Թատրոնը՝ նոր կյանքերի ազդարարման սկիզբ. Հրաչուհի Լոռեցյան

Թատրոնը՝ նոր կյանքերի ազդարարման սկիզբ. Հրաչուհի Լոռեցյան

379

Պոեզիայի թատրոնի արտիստ Հրաչուհի Լոռեցյանը պատմում է թատրոնի ժամանակակից  մարտահրավերների, քմահաճ հանդիսատեսի և կինոյի հետ մրցակցության մասին:

-Հրաչուհի, ի՞նչը Ձեզ տարավ թատրոն:

-Ինձ թատրոն տարավ դերասանուհի դառնալու մասին երազանքը, պաշտել ու հիմա էլ պաշտում եմ բեմը։ Մանկական երազանքս կամաց-կամաց դարձավ նպատակ, որին ձգտեցի ու հասա։

-Ո՞րն է Ձեր կերտած ամենատավորիչ կերպարը:

-Անսահման սիրում եմ կերտածս բոլոր կերպարները, սակայն առանձնացնեմ մեկը. ինստիտուտի տարիներին կուրսընկերուհիս (Ինա Մելիքյան) բեմականացրեց դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի «Վերջին Ծաղրածուն» պիեսը, որտեղ խաղում էի  որպես բանաստեղծ։ Իրականում կերպարը բուն պիեսում չկար, նրա մասին միայն խոսվում էր, սակայն հետաքրքիր լուծումներով կարողացանք դերին ոգի ու շունչ տալ։

-Պահանջվա՞ծ է թատրոնի դերասանի մասնագիտությունը:

-Թատրոնի դերասանի և ընդհանրապես թատրոնի պահանջարկը միշտ եղել է և միշտ է լինելու, թատրոնն ինչ-որ տեղ նոր կյանքերի սկիզբն է ազդարարում։

-Ինչու ՞ երբևէ կերպար չեք կերտել կինոյում:

-Որովհետև սերս դեպի Ձերդ մեծություն թատրոն ավելի շատ էր և է։

-Ի՞նչ  ժանրի  ներկայացումներ է նախընտրում հանդիսատեսը:

-Կարծում եմ հանդիսականները բաժանվում են երկու մասի. մի մասը նախընտրում է կատակերգություն, մյուսը՝ դրամա, ողբերգություն։ Նաև աշխարհում ու երկրում կատարվելիք իրադարձություններից է ինչ-որ չափով կախված, թե հանդիսատեսն ավելի շատ որ ոճի ներկայացում կցանկանա դիտել:

-Հանդիսատեսը քմահա՞ճ է, թե՞ հեշտ է գոհացնել նրան:

-Օրինակ՝ Վանաձորի հանդիսատեսը, որը համարվում է Հայաստանում լավագույններից մեկը՝ բավականին քմահաճ է, բայց եթե հավանեց ներկայացումը, ուրեմն վերջ…

-Ո՞ր տարիքային խմբին կարելի է հաճախ տեսնել թատրոնում:

-Թատրոն գնալը չպետք է բաշխվի տարիքային խմբերի, բոլորը պետք է հաճախեն։ Թատրոնը ձգող ուժ ունի, մեկ անգամ գնացողը անընդհատ ձգտում է այնտեղ։

-Ժամանակակից թատրոնի հանդիսատեսը նախընտրում է ժամանցայի՞ն,  թե՞ դաստիարակչական ներկայացումներ:

-Կարծում եմ՝ երկուսն էլ։ Երկուսն էլ պետք են հատկապես մեր օրերում։

-Հրաչուհի, Դուք նաև ղեկավարում եք թատերական խմբակ. ի՞նչ տարիքի ուսանողներ ունեք:

-Այո, արդեն բավական ժամանակ է ղեկավարում եմ թատերական խմբակ, որտեղ հաճախում են 8-ից 14 տարեկան պատանիներ, նրանց հետ աշխատանքը բավականին հետաքրքիր է։

-Ի՞նչ ժանրի ներկայացումներ եք բեմադրում:

-Հաշվի առնելով սաներիս տարիքը՝ փորձում եմ առաջնահերթ դարձնել հեքիաթների, պատանեկան վիպակների բեմականացումը։ Երբեմն ինքներս ենք հորինում, գրում և բեմադրում մեր հեղինակայինը (այդպես առավել հետաքրքիր է)։ Բացի դա, նաև ասմունք եմ պարապում, որը ևս գեղեցիկ բեմականացմամբ հանձնում ենք հանդիսատեսի դատին։

-Ձեր ուսանողները հնարավորություն ունե՞ն  ներկայանալու պրոֆեսիոնալ բեմերում:

-Ուսանողներս, լինելով տարիքով փոքր, բավականին մեծ պոտենցիալ ու հնարավորություն ունեն տարբեր բեմերում հանդես գալու, իհարկե, դեռ շատ դետալներ կան, որոնք պետք է ուսումնասիրեն հղկվելու ու առավել լավը դառնալու համար։

-Ներկայացումներ, որոնք խորհուրդ կտաք պարտադիր տեսնել:

-Տարիներ առաջ եմ նայել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Բերնարդա Ալբան և իր աղջիկները» ներկայացումը, որը մինչ հիմա մտաբերում եմ ու խորհուրդ կտայի անպայման դիտել։ Ընդհանուր առմամբ շատ են ներկայացումները, որոնք արժե դիտել։ Այս պահին այդ մեկը մտաբերեցի։

-Ձեր ամենասիրելի դերասանները:

-Իմ հանճարեղ լոռեցին՝ Սոս Սարգսյանը։ Հայ թատրոնում շատ են սիրելի դերասանները, առանձնացնելը արդար չի լինի։ Իսկ կինո «Նահապետը» ուրիշ նշաձող է, նա ինձ համար ամենաբարձր կետում է։

-Ի՞նչը էլ ավելի լավը կդարձնի թատրոնը:

-Թատրոնը բոլոր ժամանակներում լավն է առանց ինչերի ու եթեների։ Աշխատանքի հանդեպ բարեխիղճ, նվիրված լինելը, չմեծամտանալը, սերիալներով չտարվելը շատ կօգնեն այդ հարցում։

-Ի վերջո՝ կինոն կհաղթի՞ թատրոնին:

-Չեմ կարծում, որ արժե թատրոնն ու կինոն մրցակցության մեջ դնել և որոշել, թե նրանցից ո՞վ կհաղթի։ Սակայն մի բան հստակ է. սկիզբը պե՛տք է թատրոնը լինի։

Նարե Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել