Իմ բիզնես պատմությունը․ Սյունիքի մարզ

Իմ բիզնես պատմությունը․ Սյունիքի մարզ

531

Journalist.am-ի զրուցակիցը Արփինեն Ավետիսյանն է, ով ապրում է Սյունիքի մարզի մի փոքրիկ, արդյունաբերական քաղաքում՝ Քաջարանում, և զբաղվում է թթխմորով հացերի արտադրությամբ։

«Ովքեր չգիտեն` թթխմորը բնական խմորիչն է, որի օգնությամբ խմորը հունցելիս ստացվում է անչափ համեղ, խորը համով հաց»,-նշում է Արփինեն։

-Արփինե, ի՞նչ մասնագիտություն ունեք, և ինչպե՞ս է այն Ձեզ օգնել բիզնեսում։

-Մասնագիտությամբ ինժեներ եմ։ Այն ինձ դեռ միայն խանգարում է (կատակում է զրուցակիցս): Իրականում, կարծում եմ` օգնում է կենտրոնացած, հավաք կերպով աշխատանքդ կազմակերպելու հարցում։

-Ի՞նչպես է ծնվել Ձեր բիզնես գաղափարը։

-Հացերս սկսել եմ թխել խիստ կարիքից դրդված։ Հարազատներիցս մեկն առողջական խնդիր ուներ, նրան հակացուցված էր արդյունաբերական խմորիչով (դրոժ) հացը։ Նրան որևէ բանով օգնելու փնտրտուքներով մի օր կարդացի թթխմորով հացերի մասին ու սկսեցի ուսումնասիրել։ Ոչ միայն ուսումնասիրեցի, այլև սիրեցի և անդարձ մտա թթխմորի հրաշալի և ապրեցնող աշխարհ։ Սկսեցի հաց թխել, նաև հյուրասիրել, իսկ վաճառքի շատ սահուն ու ինքնաբերաբար անցա` մարդկանց պահանջով։ Մի օր էլ հասկացա, որ այս ամենն ավելի լուրջ է, քան ես պատկերացնում եմ։

-Որո՞նք են Ձեր բիզնեսի առանձնահատկությունները։ Ինչո՞ւ են մարդիկ ընտրում հենց Ձեզ։

-Թթխմորով հացերը բնական հացեր են, որովհետև ունեն պարզ բաղադրություն և խմոր հունցելը, այն հասունացնելը տեղի է ունենում բնական հունով, ոչ մի միջամտություն տեղի չի ունենում հասունացման պրոցեսն արագացնելու համար՝ ի տարբերություն փռերում թխվող հացերին, երբ ամենատարբեր հավելումներ են ավելացնում արդյունաբերական խմորիչին` ժամանակ խնայելու նպատակով։ Երկարատև հասունացման ընթացքում թթխմորով հունցված խմորը ֆերմենտացվում է, ինչի շնորհիվ էլ այն համարվում է աշխարհում ամենահարգի, բարձրարժեք հացը կամ հացերից մեկը։ Այս հացի օգտագործումը օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, մարսողությունը, իսկ եթե հացը թխված է ամբողջահատիկ ալյուրներից, ապա օգտակար հատկությունները մի քանի անգամ շատանում են։

-Որո՞նք են մարզում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները։

-Իմ դեպքում մարզում ապրելը ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում ինձ համար։ Սա ցավով եմ նշում։ Սյունիքն էլ հեռավոր մարզ է, հումքի մեծ մասն այստեղ ուղղակի անհնար է գտնել։ Ես, օրինակ, ալյուրներից մեկը Սյունիք եմ հասցնում Շիրակից։ Երևի պատկերացնում եք բարդությունը… Բայց, եթե սիրով է արվում որևէ աշխատանք, ապա ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է։ Նաև մեծ դժվարություն է արտադրանքը Երևան հասցնելը։ Մի խոսքով, փակ օղակ է, որի մեջ անընդհատ ռեժիմով ստիպված ես պայքարել` հաջողության հասնելու համար։ Բայց, այս ամենի հետ մեկտեղ, ես շատ եմ ոգևորվում, երբ տեսնում եմ իմ աշխատանքի, անքուն գիշերների վերջնարդյունքը, երբ գիտակցում եմ, որ գոնե իմ փոքրիկ քաղաքի բնակիչները հնարավորություն ունեն առողջ հաց ունենալու։ Սա շատ մոտիվացնող է։

-Ինչո՞ւ եք կարևորում հենց մարզում բիզնես գործունեություն ծավալելը։

-Բոլոր դժվարություններով հանդերձ, երբևէ չեմ մտածում այլ տեղ տեղափոխվելու մասին։ Հեռավոր մարզում առանց այդ էլ զրկված ենք շատ հնարավորություններից։ Տեղափոխվելու փոխարեն ամեն ինչ կանեմ` տեղում նոր հնարավորություններ ստեղծելու և իմ արտադրանքը դեպի մայրաքաղաք  արտահանելու համար։ Կարծում եմ` վատ միտք չէ։

Սյուզաննա Օհանյան

2-րդ կուրս

Կիսվել