Վեբ դիզայնը հաղթեց վեբ ծրագրավորմանը․ Մարիի պատմությունը

Վեբ դիզայնը հաղթեց վեբ ծրագրավորմանը․ Մարիի պատմությունը

516

Նախ հաղթեց վեբ ծրագրավորումը

«Մասնագիտությանս  ընտրությունը  հեշտ  չընթացավ»,- ասում է Մարին, որը փոքրուց երազել  է տարբեր մասնագիտությունների մասին`  հոգեբանից մինչև իրավաբան, լոգոպեդից  ուսուցիչ։ Ասում է՝ քայլերը հումանիտար մասնագիտությունների կողմն էին տանում։ Սակայն կյանքը միշտ զարմացնում է. շատ արագ փոխվեցին հայացքները, և Մարին իրեն տեսնում էր արդեն IT ոլորտում։ Շատ արագ սովորեց վեբ ծրագրավորում և անմիջապես աշխատանքի անցավ։ Այդ աշխատանքին զուգահեռ նաև դասավանդում էր մասնագիտական հմտություններ։ Դասավանդման օրերից մի դեպք հիշեց. «Առաջին դասն էր, ծնողները ներկա էին, մի աղջնակի մայրիկ մոտեցավ ինձ ու ասաց` իրենք չգիտեն՝ իրենց երեխան կսիրի՞ IT ոլորտը, թե ոչ, բայց շատ են ուզում, որովհետև տանը բոլորը ծրագրավորողներ են և շատ կուզեն, որ երեխան նույնպես սիրի։ Ես իմ դիմաց դրել էի նպատակ՝ այնպես անել, որ երեխան իսկապես սիրի սա։ Մի քանի դաս հետո մայրիկը զանգահարեց ու ասաց, որ երեխան շատ֊շատ է հավանել։ Սա ինձ համար ոչ միայն նպատակիս հասնել էր,այլ նաև մեծ ձեռ քբերում էր»։

Վեբ ծրագրավորում + արվեստ= վեբ դիզայն

Սակայն կյանքի աշխույժ երանգները փոխվեցին շատ հանկարծակի։ «Կյանքի ու  աշխատանքի ձախողում  էր կորոնավիրուսի շրջանը։ Ինչպես բոլորի, այնպես էլ  ինձ մոտ դեպրեսիվ շրջան էր…»,-  հիշում  է Մարին։ Հենց այս շրջանից հետո է նա հասկանում, որ իր հայացքներն ու ներաշխարհը դեպի արվեստ են տանում։ Սկսում է զբաղվել դիզայնով։  Ասում է՝ միշտ համարել է, որ ինքն արվեստի մարդ է։

Մարին այժմ զբաղվում է վեբ դիզայնով՝ կայքերի դիզայնով։ «Դա ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել»,- ասում է և առանձնացնում գույների հոգեբանությունը։

Կարծում է` այս մասնագիտությունն իր վերջնական ընտրությունն է․ «Շատ եմ սիրում  UI, UX ոլորտը, կարևորը ինձ ներդաշնակ եմ զգում իմ մասնագիտության մեջ։ Չնայած կարծում եմ` այն պահին, երբ դու քո գործը չես վայելում, հաճույք չես ստանում, պետք է կանգ առնել, փոխել, գտնել այն, ինչը մոտ է սրտիդ։ Հիմա սրտիս շատ մոտ է իմ մասնագիտությունը, բայց եթե ինչ֊որ մի պահի զգամ` այլևս այդպես չէ, հանգիստ բաց կթողնեմ. կարծում եմ` երբեք էլ ուշ չէ գտնել նորն ու ամենալավը»։

Հոբբիները երբեմն օգնում են մասնագիտությանը  

Մարիի խոսքով՝ իր մասնագիտությանն օգնում են նաև իր հոբբիները, օրինակ`  գրելը․ «Ունեմ գրելու հոբբի․ ստեղծագործում եմ, նույնիսկ մեկ անգամ հարցազրույց եմ տվել որպես երիտասարդ գրող, գրվածքներս տարբեր էջերում են զետեղվել։ Բայց սա հոբբիի մակարդակում է։ Երբ մուսաս գալիս է,այդ ժամանակ էլ գրում եմ»։

Ցույց տալ արվեստին մոտենալու ճանապարհներ   

Մարին դասավանդման ընթացքում էլ  ձգտում է իր աշակերտներին ոչ միայն մասնագիտական հմտություններ փոխանցել, այլև ստեղծագործելու, արվեստին մոտենալու ճանապարհ ցույց տալ։

Երբեք չհանձնվել  ու առաջ նայել

Մարին իր կյանքի կարգախոսը որպես խորհուրդ է առաջարկում. երբեք չհանձնվել  ու առաջ նայել։ Ասում է՝ այս կերպ միշտ մի քայլ առաջ ես գնում․ «Այսպես ամեն անգամ չհանձնվելով՝  դժվարությունները հաղթահարել  ու  թեկուզ բաց թողնելով  առաջ գնալ և գտնել այն, ինչը քեզ հոգեհարազատ է»։

«Բոլորին մոտիվացնելու մեծ ցանկություն  ունեմ»,- ասում է Մարին և շտապում  աշխատանքի։

Լիլիթ Աբրահամյան

2-րդ կուրս

Կիսվել