«Մեդիան մեդիայի մասին չի գրում, ես էլ որոշեցի կոտրել կարծրատիպը». «Հակակոռուպցիոն մեդիադպրոցի»...

«Մեդիան մեդիայի մասին չի գրում, ես էլ որոշեցի կոտրել կարծրատիպը». «Հակակոռուպցիոն մեդիադպրոցի» առաջին մրցանակակիր Քնարիկ Վարդանյան

396

Քնարիկ Վարդանյանը «Հակակոռուպցիոն մեդիադպրոցի» առաջին մրցանակակիրն է: Իր՝ «Մեդիաբովանդակությունը՝ խոչընդոտ մարդու արժանապատիվ տեղեկատվություն ստանալու ազատությանը» հոդվածը ճանաչվել է լավագույնը և արժանացել դրամական մրցանակի: «Հակակոռուպցիոն մեդիադպրոց» ծրագիրը համատեղ իրականացրել են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը: Ծրագրում հաղթելու, դասընթացի ձևաչափի, հեռանկարների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին պատմում է Քնարիկ Վարդանյանը:

-Քնարիկ, ինչու՞ հետաքրքրեց  Ձեզ Հակակոռուպցիոն մեդիադպրոցը:

-Նախքան մեդիադպրոցը ես արդեն համագործակցում էի «Հետքի» հետ ու լուսաբանում հակակոռուպցիոն դատարանի նիստերը: Այդտեղից էլ առաջացավ հետաքրքրությունը, ցանկացա ավելի մանրամասն ուսումնասիրել՝ ինչ ասել է կոռուպցիա:  Դատեր լուսաբանելուց բացի՝ ես ուզում եմ նաև պայքարել կոռուպցիայի դեմ:

Հատկապես ո՞ր թեմայով դասախոսություններն էին առավել տպավորիչ:

-Դժվար է առանձնացնել: Բանախոսներից Անահիտ Հովակիմյանին շատ սիրեցի: Դասախոսության թեման էր՝ «Վարքագծի փոփոխությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք»:
Արփինե Հովհաննիսյանի դասախոսությունն էր շատ ուսուցողական, ինձ՝ որպես լրագրողի, շատ պետք եկավ, նաև հաղթած հոդվածս գրելու համար:
Բանախոսեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ում հետ հետաքրքիր քննարկում ծավալվեց, որի ընթացքում նաև տեսակետերի բախումներ եղան:
Վերջին հյուրը Միքայել Հովհաննիսյանն էր, ում «Քննադատական մտածողություն » դասախոսությունը դեռ երկար կհիշեմ, այն պետք է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարում: Հետաքրքիր էր, ինչ խոսք:

Դուք ընտրել եք կոռուպցիան մեդիայում թեման, այս հոդվածն էլ Ձեզ հաղթանակ է բերել. ինչու՞ եք անդրադարձել հենց մեդիային:

-Մեդիան մեդիայի մասին չի գրում, ես էլ որոշեցի կոտրել կարծրատիպը: Լրագրող լինելով՝ անդրադառնում եմ ոլորտի կոռուպցիոնաստեղծ խնդիրներին, պետք էր խոսել այդ մասին:

-Ուսումանսիրության ընթացքում ո՞րն էր ամենահետաքրքիր փաստը, որ արձանագրեցիք մեդիայի մասին:

-Ինձ համար բացահայտում էր այն, որ ԻՇ-ի մասին ռեգիստրը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղկացուցիչներից է, բայց այն չի օգտագործվում որպես տեղեկատվության հուսալի աղբյուր: Հայտարարագրում որպես իրական սեփականատեր երբեմն նշվում է գործադիր տնօրենի անունը, և գործակալությունը նախաձեռնող չէ այս տեղեկատվությունը ստուգելու հարցում:

-Քնարիկ, ինչպե՞ս պայքարել  կոռուպցիան նվազեցնելու կամ բացառելու համար, հատկապես մեդիայում:

-Առաջնային լուծման բանալին, ըստ իս, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումն է: Ինքս սոցիալական մեդիայում մեդիաբովանդակություն եմ տալիս՝ փորձելով մարդկանց իրավատեր դարձնել իրենց իրավունքներին: Հաճախ մտածում ենք՝ լուծում գտնելը պետական ինստիտուտների խնդիրն է, և չենք գիտակցում, թե մեզնից յուրաքանչյուրի ու հատկապես երիտասարդների ինստիտուտը իր պարզ գործողություններով, օրինակ ազդարարման միջոցով որքան կոռուպցիոն սխեմաներ կարող է հողին հավասարեցնել: Հարկավոր է կրթվել, ընկալել՝ ինչ է կոռուպցիան, լինել իրավատեր, վերահսկել պետական ապարատը այն գիտակցմամբ, որ այնտեղ գտնվող յուրաքանչյուր աշխատողին մենք ենք վճարում, հետևաբար պետք է նրանցից պահանջենք լինել հաշվետու և թափանցիկ, չլինելու դեպքում՝ չհանդուրժել ու բարձրաձայնել:

-Լրագրողների կողմից քննադատությունների բախվե՞լ եք մեդիադաշտում կոռուպցիայի մասին բարձրաձայնելու համար:

-Լրագրողներ եղել են, որոնց առաջարկել եմ զրուցել ինձ հետ, ուղղակիորեն հրաժարվել են, որի մասին գրել եմ հոդվածիս մեջ: Պատճառը  պարզ է. քաղաքական կոնկրետ ուղվածության լրատվամիջոցի ներկայացուցիչը իհարկե չէր խոսի, միայն աշխատանք կորցնելու հանգամանքը բավական է: Իսկ այլ արձագանքներ, կարծում եմ, դեռ կլսենք:

Քնարիկի խոսքով՝ «Հակակոռուպցիոն մեդիադպրոցը»  հեռանկարային և արդյունավետ ծրագիր է, որը հանարավորություն է տալիս շրջանավարտներին ներկայացնել և, հավանության արժանանալու դեպքում, իրագործել սեփական ծրագրերը:

-Այն մեծ մոտիվացիա տվեց ինձ. աշխատանքս արժևորել են: Առիթ եմ ունեցել առանձին վեց օր անցկացնել կենտրոնի անձնակազմի հետ, հրաշալի թիմ է: Անգամ եթե ծրագիրս հավանության չարժանանա, իմ սոցիալական էջերում շարունակելու եմ ստեղծել և տարածել մեդիաբովանդակություն՝ իրազեկելով կոռուպցիայի և նրա դեմ պայքարի մասին:
Շնորհակալ եմ Թրանսփարենսի Ինթերնեշնլին և ծրագրի կազմակերպիչներին՝ Սաթեն Գրիգորյանին ու Սահականուշ Պետրոսյանին:


Նարե Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել