Հետհայացք Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունին. հարցազրույց «Ֆակտոր»-ի լրագրող Արփինե Հակոբյանի հետ

Հետհայացք Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունին. հարցազրույց «Ֆակտոր»-ի լրագրող Արփինե Հակոբյանի հետ

422

Հայաստանում վերջին տասնամյակներին գրանցված արտակարգ իրավիճակները` 1988թ. երկրաշարժը, Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմները, հանրային առողջությանը սպառնացող վտանգների ու սպառնալիքների, հրդեհների, պայթյունների լուսաբանման փորձը առաջին պլան մղեցին այն կանոնների ու սկզբունքների կարևորությունը, որոնց պետք է հետևեն լրագրողները իրենց առաքելությունը կատարելիս։ 2022 թվականի օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում հերթական արտակարգ իրավիճակն է ստեղծվում, որտեղ լրագրողների պատրաստվածության, նոր փորձառության, խնդիրների, ոլորտի բացերի և այլնի մասին պատմում է «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի լրագրող Արփինե Հակոբյանը։

-Մինչ Սուրմալուի պայթյունն այլ արտակարգ իրավիճակ լուսաբանե՞լ էիք։

-Նման մասշտաբի`ոչ:

-Ինչու ՞որոշվեց դեպքի վայր հենց Ձեզ ուղարկել։

-Արձակուրդային շրջան էր, գրեթե բոլոր լրագրողները արձակուրդում էին, ունեինք մեկ լրագրող, որն արձակուրդում չէր, սակայն չէր կարող լուսաբանել նման զգայուն թեմա, քանի որ հղի էր: Ես ևս արձակուրդում էի, բայց ցանկություն հայտնեցի վերադառնալ ու աշխատել հենց «Սուրմալու» առևտրի կենտրոնից:

-Արտակարգ իրավիճակների լուսաբանմանը ծանո՞թ էիք, երբևէ անցե՞լ էիք վերապատրաստում։

-Վերապատրաստում անցել եմ դեպքից ամիսներ անց, բայց մինչ այդ՝ ոչ։

-Ի՞նչ տեղեկություններ ունեիք, նախնական պատկերացում կա՞ր՝ ինչ է կատարվել։

-Ես դեպքի վայրից աշխատել եմ օգոստոսի 15-ին, այսինքն դեպքից մեկ օր անց: Օգոստոսի 14-ին դեպքի վայրից մեր լրագրողներից մեկ ուրիշն է աշխատել, ես այդ օրը մարզում էի, աշխատել եմ տանից, ու հաջորդ օրը, երբ արդեն դեպքի վայրում էի, տեղյակ էի ամեն ինչից:

-Պաշտպանական միջոցներ վերցրե՞լ էիք, տեղում աշխատող լրագրողներն ունեի՞ն դիմակներ։

-Դիմակ վերցրել էի, բայց չէի կրում։ Հետո, երբ արդեն հնարավոր եղավ ավելի մոտենալ պայթյունի օջախին, զգացի, որ դիմակի խիստ անհրաժեշտություն կա, որովհետև այդ ամենը շնչել հնարավոր չէր, ու այդ պահից սկսած դիմակ կրեցի։

-Հե՞շտ էր նման պայմաններում աշխատելը։

-Ես արձակուրդում էի ու ինքս եմ ցանկացել արձակուրդից շուտ վերադառնալ ու աշխատել: Հեշտ չէր, իհարկե, բայց, եթե աշխատանքդ սիրում ես, ցանկացած դժվարություն հաղթահարելի է, և հետո, դա լրագրողի առաքելությունն է:

-Ի՞նչ խնդիրների բախվեցիք:

-Զգայուն թեմա էր, ու մենք առևտրի կենտրոնում  զրուցում էինք անհետ կորած համարվող քաղաքացիների հարազատների հետ, որոնք հույս ունեին, որ կգտնեն վերջիններիս։ Պետք էր ճիշտ մոտեցում ցուցաբերել ու հարցերն այնպես ձևակերպել, որ էլ ավելի չցավեցնեիր նրանց: Այլ բարդություն չի եղել, բացառությամբ ողջ օրվա աշխատանքի հետևանքը` հոգնածությունը: Իսկ ԱԻՆ աշխատակիցները բավական օպերատիվ էին, նույնիսկ այդ պայմաններում ու այդ գրաֆիկով աշխատելու ընթացքում խոսնակը փրկարարների հետ հարցազրույցներ էր կազմակերպում:

-Զոհերի դիերը լրագրողների ներկայությամբ էին դուրսբերվու՞մ։

-Լրագրողների ներկայությամբ դիեր դուրս չեն բերվել, որովհետև պայթյունի օջախից բավական հեռու էինք աշխատում, ու ժապավենով տարածք էր առանձնացված, որտեղից անցնել չէր թույլատրվում։ Հարազատների հետ զրույցներն էին, որ ազդում էին հոգեբանորեն, բայց առավելությունն այն էր, որ տեղում ծառայություն էին իրականացնում Կարմիր Խաչի ներկայացուցիչները, հոգեբանները։

-Տեղում եղե՞լ է դեպք, երբ ընտրության առաջ կանգնեք՝ լինե՞լ լրագրող, թե՞ օգնել տուժածին, կամ եթե լիներ, ի՞նչպես կվարվեիք։

-Նման իրավիճակ չի եղել, քանի որ մենք պայթյունի օջախից հեռու էինք աշխատում: Նման մասշտաբի արտակարգ իրավիճակ առաջին անգամ էի լուսաբանում, բայց այլ դեպքեր, որոնք լուսաբանել եմ, ընտրության առաջ չեմ կանգնել։ Դժվար հարց է, իրավիճակից է կախված. եթե մարդու կյանքն ինձնից կախված լինի, իհարկե, կօգնեմ։ Առաջին բուժօգնության հմտություններին տիրապետում եմ։

Լրագրողների նկատմամբ խտրականություն նկատե՞լ եք։

-Այո։ Ոչ թե լրագրողի, այլ՝ ԶԼՄ-ի։ Եղել են իրավիճակներ, երբ ինձ էլ են թույլատրել մոտենալ պայթյունի օջախին, բայց դա դեպքից մի քանի օր հետո միայն։ Հանրային Հեռուստաընկերությունը նախարարի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ առանձին հարցազրույցներ էր կազմակերպում այն դեպքում, երբ իրենք բոլորիս համար պարբերաբար ճեպազրույցներ էին տալիս։

-Էլի կլուսաբանե՞ք արտակարգ իրավիճակ։

-Այո։ Եթե ընտրել ես լրագրողի մասնագիտությունը, ուրեմն պիտի պատրաստ լինես ցանկացած թեմա լուսաբանել։

Քնարիկ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել