Պոեզիան՝ կավին․ Մանեի բրենդը

Պոեզիան՝ կավին․ Մանեի բրենդը

302

«Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ ես որոշեցի միախառնել իմ երկու սիրելի զբաղմունքները՝ պոեզիան և կավագործությունը»,- պատմում է Մանեն: Արդեն 6 տարի է, ինչ նա զբաղվում է կավագործությամբ և ունի իր արհեստանոց-խանութը: Սկսել է ուսանողական տարիներից` Մոսկովայում:

Մանեն ոգեշնչվում է հայ գրողների գործերից և դրանց նոր շունչ է տալիս կավի միջոցով: Ասում է, որ դեռ 5-6 տարի առաջ նախընտրում էր իր սիրելի բանաստեղծություններից կամ երգերի տողերից հատվածներ վերցնել։ Գերակշռում էին Սահյանի բանաստեղծությունները, քանի որ շատ էր սիրում սահյանական ոճը, ինչպես նաև հատվածներ Կոմիտասի «Կռունկ» երգի տողերից կամ էլ Հախվերդյանի հեղինակային երգերից: Հիմա արդեն ցանկը բավականին մեծ է․ հաշվի առնելով իր պատվիրատուների ցանկությունները`  արդեն օգտագործում է նաև Սևակի, Չարենցի, Թումանյանի և այլ բանաստեղծների տողեր:

2020 թվականին արդեն վերջնականապես տեղափոխվել է Հայաստան և որոշել իր  բրենդին կյանք տալ նաև այստեղ: Պատմում է, որ դեռ մանկուց նպատակ է ունեցել, որ հենց սկսի զբաղվել կավագործությամբ, անպայման Մոսկովայից տեղափոխվի Հայաստան՝ մշտական բնակության:

Պատերազմի շրջանում գտնվում էր իր ծննդավայրում` Գորիսում, մասնակցում էր կամավորական աշխատանքներին, և իր խոսքերով՝ այդ ամենը տեսնելուց հետո է համոզվել, որ հենց այդ պահից սկսած՝ պետք է տեղափոխվի Հայաստան: Որոշումը կայացնելուց հետո ծնողներին խնդրել է իր աշխատանքային գործիքները, վառարանը և այլ իրեր ուղարկել Հայաստան, որպեսզի սկսի այստեղ աշխատել: Ասում է՝ իր հիմնական նպատակն է ցույց տալ հայկական արվեստը և հայկական արտադրանք ստեղծել: 5 տարի աշխատել է լրիվ միայնակ, այժմ քիչ-քիչ համալրում է իր աշխատանքային թիմը:

Արվեստանոցում ծնվում են Մանեի և իր թիմի հեղինակային աշխատանքները, որոնք ցուցադրվում են նաև միջազգային հարթակներում: Արդեն հասցրել է իր աշխատանքները տարածել Երևանի 7 խանութներում և Մատենադարանում: Մանեի շուկան գնալով ընդլայնվում է․ նրա խանութը մասնաճյուղ ունի նաև Լոնդոնում ու մոտ ժամանակներս կունենա նաև Փարզում:

Զրուցակցիս հետ խոսեցինք նաև պատվերներն արտասահման առաքելու  դժվարությունների մասին: Մանեն ասում է, որ հիմնականում ծանոթներին կամ էլ մեր հայրենակիցներին են խնդրում, նրանք էլ չմերժելով աշխատանքներն ապահով հասցնում են պատվիրատուներին, քանի որ առաքումները թանկ են։ Մանեն հույս ունի, որ հայկական առաքման գործակալությունները կիջեցնեն սակագները:  

Մեր զրույցի ընթացքում Մանեն աշխատում էր իր նոր արտադրանքի վրա` հատուկ փոքրիկ ծաղկամաններ մանուշակների համար: Նա ունի հստակ ձեռագիր,  և նշում է, որ որտեղ էլ տեսնենք իր աշխատանքները, կհասկանանք, որ իր բրենդն է: Բրենդը կոչվում է Brutents ceramics․ նրա պապերը բրուտագործներ են եղել Գորիսում, և այստեղից էլ անունը:

Թերապիայի նմանվող այս աշխատանքով շատերն են հետաքրքրված, հենց այդ պատճառով էլ  Մանեն պարբերաբար անցկացնում է դասընթացներ և իր արվեստի հմտություններով կիսվում  նաև իր աշակերտներ հետ: Ասում է, որ այս պահին դասընթացները երկրորդական պլան են մղվել, քանի որ ժամանակատար են և մեծ էներգիա են պահանջում,  իսկ այս փուլում  իրենց թիմը շեշտը դնում է հիմնականում աշխատանքի վրա: Առայժմ միայն սիրողական դասընթացներ են անցկացրել և միայն մեծահասակների համար, սակայն Մանեի խոսքով՝ շուտով կլինեն ավելի երկարաժամկետ դասընթացներ ու կներառեն տարբեր տարիքային խմբերի:

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել