Հայոց լեզվի կարևորությունն ու կրթական խնդիրները

Հայոց լեզվի կարևորությունն ու կրթական խնդիրները

676

«Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ: Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքը` նյութականանում». Հր.Աճառյան։

Հայերենի ուսուցման և հասարակության մեջ տարածված հիմնական խնդիրների մասին զրուցել են Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Անահիտ Մովսիսյանի հետ։

-Ինչպե՞ս կգնահատեք հայոց լեզվի իմացության մակարդակը մեր օրերում։

-Կարծում եմ՝ մեր օրերում չի գտնվի մի մտավորական մարդ, որ մտածի, թե հայերենի իմացությունը մեր հասարակության մեջ որոշակի բարձր մակարդակում է։ Ցավալի է նշել, որ խնդիրը վերաբերում է բոլոր ոլորտներին և խավերին՝ հեռուստատեսությունից մինչև քաղաքականություն ու Ազգային ժողով։ Իմացության մակարդակը խիստ ցածր և աղավաղված է։

-Դպրոցներում կրթության մասին ի՞նչ կասեք, լեզվի և գրականության մասով որտե՞ղ եք ամենաշատ բացերը նկատում։

-Դպրոցում խնդիրները շատ են և արմատավորված։ Նախ դասարաններում կան երեսունից ավել աշակերտներ․ երեխաներ, որոնք ուզում են սովորել, երեխաներ, որոնք ընդհանրապես հեռու են սովորելուց, բոլորը հավաքաված են մի տեղում, և ինչքան էլ ուսուցիչը կրթված լինի, միևնույն է, հնարավոր չէ բոլորի համար արդյունավեt անցկացնել հայոց լեզվի դասը։

-Որքա՞ն է հայոց լեզվի իմացության մակարդակը բուհ նոր ընդունվածների մոտ։

-Բուհ ընդունվածների մոտ մակարդակները շատ տարբեր են։ Իհարկե այն ֆակուլտետներում, որտեղ ընդունելության քննություն է հանձնվում, մակարդակը բավական բարձր է, բայց կարող եմ ասել, որ կան աշակերտներ, որոնք հայոց լեզու չեն հանձնել, բայց ունեն լավ իմացություն։ Բայց ընդհանուր առմամբ իմացությունը այդքան էլ բավարար չէ։ Ես միշտ ասում եմ՝ եթե մեր մտավորականներին և ուսանողներին հավաքեն մի տեղում ու թելադրություն տան, 90%-ը դրական չի ստանա։ Այստեղ խնդիրը միայն ուսուցիչներինը կամ աշակերտներինը չէ, կան բաներ, որոնք իսկապես շատ բարդ են հայերենում, և ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է մեր լեզուն թոթափել բազում հին կանոններից, լեզուն պետք է նորացվի։ Եվ պիտի ստեղծվի կազմված օրենքով հատուկ մարմին, որը օրենքի ուժով կպարտադրի որոշ կանոններ և կվերահսկի լեզվի կանոնները։

-Ի՞նչ եք կարծում, խնդիրները հիմնականում դպրոցի՞ց են գալիս, թե՞ համալսարանն էլ ունի մեղքի իր բաժինը։

-Համալսարանում էլ դասապատրաստման հետ կապված կարող են փոփոխություններ լինել։ Արդեն քանի տարի է՝ մենք ոչ մասնագիտական բաժինների համար ունենք գրված դասագրքեր, որոնք բավականին հաջողված են։ Օրինակ՝ Ժուռնալիստիկայում, կարծում եմ, կարիք կա նոր դասագրքի, որը ավելի արդյունավետ կլինի այս մասնագիտության համար։ Դրա համար արդեն մի քանի տարի է աշխատանքներ իրականացվում են և շուտով կունենանք նորը։

Ճիշտ կլինի հատուկ տերմինների բառարաններ ևս ունենալ առանձին ֆակուլտետների համար։

-Հասարակության մեջ, հայոց լեզուն շատ է աղավաղված և աղճատված. ըստ ձեզ՝ ինչպե՞ս կարող ենք բարձրացնել ընդհանուր լեզվամտածողության մակարդակը։

-Ցավով եմ ասում, որ այստեղ խնդիրը արդեն հասարակության մեջ է․ մենք կարդալ չենք սիրում, «կարդացող» չենք։ Միշտ ավելի գրագետ ու լավ են խոսում այն ազգերը, որոնք շատ են կարդում, որոնց կյանքում կարդալը առանձնակի տեղ է գրավում, այդպիսի ազգերի օրինակներ շատ կան: Եթե կարողանանք մենք ևս հասնել այդ գիտակցմանը, լեզվի մակարդակը ևս կբարձրանա։ Ժողովրդի մեծ մասը ողջ կյանքում 1000-1200 բառ է օգտագործում և ավել բառապաշար չունի, դրա կարիքը ևս։ Մեծ դեր ունի նաև սոցիալական վիճակը, գուցե զարմանալի հնչի, բայց որքան հարուստ լինի մարդը, օրվա ապրուստի խնդիր չունենա, այնքան ավելի շատ ի վիճակի կլինի մտածել թե՛ կրթության, թե՛  ընդհանրապես ազգապահպանման մասին։

-Քանի որ լրագրողները համարվում են նաև լավ ու վատ սովորույթների փոխանցող և տարածող, ամենահաճախը ի՞նչ խորհուրդներ եք տալիս ապագա լրագրողներին։

-Ամեն անգամ լսարան մտնելիս երևի նույն բաները հաճախ եմ կրկնում։ Առաջինը պետք է շատ-շատ կարդան՝ և՛ նոր, և՛ հին գրականություն, լսեն լավ լրագրողների հաղորդումները։ Շատ կարևոր է զարգացած լրագրող լինելը՝ աշխարհագրությունից մինչև քաղաքականություն, ամեն ինչից պետք է տեղեկացված լինեն։ Համաձայն եմ, որ լրագրողները նաև տարածող և կրթող են, ուստի հենց լեզվի առումով պետք է օրինակ լինեն և հենց իրենք ստեղծեն նորն ու թարմություն տան լեզվին։ Ինչպես ասում էր Թումանյանը «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել