՞նչ եք կարծում՝ ֆուտբոլային մեկնաբանի կարևորագույն հատկանիշները որո՞նք են։

-Ֆուտբոլից խորը, վերլուծական գիտելիքներ, լեզվի իմացություն, մեկնաբանության տարբերվող ոճ, անաչառություն, արագ կողմնորոշվելու ունակություն, ձայնը հաճելի լինի մեծամասնությանը: Կարևորագույն հանգամանքներից մեկը՝ մեկնաբանը պետք է իմանա տեղական ֆուտբոլը, այս պարագայում՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող թիմերին, նրանց խաղացողների հնարավորությունները և ներուժը: Շատ լավ պետք է տիրապետի ազգային հավաքականին վերաբերող ցանկացած հարցի պատասխանի, որովհետև իմանալ մրցակցին, բայց չիմանալ մեր ֆուտբոլը, ճիշտ չէ ըստ իս: Մշտապես ունենալ խաղ մեկնաբանելու մոտիվացիա: Մոտիվացիան կարող է սպորտի հետ կապ չունենալ, բայց պետք է լինի: Անկախ խաղի կարևորությունից ու նշանակությունից, չստորադասել էլ կլասիկոներից կամ լոնդոնյան դերբիներից: Մշտապես կատարելագործվելու ձգտում ունենալ: Թեթև նայել ոչ պրոֆեսիոնալ քննադատություններին, բայց ուշադրություն դարձնել առողջ քննադատություններին:

-Ձեզ հասցեագրված համացանցային մեկնաբանություններում տեսնում ենք, որ շատերը ձեզ սիրում և լսում են, որովհետև խաղի ընթացքում և վերջում թևավոր խոսքեր եք ասում։ Մեկնաբանության տարբերվող ոճ ասելով՝ դա՞ նկատի ունեք։

-Միայն թևավոր խոսքերով չէ, որ պետք է տարբերվել: Մեկնաբանի ոճը պետք է տարբերվող լինի: Կարող ես ունենալ կուռքեր, նրանցից շատ բան սովորել, բայց պետք չէ փորձել նմանվել նրանց, քանի որ այդպես դու չես ունենա քո դեմքը: Թևավոր խոսքեր ի սկզբանե հաճախ եմ օգտագործել: Հիմնականում խաղի վերջում փորձում եմ խաղին համահունչ միտք ասել: Եղել են դեպքեր, որ միտքը ֆուտբոլի մասին չի եղել:

Իսկ կասե՞ք՝ ի՞նչ ոչ պրոֆեսիոնալ և առողջ քննադատություններ եք լսել, որոնք տպավորվել են։

-Ամենասկզբում ձայնս բարակ էր, կամ ես էի բարակեցնում. այն աստիճան, որ ինքս ինձ չէի կարողանում լսել: Հետո, լսելով խորհուրդները, սկսեցի խոսել ու բղավել իմ բնական ձայնով՝ արհեստական ոչ մի տարր չմտցնելով ձայնիս մեջ: Մինչև հիմա ասում են, որ չափից շատ էմոցիոնալ եմ, և կգա մի պահ, որ ավելացնելու տեղ չեմ ունենա, բայց ես այդպես չեմ կարծում: Միշտ մի փոքր ավելին պահում եմ՝ հնարավոր մեծ հաջողության դեպքում շատ ավելի բուռն էմոցիաներ արտահայտելու համար:

Կասե՞ք՝ որ թիմին էիք երկրպագում Մունդիալ-2022-ին և ինչու:

-Պորտուգալիային. 2006 թվականից երկրպագում եմ այդ հավաքականին, իսկ այդ ժամանակ ընտրությունս կապված էր Կրիշտիանու Ռոնալդուի՝ հավաքականում խաղալու փաստի հետ:

Այսինքն՝ Մունդիալ-2022-ի եզրափակչում տեսնում էիք Պորտուգալիային ու ո՞ր թիմին, և ինչու՞:

-Արգենտինային, կրկին անձնական պատճառով: Ինձ համար շատ թանկ մարդ երկրպագում էր Արգենտինային, և ես ուզում էի Արգենտինային տեսնել եզրափակչում:

Հաշվի առնելով, որ Ձեր նախընտրած ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոանլդուն է, կարելի՞ է ենթադրել, որ համաձայն չէիք ՖԻՖԱի «Լավագույնը» մրցանակաբաշխության արդյունքներին։

-Իհարկե համաձայն չէի, Կուրտուան հրաշալի ֆուտբոլ խաղաց թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Լա լիգայում, ու կարծում եմ՝ ավելի արժանի էր լավագույնի կոչմանը: Չնայած Դիբու Մարտինեսը Ռանդալ Կոլո Մուանիի՝ եզրափակչի ամենավերջում կատարած հարվածից հետո փրկեց Արգենտինային ու փրկեց գավաթը: Երևի դա էլ հենց շատ մեծ նշանակություն է ունեցել: Բենզեման Չեմպիոնների լիգայում բառացիորեն Ռեալի հաղթաթուղթն էր: Մեսսին ևս վատը չէր, ավելին, շատ լավն էր, բայց միանշանակ ֆավորիտ չէր: Քվեարկությամբ Բենզեման երրորդն էր, ինչն առնվազն ճիշտ չէ. գոնե երկրորդը պետք է լիներ: Էմիլիանո Մարտինեսը ընդամենը մեկ ամիս աշխատեց ու լավագույնը ճանաչվեց: Անչելոտին ևս շատ բարդ շրջան անցավ: Պարի Սեն-Ժերմենից, Սիթիից ու Չելսիից ծանր մարտահրավերներ ստացավ, բայց հաղթահարեց: Երևի այդ խաղացողների հաղթանակները արդյունք են նրա, որ մասնագետները Աշխարհի առաջնությանը մի քանի անգամ ավելի կարևորություն են տալիս:

ՀայաստանԹուրքիա խաղի մասին ի՞նչ կասեք։ Երբ հարցազրույցը հրապարակվի, խաղից արդեն մի քանի օր անցած կլինի, բայց որպես կանխատեսում ի՞նչ կասեք, ի՞նչ սպասել խաղից։ Հետո կտեսնենք՝ իրականացավ, թե ոչ։

-Թուրքիայի հավաքականը պատահական մրցակից չէ: Իհարկե, այս հավաքականը 2002-ի կամ 2009-ի Թուրիքան չէ, բայց շատ մրցունակ և ուժեղ մրցակից է: Լավագույն տարբերակը չէր ընտրական փուլը սկսել Թուրքիայի հետ տնային խաղով, բայց սա է իրականությունը: Մրցակիցը լավ ֆուտբոլիստներ ունի թոփ-5 առաջնություններից: Կենտրոնական պաշտպանները խաղում են Անգլիայում, Իտալիայում ու Իսպանիայում: Ուժեղ խաղացողներ ունեն նաև Գերմանիայից ու Ֆրանսիայից, բայց գլխավոր աստղը Հենրիխ Մխիթարյանի ակումբակից Հական Չալհանօղլուն է: Ուժեղ կենտրոն ունեն, ու մեր տղաները պետք է փորձեն նրանց առավելություն չտալ խաղադաշտի այդ հատվածում: Հենց այդ գոտուց կարելի է առավել շատ վտանգ սպասել մրցակցից: Ինչ վերաբերում է Հայաստանին, եթե կադրային կորուստներ չունենանք, կարող ենք ասել, որ բավականին օպտիմալ ու բալանսավորած կազմ ունենք: Հիմնական խնդիրը պաշտպանությունն է, որտեղի հնարավոր խնդիրները պետք է ի չիք դարձնել նաև նվիրվածության շնորհիվ: Վստահ եմ, որ նվիրվածության պակաս չի լինի: Վստահ եմ, որ տղաները ամեն ինչ թողնելու են խաղադաշտում՝ արդյունքի հասնելու համար: Այս խաղում մեծ դեր ունի նաև երկրպագուն: Հավատացեք՝ ունենք հաղթելու լավ հնարավորություններ: Դրա համար պետք է ներդնել առավելագույնը, խաղադաշտում զսպվածություն, համբերատարություն և կարգապություն դրսևորել, ինչից հետո կարող ենք ուրախանալ արդյունքով: Հավատում եմ, որ կհաղթենք: Ընդունելի արդյունք կարելի է համարել նաև ոչ-ոքին:

-Շնորհակալ եմ շատ:

-Ես եմ շնորհակալ:

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել