«Սիրիր այն, ինչ անում ես, եթե հնարավոր չէ անել այն, ինչ սիրում...

«Սիրիր այն, ինչ անում ես, եթե հնարավոր չէ անել այն, ինչ սիրում ես». Նարինե Դավթյան

974

Կյանքն արժևորող, դրանցում շարունակ ինքն իրեն բացահայտող և մշտապես ինքնաճանաչողու­թյանը և լուսավորին ձգտող մեր հերոսուհին մարդկանց կողմից շատ հաճախ կարող է բնութագրվել հենց լուսավոր բառով: Journalist.am-ի հյուրն է Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ամբիոնի դոցենտ Նարինե Դավթյանը:

Աշխատանքային փորձը տարաբնույթ է եղել. կրթական համակարգի վարչական հատվածում՝ բաժնի ղեկավար, գործադիր մարմնում որպես բաժնի պետ,  ներկայումս էլ Սահմանադրական դատարանում է վարում իր գործունեությունը: Դրա հետ մեկտեղ, համատեղելով նաև դասախոսական աշխատանքը, նա դժվարությունների հանդեպ սեփական մոտեցման և դրանք հաղթահարելու մասին իրեն ուղղված հարցին պատասխանում է, որ իր համար հաղթանակած դուրս գալը պակաս կարևոր է, քան հաղթանակը սեփական անձի հանդեպ: «Չեմ կարող ասել, որ տարբեր իրավիճակներում հաղթանակած դուրս գալը կարևոր խնդիր է եղել ինձ համար: Ավելի կարևորել եմ այն, որ ես կարողանամ հաղթահարել  ինքս ինձ՝ իմ վախերը, իմ անվստահությունը սեփական անձի նկատմամբ, իմ թուլությունները, սա  է կարծես այն ներքին համոզմունքը, որ նախ մարդն ինքն իրեն պետք է կարողանա հաղթահարել և այդ ժամանակ հաստատ հաղթանակած կլինի»:

Իր ուսանողների հետ հաճախ խոսելով հենց կյանքի լուսավոր կողմերի մասին՝ նա համաձայն չէ այն դիտարկման հետ, որ բարությունը քիչ է. «Մարդիկ պետք է կարողանան իրենց մեջ բացահայտել և տարածել բարին ու լուսավորը, և այնքան էլ համաձայն չեմ, որ այսօր քիչ է այն աշխարհում, շատ է, պարզապես պետք է այն տեսնել, գնահատել և ընդօրինակել»:

Հետադարձ հայացք գցելով իր անցած ճանապարհին՝ նա հակված է այն համոզմունքին, որ նպատակներին հասնելու համար ճանապարհները երբեք հեշտ չեն լինում. «Ճանապարհները քեզանից բավականին ջանք և համառություն են պահանջում, երբեմն կյանքի շատ հաճույքներից զրկում: Մի բան կարող եմ միայն նշել, որ երբեք չեմ փոշմանել այն ժամանակի և ջանքերի համար, որոնք ներդրել եմ իմ նպատակներին հասնելու համար»:

Արժևորելով կյանքի մատուցած ամեն դրվագը՝ նրա համոզմունքը մեկն է, որ մարդը պետք է կարողանա նկատել և գնահատել իրեն ընդառաջ եկող ցանկացած իրականություն. «Սա չի վերաբերում միայն դրական իրավիճակներին, նույնիսկ երբեմն այդ ժամանակահատվածի համար ցավալի իրավիճակները, երբ հետագայում նայում ես որպես անցյալ, դու հասկանում ես, որ դրանք են քեզ վերափոխել»:

Կյանքի բարդագույն շրջադարձերում նա կարողացել է հավատալ, որ ցանկացած իրավիճակում էլ հնարավոր է պահել կամքի ուժն ու հաղթանակած դուրս գալ անգամ անելանելի իրավիճակներից:

Մտերիմ ընկերուհին Նարինե Դավթյանին այսպես է բնութագրում. «Կյանքը նրան օժտել է անասելի բարությամբ, լավատեսությամբ, մարդկանց ծառայելու, բարին մատուցելու անհագ ցանկությամբ»:

Ունենալով իրատեսական մտածողություն՝ նա կարծում է, որ մարդը երբեք չպետք է ունենան կեղծ սպասումներ, մշտապես ունենալով այն գիտակցումը, որ որևէ մեկը ոչինչ պարտավոր չէ անել մեր փոխարեն: Կյանքի վերաբերյալ իր սեփական գիտակցումն է՝ հարգել ուրիշներին, պատասխանատու լինել սեփական քայլերի համար, արժևորել կյանքը, սիրել այն, ինչ անում ես,  եթե հնարավոր չէ անել այն, ինչ սիրում ես… Իսկ երջանկությունը փնտրել ոչ թե դրսում, այլ ներսում:

«Փորձի՛ր այն բացահայտել քո մեջ՝ հանելով ներսումդ եղած  նախանձը, բարկությունն ու չարամտությունը: Եվ ամենակարևորը՝ ամեն մի նոր օր ընկալիր որպես հնարավորություն, նվեր նորից վերածնվելու»:

Գրետա Այվազյան

3-րդ կուրս

Կիսվել