Ի՞նչ է UI/UX դիզայնը

Ի՞նչ է UI/UX դիզայնը

675

21-րդ դարը փոխել է մարդկանց կյանքը։ Այսօր կարող ես տանից աշխատել տարբեր երկների ըկերությունների հետ և գումար վաստակել։ Համացանցը թերթելիս տեսնում ենք տարաբնույթ մասնագիտություններ, որոնք կարելի է սովորել մի քանի ամսում։ Անուշիկ Սահակայանի հետ զրույցում պարզել ենք, թե ով է UI/UX դիզայները, ինչ հմտություններ նա պետք է ունենա, և արդյոք ապագա ունի այս մասնագիտությունը։

-Ի՞նչ է UI դիզայնը:

-UI  (User Interface) դիզայն տերմինը անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայն։ UI դիզայները պատասխանատու է պրոդուկտի արտաքին տեսքի համար՝ անիմացիա, իլյուստրացիա, կոճակներ, մենյու, սլայդերներ, նկարներ, տառատեսակներ։ Բայց այս ամենի ընտրությունը ևս պետք է լինի ուսումնասիրված, պատճառաբանված և համաձայնեցված UX-ի հետ։ Այսինքն՝ սխալ է կայքում տեղադրել օրինակ կանաչ կոճակ զուտ նրա համար, որ դա ձեր սիրելի գույնն է։ UI դիզայները պետք է կարողանա գրագետ տեղավորել ինտերֆեյսի տարրերը՝ միաժամանակ պահպանելով միասնական ոճը։

Ի՞նչ է UX դիզայնը:

-UX (User Experience) դիզայնը պրոդուկտի ստեղծման գլխավոր փուլերից մեկն է: Տերմինը անգլերենից բառացի թարգմանվում է որպես՝ օգտատիրոջ փորձառության դիզայն։ UX դիզայնի հիմնական նպատակն է օպտիմալացնել մարդու և հավելվածի միջև տեղի ունեցող փոխազդեցությունը։ Այսինքն՝ հնարավորինս տրամաբանական ձևով կազմակերպել ինֆորմացիայի փոխանակում՝ մարդուց դեպի հավելված և հակառակը։ Սովորաբար, երբ մարդիկ լսում են UX կամ UI դիզայն, միայն պատկերացնում են գունավոր ու նկարներով լի վեբկայք կամ հավելված։ Բայց այս մասնագիտության նշանակությունն ավելին է, քան պարզապես ժամանակակից վեբկայք լինելը։

UX/UI դիզայնները կապվա՞ծ են միմյանց հետ, թե՞ կարելի է սովորել դրանից մեկը և դառնալ մասնագետ:

Ճիշտ կլինի սկզբնական շրջանում 2 ուղղություններն էլ ուսումնասիրել, քանի որ դրանք փոխկապակցված են, չնայած ԵՐԲԵՔ չեն կարող փոխարինել մեկը մյուսին։ Իսկ հետագայում արդեն կարող եք ընտրել դրանցից մեկը և ավելի խորացնել ձեր գիտելիքները։

Պե՞տք է ունենալ նկարչական հմտություններ UI/UX դիզայներ դառնալու համար:

Պարտադիր չէ: Բայց եթե սիրում եք նկարել, և տիրապետում եք հատկապես թվային արվեստի (Digital Art), ապա դա ձեզ շատ կօգնի UI-ում՝ վիզուալների ստեղծման հարցում։

UI/UX դիզայներին պե՞տք են ծրագրավորողական կամ մարքեթինգային գիտելիքներ:

-Եթե նշված ոլորտներից եք տեղափոխվում UX/UI դիզայնի ոլորտ, ապա հետագայում այդ գիտելիքները ձեզ շատ կօգնեն պրոդուկտ ստեղծելու գործընթացում։ Իսկ եթե ոչ, ապա լավ կլինի կենտրոնանալ հենց բուն մասնագիտական գիտելիքներ ստանալու վրա։

UI/UX դիզայները կարո՞ղ է աշխատել ազատ գրաֆիկով:

-Իհարկե, այս մասնագիտությունը տալիս է լիարժեք ազատություն ինքնուրույն որոշելու և կազմելու աշխատանքային գրաֆիկդ։

Ի՞նչ է տալիս մեզ գրասենյակային աշխատանքը/ ֆրիլանս աշխատանքը:

-Երկու տարբերակներն էլ ունեն իրենց և՛ դրական և՛ բացասական կողմերը, իսկ թե որն է լավագույն ընտրությունը, կախված է միայն քո նախասիրություներից։ Ֆրիլանս աշխատանքը քեզ տալիս է հնարավորություն լինելու անկախ, ինքնուրույն ընտրելու, թե ինչ պրոյեկտների վրա ես ցանկանում աշխատել, որտեղից և օրվա որ ժամերին։

Օֆիսային աշխատանքը ևս մեծ դերի ունի UX/UI դիզայների կարիերայում։ Այն, ֆիքսված եկամտից զատ, քեզ տալիս է հնարավորություն աշխատելու թիմում, շփվելու, սովորելու և ծանոթանալու տարբեր ոլորտի մասնագետների աշխատանքի հետ։

Ո՞րն է UX դիզայների դերը պրոդուկտ ստեղծելիս:

-Կա տարածված կարծիք, որ UX դիզայներն է ստեղծում user experience-ը, բայց իրականում այդ փորձառությունը (experience) մարդն (user) ունենում է ամեն պահի, երբ առնչվում է ցանկացած պրոդուկտի հետ՝ լինի դա վեբկայք, հավելված, թե մեզ շրջապատող ինչ-որ առարկա: Իսկ UX դիզայների աշխատանքը այդ փորձառությունը ավելի օպտիմալ, հեշտ և հաճելի դարձնելն է։

Ե՞րբ ենք առնչվում UX-ի հետ առօրյա կյանքում:

-Եթե ավելի ուշադիր նայեք ձեր շուրջը, կնկատեք, որ յուրաքանչյուր առարկա նախագծվել է՝ հաշվի առնվելով այն օգագործողի փորձն ու սպասելիքները։ Ու ինչպես դպրոցում, օրինակ քիմիայի ուսուցիչն ասում էր՝ քիմիան ամենուր է, այդպես էլ ես ուզում եմ ասել, որ UX-ն ամենուր է, մեր շրջակայքում, մեր օգտագործած ցանկացած առարկայում։

Քանի՞ տարի է, որ այս մասնագիտությունները մեծ պահանջարկ ունեն:

-“User Experience” տերմինը առաջ եկավ և սկսեց լայն տարածում գտնել 1990-ակաների սկզբից Դոն Նորմանի կողմից։

Հեռանկարային մասնագիտությու՞ն է:

-Այո, UX/UI-ը ներկայումս ամենապահանջված սքիլլերից է համարվում: Ժամանակի և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելի է շատանում թե՛ UX և թե՛ UI մասնագետների պահանջարկը։

Նշեք այս աշխատանքի յուրահատկությունը:

-Այս մասնագիտությունը քեզ երբեք չի սահմանափակում, նրա հետ կարող ես անվերջ սովորել, ստեղծագործել ու բացահայտել նոր ոլորտներ։ Յուրաքանչյուր նոր պրոդուկտ ստեղծելիս, անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել տվյալ ոլորտը։ Սա աշխարհի ամենատարբեր բիզնեսների մասին շատ բան սովորելու և իրենց ներքին պրոցեսներին ծանոթանալու հիանալի հնարավորություն է։

Սիլվի Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել