«Բժիշկները բուժում են մարդկանց, իսկ անասնաբույժները՝ մարդկությունը». Նունե Դարբինյան

«Բժիշկները բուժում են մարդկանց, իսկ անասնաբույժները՝ մարդկությունը». Նունե Դարբինյան

539

Jourmalist.am-ը զրուցել է մի երիտասարդ աղջկա հետ, ով արդեն 21 տարեկանում հասցրել է աշխատանքի անցել «Երևանի Կենդանաբանական այգում»։ Իր հետաքրքիր աշխատանքի ու գործունեության մասին է մեզ պատմել Նունեն։

«Ես Նունե Դարբինյանն եմ, ծնվել եմ Երևան քաղաքում, 21 տարեկան եմ։ Սովորել եմ Լ․ Շանթի անվան № 4 հիմնական դպրոցում, ուսումս շարունակել եմ ՀԱԱՀ (Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան)-ի հենակետային վարժարանում։ Ավարտելուն պես, 2019 թվականին ընդունվել եմ ՀԱԱՀ բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, մասնագիտությամբ անասնաբույժ եմ»։

Այն հարցին, թե մասնագիտության հարցում ինչու՞ է ընտրել հենց անասնաբույժի աշխատանքը, Նունեն մեզ պատմեց․

«Գլխավոր պատճառը, թե ինչու եմ ընտրել այս մասնագիտությունը՝ անսահման սերն է կենդանիների հանդեպ։ Ես շատ եմ սիրում նրանց, նրանք էլ՝ ինձ։ Աշխատում եմ «Երևանի Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում՝ որպես կենդանաբույժ։

Մինչ աշխատանքի անցնելը, գրեթե 2 տարի կամավորական աշխատանքներ եմ կատարել Երևանի Կենդանաբանական այգում։ Ինձ համար այդ կամավորությունները տարբեր նախագծերում անգնահատելի փորձ ձեռք բերելու և հետաքրքիր մարդկանց հանդիպելու հնարավորություն էր։ Եվ կարելի է ասել՝ հենց այդ օրվանից հասկացա, որ սա ինձ համար մեծագույն ձեռքբերում է։

Կամավորական աշխատանքների ընթացքում խնամում էի տարբեր կենդանիների ու կենդանատեսակների, մասնակցում էի անասնաբուժական միջոցառումների։ Ի շնորհիվ այս ամենի՝ ես ձեռք բերեցի բազում գիտելիքներ կենդանիների խնամքի, նրանց վարքագծի և հիվանդությունների մասին։ Կենդանիների խնամքն ու փոխհարաբերությունները մեզ սովորեցնում են սիրել և հարգել, ընկերանալ և կարեկցել:

Առիթ եմ ունեցել մասնակցելու «Գերմանիայի բնության պահպանության միության» (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող աղտոտված փետրածածկով սպիտակ արագիլների մաքրման և բնություն բաց թողնման աշխատանքներին»։

Իր աշխատանքի կարևորության մասին խոսելիս՝ Նունեն նշում է.

 «Բժիշկները բուժում են մարդկանց, իսկ անասնաբույժները՝ մարդկությունը։ Այս արտահայտությամբ է, որ կարող եմ ճշգրիտ նկարագրել անասնաբույժի աշխատանքը։

Հիշում եմ՝ սկզբում բոլորը դեմ էին իմ ընտրած մասնագիտությանը, շատերը ծաղրում էին, փորձում էին այնպես արտահայտվել, որպեսզի ես հիասթափվեմ այս մասնագիտությունից, սակայն ինձ համար որոշումս մնաց անփոփոխ։ Իմ աշխատանքը ինձ համար շատ հոգեհարազատ է դարձել, սակայն այս ամենին զուգահեռ, ունեմ բազում այլ նախասիրություններ։

Ինձ համար կառանձնացնեմ կենդանիներին լուսանկարելու նախասիրությունը, որը վերջին ամիսների ընթացքում, բացի հոբբի լինելուց, վերածվել է նաև աշխատանքի։ 1 տարուց ավել է, ինչ լուսանկարում եմ կենդանիներին, և այնքան սիրեցի կենդանիների լուսանկարչությունը, որ արդեն իսկ ունեմ բազում նպատակներ կենդանիների լուսանկարչության հետ կապված։

Կարծում եմ եթե չլիներ անասնաբույժի մասնագիտությունը, ապա կընտրեյի հենց կենդանիների լուսանկարչությունը, կամ էլ այնպիսի մի մասնագիտություն, որը կրկին կապված է կենդանիների հետ»։

Նունեն նաև մեզ պատմեց մի հետաքրքիր դեպք, որը տեղի էր ունեցել իր աշխատանքային գործունեության ընթացքում.

«Մասնագիտությունս այնպիսին է, որ ամեն օր հանդիպում եմ զվարճալի միջադեպերի, սակայն կցանկանայի պատմել ինձ համար ամենահիշվողներից մեկի մասին, որը տեղի ունեցավ «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում բուծված ազնվացեղ եղջերուների առաջին խմբի հետ կատարվող անասնաբուժական աշխատանքների՝ թմրեցման և գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) տեղադրման ժամանակ։ Հարկավոր էր թմրեցնել 3 առանձնյակի, որից հետո պետք է տեղադրվեր սարքը:

Աշխատանքը կատարվում էր «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»-ի տարածքներից մեկում՝ մոտ 3 հա տարածքում։ Մոտ 7 ժամ ամբողջ տարածքով վազելուց և աշխատելուց հետո, երբ արդեն մնացել էր 1 առանձնյակ, ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել և թմրեցնել նրան։ Սակայն 1 ժամից ավել փնտրտուքներից հետո, այդ ահռելի տարածում թիմային աշխատանքի շնորհիվ հաջողվեց ավարտին հասցնել այդ աշխատանքը։ Միգուցե, կարդալու ընթացքում դժվար է պատկերացնել այդ էմոցիանները և աշխատանքը, սակայն ինձ համար այդ օրը դարձավ ամենահիշարժան օրերից մեկը։ Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ այս ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որը երկար տարիներ բացակայել է։ Առաջին խումբը հաջողությամբ բաց թողնվեց բնություն հոկտեմբերի 14-ին։ Ինձ համար մեծագույն պատիվ էր մասնակցել Հայաստանի բնության այս նշանակալից ծրագրին։

Իմ աշխատանքի ընթացքում ես հասկացել եմ, որ սա մի մասնագիտություն է, որը պահանջում է շարունակական զարգացում, որտեղ երբեք չպետք է դադարել սովորել, և նույնիսկ երկար տարիների աշխատանքային փորձից  հետո, միևնույն է, կարող ես հայտնաբերել քեզ համար այլ նորություններ ու գիտելիքներ։ Առնչվելով տարբեր միջադեպերի՝ սովորել եմ չվախենալ սխալվելուց  կամ սխալ արտահայտվելուց, մինչև վերջ լսելով դիմացինին՝ վերլուծել ամենը, որից հետո հայտնել սեփական տեսակետը, չվախենալ և չդադարել հանդես գալ առաջարկներով, գնահատել ձեռքբերումներն ու չհանձնվել։ Եվ ամենակարևորը՝ մնալ Մարդ, ինչ էլ որ պատահի։

Եվ վերջում, կցանկանամ հավելել՝ ցանկացած աշխատանք ունի իր բարդությունները, դժվարություններն ու փորձությունները․ շատերը տեսնելով ձեր հաջողությունները, փորձելու են խանգարել․․․ Երբեք չհանձնվեք»։

Էլեն Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել