«Եթե հնարավորություն լիներ, կվերադառնայի Քարվաճառ. այնտեղի սարերը չեմ փոխի ոչնչի հետ»

«Եթե հնարավորություն լիներ, կվերադառնայի Քարվաճառ. այնտեղի սարերը չեմ փոխի ոչնչի հետ»

291

44 օրյա պատերազմի առաջին օրից կռվի թեժ կետերից մեկում մարտնչած զինծառայողներից մեկը Հայկն է։ Հայկը ոգով ուժեղ տղա է, նույնիսկ, երբ խոսք էր գնում բանակից ազատման կամ ապահով տեղում ծառայության մասին, ասում էր՝ ինչպես ճակատագիրը ինձ համար պատրաստել է, թող այդպես էլ լինի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ տիկին Աննան։

Հայկը սովորել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում։ Նրա դասընկերներից մեկը՝ Դանիելան պատմում է.

«Հայկի հետ ծանոթացել եմ դպրոց մտնելու առաջին իսկ օրը։ Կարծես ճակատագրի բերումով սեպտեմբերի 1-ին իրար անծանոթ երեխաները, որ բռնեցին իրար ձեռք, հետագայում շատ լավ ընկերներ պիտի դառնային։ Դպրոցական տարիները երևի ամենավառ գույներով լեցուն տարիներն էին։ 9 տարի նստել եմ Հայկի կողքին։ Նա ինձ համար և՛ եղբայր է, և՛ ընկեր։ Իմ առաջին հաջողությունների, լացի, ծիծաղի ականատեսը նա է եղել. ամեն ինչի միջով միասին ենք անցել»։

Հարցին, թե ինչպիսինն էր Հայկը դպրոցական նստարանին, Դանիելան պատասխանեց.

«Ասել, թե չար էր, սուտ կլինի, բայց խելոք էլ չէր, դա հաստատ։ Լսում էր ու ուշադիր էր այն դասերին, որոնք իրեն հետաքրքիր էին։ Վարակիչ ժպիտ ուներ։ Ինչպես էլ իրեն պահեր, վերջում ուսուցիչների հետ լեզու գտնում էր, նաև հաջողակ էր, դե 9 տարի գերազանցիկի կողքին է նստել, ի՞նչ խնդիր պիտի ունենար»։

Ոչ ոք չէր պատկերացնի, որ դպրոցական նստարանից դեպի ռազմի դաշտ մեկ քայլ է։

«Երբ սկսվեց պատերազմը, առաջինը կապ հաստատեցի Հայկի եղբոր հետ, սակայն նորություն չուներ։ Մի քանի օր նրանից ոչ մի տեղեկություն չեմ ունեցել, և կարելի է ասել, որ դրանք կյանքիս ամենադաժան օրերն էին։ Վարկած կար, որ նա վիրավորվել է։ Միևնույն ժամանակ Արցախ էիք ճանապարհում Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կամավորական ջոկատին։ Ես մասնակցում էի կազմակերպված կամավորական աշխատանքներին։ Երբ լաց էի լինում, բոլորն ասում էին՝ բարեկամ չունես ծառայող, ինչու ես լացում, պատասխանում էի՝ եղբայրս է ծառայում. Հայկն ինձ համար հարազատ եղբոր պես է»,- ասաց Դանիելան։

Պատերազմի ընթացքում ունեցած ապրումների մասին տիկին Աննան պատմում է, որ մինչ պատերազմի սկսվելը ավելի անհանգիստ էր։ Երբ Հայկը զանգահարում էր նրան, այնպես էր խոսում, կարծես ամեն բան կարգին է, թեպետ լսվում էր հրետանու ձայնը։

Հարցին, թե ինչ էր ասում, երբ զանգահարում էր, պատասխանեց՝ արտահայտություն կա, որը կարծես տարածված էր բոլորի մոտ, ասում էր. «Մամ, տոշնի ա»։ Ես էլ ամեն առավոտ արթնանում էի՝ նրա զանգին սպասելով։

Հայկը վերադարձավ պատերազմից։ Նրա համար մեծ ցավ է, որ կորցրել ենք այն հողը, որի համար համառ պայքար են մղել։

«Եթե հնարավորություն լիներ, կվերադառնայի Քարվաճառ. Քարվաճառի սարերը չեմ փոխի ոչնչի հետ»,- ասում է նա։

Դասընկերուհին պատերազմից հետո Հայկի հետ հանդիպումից պատմում է.

«Աչքիս դիմացով անցան 1-ից 9-րդ դասարանները. աննկարագրելի զգացողություն էր։ Պատերազմի մեկ ու կես ամիսներն ու 9 տարին կարծես հավասարազոր լինեին։ Ես ուղղակի բառերով չեմ կարող նկարագրել այն պահը, երբ կրկին տեսա Հայկին՝ իր վարակիչ ժպիտով»։

Նարե Թորանյան

4-րդ կուրս

Կիսվել