Հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում անելիքները ահռելի են․ Սերյոժա Օհանջանյան

Հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում անելիքները ահռելի են․ Սերյոժա Օհանջանյան

289

Հարցազրույց «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանի հետ

-Կխնդրեմ ներկայացնել Ձեր աշխատանքային գործունեությունը Հայաստանում, հե՞շտ է աշխատել մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում։

-Արդեն 10 տարուց ավել է ղեկավարում եմ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և միանշանակ կարող եմ ասել, որ ընդհնարապես մարդու իրավուքների պաշտպանության առումով Հայաստանում շատ անելիքներ կան, իսկ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում՝ անելիքները ահռելի են։

-Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում առկա մարդու իրավունքների կարևորագույն խնդիրները:

-ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բազմաթիվ ազատություններից և իրավունքներից  հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում օգտվել։ Կրթության անմատչելիությունից, բնակավայր ընտրելու, ստանալու, ամենաէլեմենտար տեղաշարժվելու իրավունքից հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում օգտվել, քանի որ մեր երկրում ամենապարզ ընթացակարգերն անգամ սխալ են աշխատում։ Վերջերս հետազոտություն էի կարդում ընտրելու իրավունքի մասով, և հեղինակավոր միջազգային կառույցներն էլ են փաստում, որ հազարավոր հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են իրենց ընտրությունը կատարելու սահմանադրական իրավունքից, քանի որ չկան համապատասխան կարգավորումները և գործիքները, ինչու չէ, նաև պատկերացումը պետական մարմինների կողմից։

-Արդյոք խտրականացվում են հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում և ինչպե՞ս է այն դրսևորվում։

-ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանում կա, թե ինչ է հաշմանդամության հիմքով խտրականությունը։ Այն իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակումը, բացառումը, սահմանափակումը կամ նախապատվությունն է, որի նպատակը կամ արդյունքը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը (կամ) մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման կամ իրականացման արգելքը կամ ժխտումն է: Այս տեսանկյունից սկսած հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործելաոճից և ՏԻՄ կամ պետական մարմինների ընդունված որոշումներից վերջացրած հասարակական վերաբերմունքից, մենք ամեն օր կարող ենք հանդիպել խտրականության։ Օրինակ՝ հաշմանդամություն չունեցող անձը կարող է գնալ սրճարան, օգտվել բանկոմատներից, այցելել 5 հարկանի շենքում ապրող իր բարեկամներին, բիզնես կենտրոններ, հարկային, մաքսային և այլ հաստատություններ այցելել աշխատանքային նպատակներով և այլն, իսկ հենաշարժողական, տեսողության, մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող դրանք իրականացնել, ինչը խտրականություն է, քանի որ չկան ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության նվազագույն պայմանները:

-Որքանո՞վ են մատչելի կրթությունը, առողջապահությունը և զբաղվածության հնարավորությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանում, և ի՞նչ մարտահրավերների են հանդիպում նրանք այս ծառայություններից օգտվելու հարցում:

-Կրթական և առողջապահական ծառայություններն ստանալն ինքնին մարտահրավեր է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նախ դրանց համար պետական բյուջեի միջոցները պարբերաբար սպառվում են, հետո կա մատչելիության խնդիր, այսինքն՝ շենքերից սկսված մինչև բուժանձնակազմի վերաբերմունք գրեթե անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։

-Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության գործում:

-2021 թվականին ընդունվեց օրենք Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, ինչն առաջ քայլ էր, և սպասվում էր, որ ենթաօրենսդրական ակտերը, որոնք պետք է այսպես կոչված աշխատեցնեն այդ օրենքները, լինեն շատ սահուն և տրամաբանական։ Սակայն դեռևս առաջ քայլ այս առումով չենք տեսնում։ Անգամ Կառավարությունը որոշեց, որ մանակատան շրջանավարտներին, ովքեր չունեն հաշմանդամություն, տալիս է բնակարան ձեռք բերելու հավաստագիր, իսկ հաշմանդամություն ունեցող շրջանավարտներին դա չտրվեց։

-Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծելու համար։

-Մեր կազմակերպությունն ստեղծված է եղել պաշտպանելու Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաների և նրա ընտանիքների շահերը։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ մենք այնքան օրինապաշտ և քաղաքական կամք ունեցող կառավարություններ չունենք, որոնք կապահովեն իրենց իսկ կողմից սահմանված իրավունքների իրացումը և, կարելի է ասել, ստիպված, սկսեցինք իրականացնել նաև իրավունքների պաշտպանություն։ Այս պահին մենք ունենք գործող թեժ գիծ, իրավախորհդատու, իրավաբան, որոնք տալիս են պարզաբանումներ իրավունքների վերաբերյալ և միաժամանակ պատրաստ են հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքները պաշտպանել դատարանում:

-Կարո՞ղ եք կիսվել ձեր գործունեության ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հաջողված արշավի կամ նախաձեռնության օրինակով:

-Որքան էլ դժվար լինի աշխատել պետական մարմինների, շատ դեպքերում չհիմնավորված քաղաքականությունների շրջանակներում, բյուրոկրատական քաշքշուկների մեջ, այնուամենայնիվ ունենք արդյունավետ համագործակցության փորձ ևս։ Դրանցից կարող եմ նշել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների՝ անվասայլակների, կանգնակների, քայլակների, օրթեզների և այլ պարագաների ցանկերի ավելացման և դրանց տրամադրման գործընթացը ավելի բարելավելուն ուղղված մեր առաջարկությունների ընդունումը։

Ընդհանրապես, վերջին տարիներին շատ են մեր առաջարկությունները հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում օրենսդրության բարելավման առումով, որոնց մի մասն ընդունվում է։ Դրանցից են օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերում այնպիսի միջոցառումների ներառումը որոնք մեր կազմակերպությունը շատ կարևոր է համարել։

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին ուղղված շարժման ապագան, և ի՞նչ փոփոխություններ կուզենաք տեսնել առաջիկա տարիներին:

-Շատ կուզեի, որ ավելի լսելի դառնա հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը, քանի որ չկա ավելի լավ փորձագետ քան հենց խնդիրը կրողը՝ հաշմանդամություն ունեցող անձը տվյալ դեպքում։ Առաջիկայում կուզեի քննարկումները, քաղաքականության մշակումն ավելի մասնակցային լինեն, և իհարկե, մեր պետական մարմիններին կցանկանայի ավելի շատ քաղաքական կամք՝ խնդիրներին ողջամիտ և ադեկվատ մոտենալու և չքաղաքականացնելու որևէ քննադատություն իրենց վարած քաղաքականության մասին, հատկապես այս ոլորտում։

Հովիկ Վանյան

4-րդ կուրս

Կիսվել