Խաղալիքներ, կախազարդեր ու ձեռնոցներ. Ագնեսայի հոբբին և գումար աշխատելու միջոցը

Խաղալիքներ, կախազարդեր ու ձեռնոցներ. Ագնեսայի հոբբին և գումար աշխատելու միջոցը

444

Journalist.am-ը շարունակում է բացահայտել երիտասարդներին, ովքեր իրենց ձեռագործ աշխատանքները վերածել են բիզնես-ծրագրի. մեր զրուցակիցը 19-ամյա Ագնեսան է։

Ագնեսան հասարակ թելերից ստեղծում է ամեն ինչ՝ կենդանիներ, մրգեր և այն ամենը, ինչ ուշադրություն է գրավում։

«Սկսել եմ գործել անցած տարվանից, մտահաղացումը եկավ այն ժամանակ, երբ պատահաբար սոցցանցերից մեկում նկատեցի ձեռագործ ժակետ, որը շատ հետաքրքրեց ինձ ու մոտիվացրեց անձամբ գործել այն: Սկզբնական շրջանում սկսեցի ուսումնասիրել այդ արվեստը և մի շարք գործվածքներ: Սկզբում շատ բարդ էր, և թվում էր անգամ անհնարին, քանի որ ինքնուրույն պետք է սովորեի այդ ամենը»,- պատմում է աղջիկը։

Սակայն մեծ հետաքրքրության և աշխատասիրության շնորհիվ Ագնեսայի մոտ ստացվեց գործել։

Նա խոսեց նաև բիզնես սկսելու գաղափարի մասին. «Սկզբում անգամ միտք չկար բիզնես սկսելու, կարծում էի, թե կդառնա պարզապես հոբբի: Երբ արդեն եկավ այն պահը, որ բավականաչափ աշխատանքներ ունեի, ու ստացվում էր գործել, միտք ծագեց փոքրիկ ինստագրամյան շոփ բացելու և պատրաստածներս վաճառելու»:

Ագնեսան աշխատանքներին հատկացնում է 1-2 ժամ, կան աշխատանքներ, որոնք նույնիսկ տևում են օրեր։

«Ապագայում նպատակ ունեմ ավելի ամրապնդել գործելու կարողությունս, մասնակցել մի շարք մեծ վաճառքների, ունենալ տարածք, որտեղ կվաճառեմ աշխատանքներս արդեն ոչ օնլայն տարբերակով»,-ասում է աղջիկը։

Սովորելով Բրյուսովի պետական համալսարանում՝ միշտ առանձին ժամանակ է հատկացնում ձեռագործ աշխատանքներին։

Նրա խոսքով՝ այս պահին գործում է խաղալիքներ, կախազարդեր, ձեռնոցներ, ապագայում՝ նաև պայուսակներ։

Խոսում է առաջին պատվերի մասին. «Առաջին պատվերս եղել էր մեկ զույգ ձեռնոց, անչափ ուրախացել և ոգևորվել էի, քանի որ այդ ժամանակ ունեի շատ քիչ հետևորդներ և հույս անգամ չունեի, որ վաճառք կիրականացվի»:

«Իմ մոտիվացիան ինքս իմ առջև դրված նպատակներին հասնելն է , ձախողումներից չհուսահատվելն ու միայն առաջ շարժվելը»,-հավելեց Ագնեսան։

Զրյույցն ամփոփեցինք Ագնեսայի կողմից մի կարևոր նկատառումով. «Խորհուրդ կտամ նոր բիզնես սկսողներին չվախենալ և պատրաստ լինել ձախողումների, քանի որ դրանք են հաջողության բանալիները»:

Էլեն Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել