Հակակառուպցիոն մեխանիզմների կիրառումը նոր պարեկային ծառայությունում

Հակակառուպցիոն մեխանիզմների կիրառումը նոր պարեկային ծառայությունում

564

Կաշառք տալը կամ առաջարկելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք. պատիժ է սահմանվում մինչև 7 տարի ազատազրկում։

Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է պարբերաբար  բացահայտել  քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց և պարեկային ծառայությանը  կաշառք առաջարկելու և տալու առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր: 2022-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1203 քրեական վարույթ։ Դատարան ուղարկված քրեական գործերից 61-ը 164 անձի վերաբերյալ եղել են հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները։

2023-ին  մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով (վարույթներով) դատի է տրվել 63 պաշտոնատար անձ, որոնց մեջ, ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների, եղել են՝

•           ՃՈ տեսուչ – 6,

•           ոստիկան – 1,

•           պարեկ – 4,

•           ոստիկանության տեսուչ – 1,

•           ոստիկանության օպերլիազոր – 1:

Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիներից շատերն արդեն որոշակի զգուշավորություն են ցուցաբերում։ Նրանցից մեկը  մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա պարեկային ծառայության աշխատակցին կաշառք առաջարկել նշանակում է ինքդ քո ձեռքով քեզ վրա քրեական գործ հարուցես։

«Եղել է դեպք, երբ առաջարկել եմ գումար տուգանքի չափը նվազեցնելու համար, բայց, առաջին դեպքը լինելու հանգամանքով պայմանավորված, ներել են և արձանագրել են խախտումը։ Չեմ ասի, որ վախի մթնոլորտ է, բայց որ վարորդների զգոնությունը երթևեկելիս ավելացել է, փաստ է»,-ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ երբ նոր էր ներդրվել պարեկային ծառայության համակարգը, մի քանի անգամ փորձել է առաջարկել գործարք, բայց ստացել է նախազգուշացում և տուգանվել համապատասխան խախտման սահմաններում։

«Դա եղել է առաջին և  վերջին անգամը, բայց ՃՈ ոստիկաններին մինչ օրս էլ առաջարկում եմ, նրանք էլ  վերցնում են, լինում է, որ հենց իրենք են առաջարկում ինչ-որ իքս գումար՝ վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց»,-հավելեց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ հիմա ավելի հանգիստ է վարում մեքենա, քանի որ ծառայություն իրականացնողները շրջում են քաղաքում և հաճախ մեղմ են վերաբերվում խախտումներին, սակայն նշեց, որ ինքը գիտի դեպքեր, երբ աշխատակիցներից ոմանք կաշառք վերցրել են։

2023 թվականի սկզբից պարեկային ծառայության աշխատակիցները բացահայտել են կաշառք առաջարկելու նոր դեպքեր։

Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող պարեկները, պարզելով, որ Վ. Գ.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել, նրանից պահանջել են փաստաթղթերը, սակայն այդ ընթացքում վարորդի ամուսին Կ. Մ.-ն որպես կաշառք 10.000 ՀՀ դրամ է թողել պարեկների ավտոմեքենայի մեջ՝ խնդրելով արձանագրություն չկազմել: Պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն, կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալել են ուղևորին և տեղափոխել ոստիկանության բաժին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել են վարորդներ Ա. Պ.-ի և Ա. Կ.-ի կողմից թույլ տված վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկները, նկատելով, որ վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն երթևեկում են անկանոն, կանգնեցնել են նրանց։ Արդյունքում պարզել են, որ հիշյալ վարորդները երթևեկել են առանց վարորդական վկայականների և գտնվել են ոչ սթափ վիճակում: Վերը նշված իրավախախտումները չարձանագրելու համար վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն պարեկներին առաջարկել են համապատասխանաբար 10.000 և 20.000 ՀՀ դրամ կաշառք: 

Պարեկներին կաշառք առաջարկելու համար Կ. Մ.-ին, Ա. Պ.-ին և Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 

Պարեկային ծառայության աշխատակիցները պատմում են, որ վարորդների կողմից կաշառք առաջարկելու ավանդույթը գնալով նվազում է: Պատճառ կարող են հանդիսանալ և՛ վախի գործոնը, և՛ կատարվող բարեփոխումները։

Պարեկային ծառայության աշխատակից Վարդան Բարսեղյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ պարեկային ծառայության  ներդրման սկզբում շատ են եղել վարորդներ, որոնք առաջարկել են «հարցը լուծել այլ կերպ»՝ փորձելով չենթարկվել պատասխանատվության։  Բարսեղյանը նշեց, որ ծառայության անցնելուց առաջ իրենց մոտ գործում էր մեկ սկզբունք՝ կա՛մ արձանագրել խախտումը,  կա՛մ  ներել և բարի ճանապարհ մաղթել, բայց ոչ մի դեպքում կաշառք չվերցնել, որի մեջ մտնում է և՛ գումարը, և՛ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով հարցը կարգավորելը։  Հարցին, թե կաշառքի որ ձևերը կամ մեթոդներն են մինչ օրս ակտուալ և գործող, նա պատասխանեց, որ առավել տարածված է, երբ վարորդները առաջարկում են, օրինակ, 20.000 դրամ արժողությամբ ակտավորման փոխարեն արձանագրել 5.000 կամ 10.000 դրամ արժողությամբ խախտում։

Ի դեպ, վերջերս վարչապետ Ն. Փաշինյանը, անդրադառնալով պարեկային ծառայության արձանագրած դեպքերին, նշել էր. տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալու և հասկանալու պրոբլեմներն իրենց խորության մեջ: Նրա խոսքով՝ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են:

«Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև, երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն»,-ընդգծել է վարչապետը։

Լյուսինէ Առաքելյան

3-րդ կուրս

«Հակակոռուպցիոն մեդիադպրոց»-ի երրորդ մրցանակակիր

Կիսվել