Երևանի օդի աղտոտվածության մակարդակը նորմայից բարձր է

Երևանի օդի աղտոտվածության մակարդակը նորմայից բարձր է

304

2023 թվականի առաջին երեք ամիսներին Կենտրոն վարչական շրջանի օդում փոշու խտությունը ընդամենը 3 օր է եղել նորմայի սահմաններում։

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի շաբաթական հաշվետվություններից։ 

Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկում գտնվող դիտակայանի տվյալներով՝  օդի պարունակության մեջ փոշին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է  գրեթե բոլոր օրերին։  Մարտի 6-ին, օրինակ, փոշու խտությունը թույլատրելիից ավելի քան 22 անգամ շատ է եղել։ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի կարծիքով՝ սա կապված է կանաչ տարածքների սակավության, շինարարության ծավալների մեծացման ու ծանրաբեռնված ավտոճանապարհների հետ։

«Վերջին 5 տարիներին ընդհանրապես աղտոտվածության մակարդակի աճման տենդենց կա։ Միայն 2020-2021թթ ենք նվազում ունեցել, քանի որ քովիդ համավարակով պայմանավորված իրավիճակը բավականին լավացել էր»,- նշում է Գայանե Շահնազարյանը։

Գերազանցումներ հիմնականում դիտվում են Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում, սակայն խնդիրը տեղային չէ։ Օրվա ընթացքում օդը շրջապտույտի մեջ է, խնդիրը շատ ավելի մեծ մասշտաբներ ունի։ 

«Չպետք է անտարբերության մատնենք։ Lուրջ չենք մոտենում: Հայաստանում տարածվող հիվանդությունները նաև այս իրավիճակի հետևանքն են։ Երևի պիտի ավելի ինտենսիվ բարձրաձայնենք, որ հանրությանը գիտակցությունը բարձրանա»,- ասում է Շահնազարյանը։

Նարե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել